ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ելույթ ունեցավ՝ շնորհավորելով հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը՝ Անկախության տոնի կապակցությամբ:
Ողջունելով ներկաներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այսօր սեպտեմբերի 21-ն է, ՀՀ անկախության տոնը, Հայաստանի գլխավոր տոներից մեկը:
28 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ ՀՀ անկախության հանրաքվեն եւ մարդկանց 98 տոկոսը քվեարկեց անկախության օգտին: Դա մի գործընթաց էր, որի ավարտին մեր ժողովուրդը Հայաստանի հանրապետությունում եւ Արցախում բարձրաձայնեց միասնական եւ հզոր լինելու իր կամքը:
1990 թվականի օգոստոսի 3-ին ընդունվել էր Հայաստանի անկախության հռչակագիրը: Այսպիսով հայ ժողովուրդը դե յուրե սկսել էր շարժվել դեպի անկախություն: Մեր ժողովուրդը, Հայստանի Հանրապետությունն ու Արցախը շուտով պետք է կանգնեին մեծ փորձության առաջ:
Հայ ժողովրդի միասնության ու կամքի շնորհիվ ազատագրական պայքարում մեր հայրենիքը հաղթանակ տոնեց, ազատամարտիկները պատվով կատարեցին իրենց առաքելությունը եւ թույլ չտվեցին, որ հայրենի հողը ոտնակոխ լինի: Այնուհետ սկսեց պետականաշինության շատ ավելի բարդ գործընթաց: Եղան տնտեսական դժվարություններ, եղավ տխուր ընթացք եւ եկավ մի ժամանակ, երբ մամուլում գրեթե ամեն օր հարց էր հնչում, թե ինչպիսին կլինեին արդյունքները, եթե անկախացումից 15-20 տարի առաջ տեղի ունենար անկախության հանրաքվե:
Ես համոզված եմ, որ երբ էլ լիներ, հայ ժողովուրդը այո կասեր անկախությանը:
Ես համարում եմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե: Հարյուր հազարավոր այն քաղաքացիները, որոնք դուրս եկան հայրենիքում ու սփյուռքում պայքարի, նույնքան վճռականությամբ այո ասեցին անկախությանը: Հայ ժողովուրդը 27, 28 տարվա ընթացքում ոչ միայն չի կորցրել ինքնիշխանություն եւ ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլ դարձել է ավելի ուժեղ եւ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա:
Այսօր սպտեմբերի 21-ն է, 28 տարվա սեպտեմբերի 21, մենք այսօր այստեղ կանգնած ասում ենք, որ հայ ժողովուրդը այս մոլորակի վրա գոյություն է ունենալու հավիտյան: Մեր ժողովուրդն ունի բավարար ուժ, գիտելիք, տաղանդ ու վճռականություն՝ իր ուսերին տանելու համար անկախության պետականությունը եւ կարող է ապրել որպես ազատ երկրի անկախ քաղաքացի: Եվ ուրեմն, կեցցե հայ ժողովուրդը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ եւ երջանիկ երկրում: Կեցցեն մեր ծոռների ծոռները, որ ապրելու են հզոր եւ անկոտրում Հայաստանում»:
Դիտեք նաև՝ Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին