▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայացք Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հեռագրերի միջոցով. WikiLeaks

Նանուր Բարսումյանի «Հայաստանի հիբրիդային քաղաքական գործիչը. հայացք Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ԱՄՆ դեսպանատան հեռագրերի միջոցով» վերլուծականը, որը տպագրվել է The Armenian Weekly պարբերականում ս/թ մարտի 21-ին:

Հայաստանի հիբրիդային քաղաքական գործիչը. հայացք Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ԱՄՆ դեսպանատան հեռագրերի միջոցով

WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված՝ ԱՄՆ դեսպանատան հեռագրերն անգնահատելի տեղեկատվություն եւ պատկերացում են տալիս առ այն, թե ինչպես են ամերիկյան դիվանագետները գնահատում Հայաստանի քաղաքականության  ներքին խոհանոցն ընդհանուր առմամբ եւ հիմնական խաղացողներին, ինչպիսին Րաֆֆի Հովհաննիսյանն է, մասնավորապես: Դեսպանատան պաշտոնյաները, երկրի ամենօրյա քաղաքականությունը ներընկալելուն զուգահեռ, բազմիցս բարձրաձայնել են իրենց համաձայնությունը երկրի քաղաքական լանդշաֆտի վերաբերյալ Հովհաննիսյանի գնահատականին: Նրանք շատ անգամ դիտարկել են նրան՝ խորհրդարանում հաճախ միակ ընդդիմադիր խմբակցության առաջնորդին, իբրեւ տարբերվող խառնվածք ունեցող քաղաքական գործչի, ով բացառություն էր «ընդդիմադիր» քաղաքական գործիչների շրջանում: Այնուհանդերձ, ընդհանուր առմամբ բացասաբար էին վերաբերվում նրա արտաքին քաղաքական տեսակետներին՝ այդ ամենը վերագրելով վերջինիս սփյուռքյան  արմատներին:

Հովհաննիսյանն Արեւմուտքի արգասիքն է այն առումով, որ ժողովրդավարական բարեփոխումներին միտված վերջինիս քաղաքականությունը ձգտում է ստեղծել օրենքի գերակայությամբ կառավարվող Հայաստան՝ օտարված «ռուսակենտրոն» արտաքին քաղաքականությունից: Հեռագրերը բացահայտում են, որ Հովհաննիսյանը բազմիցս հորդորել է ամերիկյան դիվանագետներին հավասարակշռելու իրենց աշխարհաքաղաքական նպատակները եւ աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին: Եվ, այսպիսով, Հովհաննիսյանը 2005թ. միավորեց ուժերը ընդդիմադիր երկու այլ գործիչների՝ Արամ Սարգսյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ ստեղծելու «արեւմտամետ» միություն, որը կփոխարիներ Ռոբերտ Քոչարյանի կառավարությանը: Այդ ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը Վաշինգթոնին տեղեկացրեց այս զարգացումների մասին հետեւյալ ենթավերնագիրը կրող հեռագրի միջոցով. «Երեք (որոշ չափով) մեծ ձկներ միավորեցին ուժերը»: Էվանսը գրում է, որ դաշինքը կարող է լինել կենսունակ, եթե ճիշտ կառավարվի, թեպետ կասկածում էր, որ այն կարող է իրական վտանգ ներկայացնել Քոչարյանի վարչակարգի համար: Ի հավելումն՝ էվանսը նշում է. «Հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ դաշինքներ ձեւավորելու, ապա կազմալուծելու հետագիծը, դեռ պետք է տեսնել՝ արդյոք նա կդառնա նոր դաշինքի «դիմագիծը»: Հավանաբար, Հովհաննիսյանի այս քայլով է պայմանավորված ոմանց, այդ թվում իշխող Հանրապետական կուսակցության անդամների կասկածները, թե  Հովհաննիսյանը կարող է լինել Արեւմուտքի գործակալ: ՀՀ-ում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժոզեֆ Փենինգթոնն իր հեռագրերից մեկում գրում է, որ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը «կիսեց իր (բացարձակ սխալ) համոզմունքն առ այն, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ԱՄՆ-ի նախկին քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական հրահանգներ է ստանում ԱՄՆ-ի կառավարության կողմից»: Սրանից հետո դեռ մեկ տարի դեռ չանցած՝ Էվանսը գրում է «թուլացած» եւ «բարոյալքված» ընդդիմության մասին:

Հետապնդում եւ ներառում սեւ ցուցակի մեջ

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պայքարելով իր ջահը տեսանելի դարձնել տարակարծությունը խեղդող քաղաքական միջավայրում, դժվար խնդիր ունի իր առջեւ: 2006թ. «Ժառանգություն» կուսակցության պաշտոնյաները տեղեկացրին ԱՄՆ դեսպանատանը, որ կուսակցությունը ենթարկվում է հետապնդման: 2006թ. օգոստոսի 8-ով թվագրված գաղտնի հեռագրի մեջ Էվանսն ասում է, որ իր գրասենյակը չի բացառում, որ ընդդիմադիր կուսակցությունների վրա գրոհների հետեւում կանգնած է նախագահ Քոչարյանը: Շարունակելով՝ դեսպանը վկայաբերում է «Ժառանգություն» կուսակցության անդամների պնդումը, թե հալածանքը սկսվեց այն բանից հետո, երբ 2005թ. նոյեմբերին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հովհաննիսյանը հրապարակավ խիստ քննադատության ենթարկեց Քոչարյանին: Անդրադառնալով Հովհաննիսյանի կողմից Քոչարյանին ուղղված նամակին, որը ներառում էր 21 «կետից» բաղկացած հարցաշար, Էվանսը գրում է. «Հովհաննիսյանը քաջալերվել էր 2006թ. մայիսին «Գելլափի» անցկացրած հարցումների անսպասելի արդյունքներով... նա Հայաստանի ամենահանրաճանաչ քաղաքական գործիչն էր՝ 74 տոկոս դրական վարկանիշով»:

Մեկ այլ հեռագրի մեջ Էվանսը՝ հիմնվելով լրատվական դաշտի ներկայացուցիչների լուրերի վրա, հաղորդում է, թե ինչպես է նախագահի գրասենյակը շրջանառության մեջ դրել քաղաքական գործիչների սեւ ցուցակ, որում նաեւ Հովհաննիսյանն էր ընդգրկված, ովքեր չեն կարող հանդես գալ հեռուստատեսությամբ: ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին հաջորդող հեռագրով հաստատում է այս պնդումը եւ մտահոգություն հայտնում 2007թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդարության վերաբերյալ: Մինչեւ 2007թ. մարտ ամիսը՝  նշված ընտրություններին ընդառաջ, ըստ Գոդֆրիի, իրավիճակը բարելավվում է, եւ ընդդիմադիր գործիչները, ինչպիսին Հովհաննիսյանն է, սկսում են  հանդես գալ հեռուստատեսային հարցազրույցներում:

 

2007թ. ընտրությունները

 

2007թ. մայիսի 4-ի թվակիր հեռագրի մեջ Գոդֆրին գրում է, որ այս անգամ եւս Րաֆֆի Հովհաննիսյանը վայելում է «բարձր վարկանիշ»՝ համաձայն ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող հարցման արդյունքների, որն առնչվում էր 2007թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Գոդֆրին, այնուամենայնիվ, կասկածում է Հովհաննիսյանի՝ ընտրվելու հավանականությանը: «[Նա] հայ ընտրողի կողմից կարող է դիտվել իբրեւ չափազանց «լավ մարդ»՝ հավատալու համար, որ կարող է հաջողություն ունենալ քաղաքականության՝ շնաձկներով լի ջրերում»,- գրում է Գոդֆրին՝ հավելելով. «[Նա] չունի նաեւ գրեթե ոչ մի կազմակերպական հենք կամ առաջադրման հիմնական ընտրատարածք, թեպետ նրա՝ ամերիկյան ոճի քարոզարշավի միջոցները նույնքան պրոֆեսիոնալ են, որքան այս մրցավազքում մյուսներինը»: Մեկ այլ հեռագրի մեջ Գոդֆրին ընդգծում է իշխանությունների կողմից Հովհաննիսյանի աջակիցներին վախեցնելու նպատակով իրականացված ահաբեկման դեպքերը, որոնց մասին վկայակոչում են ԵԱՀԿ դիտորդները:

Չնայած հավաքած միայն վեց տոկոս ձայներին եւ խորհրդարանում յոթ մանդատ ստանալու հանգամանքին՝ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Վ. Փերինան կարծում էր, որ Հովհաննիսյանի քարոզարշավը հաջողվել է: Միայն նրա հեռագրի վերնագիրն արդեն դրա վկայությունն էր. «Սոցիոլոգիական հետազոտությունը ցույց տվեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 12-ի ընտրությունների հիմնական հաղթանակողն է»: Փերինան հղում է անում ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող հարցմանը, ըստ որի՝ «Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ճանաչման  եւ ժողովրդականության ամենամեծ աճն են արձանագրել... Ոչ մի կուսակցություն այդքան չի մոտեցել աճի նմանօրինակ շեմի թե ճանաչման, թե հավանության առումներով», - գրում է Փերինան: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ «Ժառանգություն» կուսակցությունն ունի ամենացածր բացասական վարկանիշը երկրում՝ 29 տոկոս»: Առավել հետաքրքրական է այն, որ համաձայն հարցման՝ եթե այդ ժամանակ տեղի ունենային նախագահական ընտրություններ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ Հովհաննիսյանի մասնակցությամբ, ապա նրանք երկուսով դուրս կմղեին այլ թեկնածուներին: Ավելին՝ հարցվածների ընդհանուր թվում ամենամեծ բաժինը կազմում են Հովհաննիսյանի ընտրողները՝ 36 տոկոս, Սարգսյանի ստացած 30 տոկոսի դիմաց: Փերինան կարծում էր, որ Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը «փայլուն» էր այն առումով, որ նրան հաջողվեց բարձր վարկանիշը վերածել ձայների, եւ որ նրա կուսակցությունն «արդարացրեց իրեն», ինչը նշանակում է, որ ավելի շատ ընտրողներ կաջակցեն նրան ապագայում:

 

Տարբերվելով մյուսներից

 

2007թ. օգոստոսի 24-ով թվագրված հաջորդ հեռագրով Փերինան հաղորդում է, որ Հովհաննիսյանը փոխել է իր քարոզարշավի մարտավարությունը 15-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օգոստոսի 26-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ: Ամերիկյան ոճով բազմագույն հանրակառքով շրջելու փոխարեն Հովհաննիսյանն այժմ է իր քարոզարշավն իրականացնում դռնեդուռ: «[Նա] դաշտում զրուցում է ագարակատերերի հետ եւ օգնում կանանց ջրհորներից ջուր տանել», - գրում է Փերինան: «Հովհաննիսյանը մտել է ընտրական մրցավազքի մեջ՝ ավելացնելու իր եւ իր կուսակցության աճող ժողովրդականությունը եւ իր խոսքով քայլ առ քայլ, օրեցօր ետ պահանջելու գողացված ձայները: Հետաքրքիր կլինի տեսնել՝ արդյո՞ք Հայաստանի այս փոքր լճացած գյուղական համայնք իր ազգային հետեւորդությունը բերելու՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահի ռազմավարությունը կօգնի խթանել նրա նախագահական հավակնությունները», - ասում է Փերինան:

Հայաստանի «ավանդական» ընդդիմադիր գործիչների «ձախողումները» Փերինան վերագրում է «հանրության սերուցքին մոբիլիզացնելու»՝ նրանց ցանկությանը: Ամերիկացի դիվանագետը տեսնում է մեկ բացառություն. «Թվում է՝ Հայաստանում կա միայն մեկ քաղաքական գործիչ, ով կարողանում է հասկանալ ժողովրդի հետ անմիջական շփումների կարեւորությունը, եւ այդ քաղաքական գործիչն ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանն է, որը, մեր կարծիքով, [2007թ. խորհրդարանական] ընտրությունների ժամանակ հստակորեն ընտրվել է ժողովրդի կողմից»: Դիվանագետի կարծիքով՝ ընդդիմությանն առաջնորդելու գործում Հովհաննիսյանը ՀՀ նախկին նախագահ  Լեւոն Տեր-Պետրոսյանի «ամենահավանական մրցակիցն է»: «Թվում է, որ այժմ Հովհաննիսյանը Հայաստանի  նախագահական ընտրապայքարի  ամենամեծ «X» գործոնն է: Եթե նա կարողանա առաջադրվել նախագահական ընտրություններում, ապա կարող է հաղթելու  իրական հնարավորություն ունենալ»,-  գրում է Փերինան: Սակայն թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Քոչարյանը քաղաքացիություն չշնորհեցին Հովհաննիսյանին, եւ վերջինս քաղաքացի դարձավ միայն 2001թ., երբ Քոչարյանը տեղի տվեց: Նախագահի թեկնածու առաջադրվելու համար պահանջվում է ունենալ առնվազն տասը տարվա քաղաքացիություն, եւ Հովհաննիսյանը չէր կարող երկրի բարձրագույն պաշտոնի համար առաջադրվել մինչեւ 2011թ.:

Հովհաննիսյանը ոչ ավանդական մոտեցմամբ էր կառուցում իր աջակցության հենքը եւ շփվում օտարերկրյա դիվանագետների հետ՝ գծեր, որոնք նրան հաճախ տարբերում էին իր քաղաքական մրցակիցներից: Փերինան՝ մեկ այլ հեռագրում հաղորդելով Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի  տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի եւ Հայաստանի ընդդիմադիր  քաղաքական գործիչների միջև 2007թ. օգոստոսին տեղի ունեցած հանդիպումների մասին, մանրամասնորեն անդրադարձել է Բրայզա-Հովհաննիսյան հանդիպմանը`

