▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-թուրքական էպոպեան ուղարկվեց «գրողի ծոցը».«Ժողովուրդ»

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը մի քանի կարեւոր ուղերձներ էր պարունակում, որոնցից ամենանշանակալին, թերեւս, վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին: Անդրադառնալով իր իսկ կողմից նախաձեռված հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները Թուրքիայի կողմից չվավերացնելու փաստին եւ ի սկզբանե առանց նախապայմանների հայտարարված այս գործընթացում Արցախի հարցը  որպես պարտադիր պայման առաջադրելու` Թուրքիայի անթաքույց ուլտիմատումներին, Սերժ Սարգսյանը  դիվանագիտական հնարքով, ըստ էության, թուրքերին տվեց հայ ժողովրդի պատասխանը. «Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին  պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարեք մեզնից»: Այս բավականին կոպիտ, սակայն միանգամայն տեղին, ու, թերեւս, ուշացած պատասխանով Սերժ Սարգսյանը նաեւ ի ցույց դրեց իր խաբվածության եւ հիասթափության աստիճանը` հավելելով. «Այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:

Այսպիսով` հոկտեմբերի 10-ի` արձանագրությունների ցյուրիխյան ստորագրման հինգերորդ տարելիցի նախօրեին (այն, որ դա տարելից է, եւ ոչ թե տարեդարձ, կարծես թե արդեն  գիտակցում է նաեւ ինքը` Սերժ Սարգսյանը), փաստորեն, Սերժ Սարգսյանը մի վերջին անգամ փորձ է անում սթափեցնել Թուրքիային` տալով նրան, կամ գուցե նաեւ` իրեն, վերջին շանսը: Թեեւ`  գրեթե համոզված կարելի է ասել, որ դա որեւէ ազդեցություն չի ունենա,  եւ հաջորդ քայլով  ՀՀ նախագահն արդեն պարտավոր կլինի   ոչ միայն հետ կանչել այդ արձանագրությունները ՀՀ Աժ-ից, այլեւ` հետ վերցնել պաշտոնական Երեւանի ստորագրությունն այդ արձանագրությունների տակից:

Նկատենք, որ սա Դաշնակցության` տարիներ ի վեր հնչեցրած պահանջն է ՀՀ իշխանություններից, եւ, թերեւս, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը արձանագրությունները հետ կանչելու հայտարարությունն անում է ՀՀԿ-ՀՅԴ հարաբերությունների վերջին ջերմացման ֆոնին:

Ամեն դեպքում` այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հայ-թուրքական էպոպեան այլեւս ուղարկված է  «գրողի ծոցը»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին