▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայ ռազմագերիների մայրերի նամակը Մերկելին՝ հանձնեցի գերմանական նախագահությանը

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Գերմանիային և ԵԽ Նախարարների կոմիտեում հայ ռազմագերիների հարցի քննարկման պատասխանատու երկրներից մեկը Գերմանիան է:

Եվրոպական դատարանը Նախարարների կոմիտեին է ուղարկել բողոք, ըստ որի Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրական թվի եւ վիճակի մասին տեղեկատվություն:

Այսօր Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում հանդիպել եմ գերմանական նախագահության անդամների հետ և քննարկել եմ հայ ռազմագերիների խնդիրը. գերմանական նախագահությանն եմ փոխանցել թե՛ Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հաստատված, թե՛ ենթադրյալ ռազմագերիների ցուցակները, որոնց թիվը մոտ երեք հարյուր է:

Ինչպես նաև գերմանական նախագահությանն եմ փոխանցել բազմաթիվ վիդեոսյուժեներ, նյութեր, որոնք հստակ արձանագրում են հայ զինվորների և քաղաքացիական անձանց գերեվարությունը, արձանագրում են հայ ռազմագերիների հանդեպ դաժան վերաբերմունքը:

Քննարկման ընթացքում ինձ հարց է ուղղվել, թե ինչո՞ւ հայկական կողմն Ադրբեջանին չի փոխանցում ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան նշել եմ, որ Ադրբեջանը երբևէ պաշտոնապես չի դիմել Հայաստանին քարտեզների հետ կապված՝ դա մեկ, և երկրորդ՝ ականապատված տարածքների քարտեզները որևէ կապ չունեն ռազմագերիների խնդրի հետ և այս երկու հարցերը միմյանցով պայմանավորելը Ադրբեջանի հերթական մանիպուլյացիան է:

Եվ, քանի որ Ստրասբուրգ մեկնելուց հայ ռազմագերիների մայրերն ինձ փոխանցել էին իրենց ստորագրությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված նամակը, ես այդ նամակը փոխանցել եմ գերմանական նախագահությանը՝ Մերկելին փոխանցելու համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին