▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ Առաքելական եկեղեցին կրոնական միակ կառույցն է, որին «Սորոսի հիմանդրամ»-ը երբևէ ֆինանսավորել է». Լարիսա Մինասյան

«Բաց հասարակության հիմանդրամներ»-ի դեմ իրականացվող քարոզչության նպատակը հանրային վստահությունը խարխլելն է։ Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Բաց հասարակության հիմանդրամներ»-ի/ՀՀ-ում Սորոսոի հիմնադրամի մասնաճյուղի/ գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը։

Նա պնդել է՝ հիմնադրամի մասին կեղծ տեղեկություններ են տարածվում եւ անդրադարձել է այդ տեղեկություններին․ «Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերից մի քանիսը ներկայացված են ստորեւ։

Սուտ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր ու հեղափոխություններ հրահրելով եւ Բաց հասարակության հիմնադրամները դերակատարություն են ունեցել դրանում:

Փաստ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից:

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղասիրության քարոզը:

Փաստ: Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղասիրության քարոզ չի ֆինանսավորել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որեւէ նախաձեռնություն երբեւէ չի ֆինանսավորել:

Սուտ: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանին եւ պետական պաշտոն զբաղեցնող մի շարք այլ անձանց:

Փաստ: Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհներ տրամադրել, որտեղ մինչ պետական պաշտոն զբաղեցնելն աշխատել են նշված անձինք:

Սուտ: Հիմնադրամը կապ ունի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հետ:

Փաստ: Հիմնադրամը երբեւէ որեւէ կապ չի ունեցել եւ չունի «Սասնա ծռեր» կուսակցության հետ, չի աջակցել եւ չի աջակցում որեւէ կուսակցության:

Սուտ: Հիմնադրամն աջակցում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը:

Փաստ: Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի եւ դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբեւէ ֆինանսավորել է: Մասնավորապես, դեռեւս 2010-11 թթ-ին ՀԱԵ Արմավիրի թեմը հիմնադրամից 50,000 դոլար դրամաշնորհ է ստացել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի հրապարակումը, «Մել» ֆիլմը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, «Բռնության ձայնը» անանուն նամակների հրապարակումը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը:

Փաստ: Հիմնադրամն աջակցում է մեր երկրում ամենաբարդ ու խնդրահարույց հարցերի բաց ու հանրային քննարկմանը, բայց չի ֆինանսավորել այդ նախաձեռնություններից որեւէ մեկը:

Սուտ: Ջորջ Սորոսը եւ Հիմնադրամը քարոզում են աբորտները:

Փաստ: Հիմնադրամը պայքարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ: Միեւնույն ժամանակ Հիմնադրամն աջակցում է կանանց՝ առողջության պահպանման համապարփակ եւ անվտանգ ծառայություններ ստանալու իրավունքը, որ իրացնում են կամավոր եւ ինքնուրույն:

Սուտ: Հիմնադրամը խրախուսում է «տրանսգենդեր մարմնավաճառների քարոզը»:
Փաստ: Սա բացարձակ սուտ է: Հիմնադրամի կողմից երբեւէ նման քարոզ չի իրականացվել:

Սուտ: Հիմնադրամն իրականացնում է մարդասպանների, ահաբեկիչների հերոսացման քարոզ:

Փաստ: Հիմնադրամը երբեւէ նման քարոզ չի իրականացրել: Հիմնադրամը պայքարել եւ պաշտպանել է արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքը»:

Անդրադառնալով կապանում վարչապետի ասուլիսին սորոսականների մասին հարցին, Մինասյանն  ասել է․

«Ես շատ բարձր գնահատեցի, որ վարչապետը ներկայացրեց, թե ում կողմից եւ ինչ նպատակով է այս արշավը սկսված։ Դրա նպատակը հանրային վստահությունը խարխլելն է, իսկ թե ով է դա անում եւ ինչու է դա անում, շատ հստակ հնչեց։ «Բաց հասարակության հիմանդրամներ»-ի լեգիտիմությունը նրանում չէ, որ մենք գործել ենք նախորդ կոռումպացված ռեժիմի օրոք, մեր լեգիտիմությունը նրանում է, ինչ մենք անում ենք, եւ անում ենք թափանցիկ, բաց եւ հաշվետու ձեւով։

Ինչ-որ տեղ համաձայն եմ վարչապետի հետ, որ նախորդ ռեժիմի կողմից մեզ չփակելու պատճառը բավականին նենգ էր, որովհետեւ նմանատիպ ռեժիմները շատ ավելի ազնիվ գտնվելով իրենց երկրներում փակել էին հիմնադրամը՝ Բելառուսը, Թուրքիան, Ադրբեջանը։ Նախկին իշխանությունը շատ ավելի հմուտ էր գտնվել, մի փոքր խումբ ՀԿ-ների պահում էր, ամենախիստ խոսող, ամենահիմնավոր քննադատող կազմակերպություններին պահում էր մարգինալացված վիճակում, ցույց տալու համար, թե ով է ասում չկան, մենք հո Ադրբեջան չենք»։

Պատասխանելով հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունեցել է, ինչպես պնդում էր Նարեկ Մալյանը, Մինասյանն ասել է․

«Ես հեռախոսային կամ առերես զրույց չեմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, այդպիսի խոսակցություն չի եղել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին