Գյումրիի Սև Բերդում Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում անցկացվել է «Մեր ժամանակի հերոսը» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը։ Մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։ Վարչապետի կողմից բարձր գնահատականի արժանանալով` նրանք պետք է նաև օրինակ լինեն մյուսների համար։
Վարչապետի սահմանած մրցանակը խորհրդանշական գրություն ունի. «Այդ մեկ մարդը դու ես»։ Իսկ մրցանակը հայելապատ է, այն խորհրդով, որ դրանում յուրաքանչյուրը կարողանա տեսնել իրեն ու փորձել դառնալ մեր ժամանակի հերոսներից մեկը։
Գյումրիի Սև բերդում անցկացվող միջոցառման ընթացքում մրցանակներն օրվա հերոսներին հանձնեցին Հայաստանի ճանաչված գործիչները։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, մրցանակը հանձնելուց առաջ ասաց. «Ես շատ կուզեի, որ այս պարզ, բայց հերոսական կյանքով ապրող մարդկանց մեջ մշտապես վառված լինի հավատն ապագայի հանդեպ, նախաձեռնողականությունն ու աշխատասիրությունը»։
Տիգրան Մանսուրյանը մրցանակը հանձնեց Ռուբեն Գևորգյանին, ով հայկական ավանդական կավագործությունը վերածել է ոչ միայն սիրված զբաղմունքի, այլև բիզնեսի` խոստովանելով, որ այդ ճանապարհին տեսել է բազում դժվարություններ` «ծակ կոշիկ, մաշված շալվար»։ «Բայց շարժիչը, որն արդեն թափ է հավաքել, հնարավոր չէ կանգնեցնել»,– նշեց մրցանակակիրը։
Երկրորդ մրցանակը հանձնելու պատիվը վերապահվեց ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։ Մրցանակակիրը դեղագետ Աստղիկ Գալստյանն է, ով հայկական խոտաբույսերից թեյի արտադրություն է հիմել, որն արդեն ճանաչելի է նաև ՀՀ սահմաններից դուրս։
Երիտասարդ գործարար կինը հուզմունքով ընդունեց մրցանակը` շնորհակալություն հայտնելով իր գործունեությունը նկատելու ու գնահատելու համար։
«Մեր ժամանակի հերոսների» թվում են նաև քարերի մշակման արտադրություն հիմնած Արտակ Բոժիկյանը, պանրի արտադրություն հիմնած Արման Միքայելյանը, խառատագործ Լյուդվիգ Միքայելյանը, հանրային սննդի բիզնեսում հաջողությունների հասած Վարդա Ավետիսյանը, ջերմոցային արտադրություն հիմնած Արտակ Ղարանցյանը, որը նշեց, որ սա ոչ միայն իր, այլև իր երեք երեխաների մրցանակն է, ովքեր բակային խաղերի ու համակարգչի փոխարեն ընտրել են հայրիկի նախաձեռնած գործին աջակցելու առաքելությունը։
Մեր ժամանակների 8-րդ հերոսին` Արփինե Բարսեղյանին, մրցանակը հանձնեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Արփինեն հայկական խոտաբույսերից անուշահոտ յուղեր է ստեղծում ու իր հոբբին վերածել է բիզնեսի։
9–րդ մրցականը կարի արտադրամաս բացած Լենա Երանոսյանին հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ 10-րդ մրցանակակիր, հայկական արտադրության խելացի դրամապանակի հեղինակ Ազատ Թովմասյանն իր պարգևն ընդունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ձեռքից։
11-րդ մրցանակը Հայաստանում բիովառելիքի արտադրություն հիմնած Ստեփան Ավագյանին հանձնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որն իր ելույթում հայտնեց, որ մրցանակակիրներին հրավիրելու է Արցախ։
«Ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունը` այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար»,– ասաց Բակո Սահակյանը։
Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար` Ստեփան Ավագյանը կարևորեց, որ Հայաստանը չունենաով բնական վառելիք, կարող է ստեղծել բիովառելիք։
«Ինձ համար ամենակարևոր խնդիրն այն է, որ բիովառելիքով հնարավոր է ապահովել ռազմական տեխնիկան»,– ասաց Ավագյանը` կոչ անելով երիտասարդներին երբեք չհիասթափվել։ «Ամենամեծ ռիսկը կյանքում ռիսկի չգնալն է»,– ասաց Ստեփան Ավագյանը։
12-րդ մրցանակը փայտագործ–վարպետ Սամվել Գասպարյանին հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին մրցանակաբաշխության գեղեցիկ գաղափարի համար։
«Նրանք մեզ հետ կիսվում էին իրենց մտքերով։ Տեսանք, որ տարբեր մարդիկ են, բայց նրանցից յուրաքանչյուրն իր գործի վարպետն է ու շատ խորը անձնավորություն։ Ես ուրախ էի տեսնել, որ նրանց մեջ կան նաև հայրենադարձներ»,– ասաց նախագահը` կոչ անելով բոլոր հայերին վերադառնալ Հայրենիք։ «Ժամանակն է տուն գալու»,– ասաց նա։
Արմեն Սարգսյանը շնորհավորեց ոչ միայն մրցանակակիրներին, այլև նրանց, ովքեր այսօր մրցանակի չեն արժանացել։ Նախագահը կոչ արեց չհիասթափվել ու չկորցնել հույսը` հաջորդ տարի «Մեր ժամանակի հերոս» հռչակվելու։
13-րդ` վերջին, բայց գլխավոր մրցանակը «հերոսին» հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօրվա մրցանակաբաշխությունը Հայաստանի ու հայ ժողովրդի մասին է։ Մենք այսօր հարգանքի ու մեծարանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի տաղանդին, նրա ստեղծարար հզորությանը, սեփական ուժերին հավատալու նրա կարողությանը»,– իր ելույթում ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանում մշտապես եղել է այն հարցը, թե ո՞վ է հերոսը, ո՞վ է այն կերպարը, որին պետք է մեծարել։
«Այս հարցը սովորաբար մի պատասխան չի ունենում։ Աներկբա է, որ առաջին ու ամենամեծ հերոսները մեր այն զինվորներն են, ովքեր կանգնած են սահմանին, մեր սպաները, մեր գեներալները,– ասաց վարչապետը,– աներկբա է, որ մեր ու բոլոր ժամանակների հերոսներ են մեր ժողովրդի արվեստն ու մշակույթը ստեղծած մարդիկ, մեր գիտնականները, մեր բազմաթիվ գիտնականները։ Բայց նոր Հայաստանի հերոսի կերպարն ամբողջացնելու համար հարկավոր էր մեր հերոսական համայնապատկերին ևս մեկ շտրիխ ավելացնել` աշխատող ու արարող մարդու կերպարը»։
Դրանք, ըստ նրա, այն մարդիկ են, ովքեր ունեն աշխատելու ու նախաձեռնելու խիզախություն, ովքեր չեն վախենում իրենց ձեռքը վերցնել իրենց ու հայրենիքի ճակատագրի ղեկը, ովքեր չեն սպասում, որ որևէ մեկից որևէ բան ստանալ։
Օրվա գլխավոր մրցանակը հանձնելուց ու հերոսի անունը հրապարակելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գլխավոր մրցանակին է արժանացել մի մարդ, որը չի երկմտել Երևան տեղափոխվել Գյումրի, ով, լինելով ընտանիքի մայր, չի սպասել աջակցության ու չի կասկածել իր ուժերին` ստեղծելով սեփական ձեռնարկությունը։
«Այս մրցանակը խորհրդանշում է մեր ժողովրդի, մեր ազգի ստեղծարար, հավաքական կերպարը։ Եվ այդ մրցանակակրի անունն է Ռիտա Մարտիրոսյան»,– հայտարարեց Փաշինյանը` առաջին մրցանակը հանձնելով հայկական թեյերի արտադրությամբ զբաղվող գործարար տիկնոջը։
Միջոցառման երաժշտական ուղեկցումն ապահովեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Համերգային ծրագրում գերիշխում էին միջոցառմանը մասնակցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հանրահայտ ստեղծագործությունները։