  նշելով, որ Հայաստանի ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանը շատ է տարբերվում մյուսներից: «Ի տարբերություն ընդդիմադիր շատ գործիչների, որոնք հանդիպել են ամերիկացի պաշտոնյաների հետ, Հովհաննիսյանը ցանկանում է արծարծել ոչ միայն իր կուսակցության քաղաքականությունը, այլեւ  երկրի  արտաքին քաղաքականությանն առնչվող  հարցերի լայն շրջանակ: Նա  անդրադարձավ Թուրքիային... ու մեկնաբանեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում հաջողության հասնելու ամենակարեւոր բաղադրիչն անառարկելի ժողովրդավարական լեգիտիմությամբ օժտված նախագահ ու կառավարություն ունենալն է,  ինչը, նրա խոսքով, Հայաստանի որեւէ կառավարություն չի ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման առաջին տարիներից  ի վեր: Նա կարծում է, որ իրական հանրային լեգիտիմությունը հայաստանցի առաջնորդներին կտա շատ ավելի մեծ  հեղինակություն՝ կոշտ  հարցերի առնչությամբ իրենց դիրքորոշումը  հայտնելու, այդ թվում՝  Ռուսաստանից ավելի անկախ դիրքորոշում ունենալու համար: Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իրապես ուղղվի դեպի Եվրաատլանտյան միություն եւ կոտրի  հայ-ռուսական հարաբերությունների «ուղղահայացը»: Նա կարծում է, որ Ռուսաստանին արդեն իսկ տրվել է չափից շատ հայկական գույք, եւ սա առաջիկա տարիներին մեծ բեռ է դառնալու ապագա կառավարությունների համար»,- նշում է Փերինան:

 

Րաֆֆին՝ «անօգնական» 

 Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ բոլոր քաղաքական քայլերն են գոհունակությամբ ընդունվում ԱՄՆ դիվանագետների կողմից: Ըստ էության, հաճախ կամ այն ժամանակ, երբ Հովհաննիսյանն անդրադառնում է արտաքին քաղաքականությանը, նրա մոտեցումները, կարծես, հակադրվում են ԱՄՆ-ի կամ Արեւմուտքի կողմից աջակցվող նպատակներին: Օրինակ՝ Հովհաննիսյանը խորհրդարան ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագիծ: «Քիչ հավանական է, որ այս նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի  կամ կստորագրվի նախագահի կողմից, բայց այն նպաստում է հմուտ քաղաքականության իրականացմանը: Այս հանրահաճո քայլը կստիպի կառավարությանը եւ կառավարող կուսակցությանը հետաձգել տվյալ նախաձեռնության քննարկումը, որը մեծ ճանաչում կվայելի միջին հայաստանցիների շրջանում, եթե ուժի մեջ մտնի», - գրում է Փերինան՝ հավելելով. «Իհարկե, այս քայլը ծայրահեղ անօգուտ կլինի Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների եւ հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի գործադրման դիտանկյունից»:

Երբ Թուրքիան եւ Ռուսաստանը սկսեցին փորձեր ձեռնարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ, այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն ուղարկում է հեռագիր՝ թվագրված 2008թ. նոյեմբերի 17-ով, որտեղ ընդհանուր գծերով ներկայացնում է Հայաստանի պաշտոնական եւ հանրային ընկալումները: Դեսպանն իր նամակում ուշադրության է հրավիրում Հովհաննիսյանի դիրքորոշման վրա. «[Նա] ընդգծեց, որ «ցեղասպանության» ճանաչումը գլխավոր առաջնահերթություն է եւ ակնարկեց այլ միջավայրերում եւս արծարծվող մի տեսակետ, համաձայն որի՝ Հայաստանը չպետք է վճռական քայլերի դիմի Թուրքիային կամ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերում մինչեւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի իշխանության գալը»: Հովհաննիսյանն այլ գործիչների հետ մեկտեղ հույս ունի, որ Օբամայի վարչակազմը «կբացի նոր դարաշրջան» ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում՝ սկսած Հայոց ցեղասպանության ճանաչումից, վերջացրած Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությամբ: Յովանովիչը բնութագրում է այս մոտեցումն իբրեւ «մտահոգիչ», քանզի համարում է, որ այն կարող է խափանել «տարածաշրջանային իրողությունների բարելավմանն ուղղված հիմնական առաջընթացը»:

 

Ճաշ եւ անհատի ուրվագիծ

 

2009թ. մայիսին Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Յովանովիչի կողմից ուղարկված ճաշի հրավերը: Դեսպանը նույնչափ հետաքրքրված էր Երեւանի քաղաքապետի վերջին ընտրությունների վերաբերյալ Հովհաննիսյանի տեսակետով, որքան վերջինիս՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող կարծիքով: Ճաշի սեղանի շուրջ կայացած հանդիպման արդյունքների հիման վրա կազմվեցին երկու մանրամասն հաշվետվություններ, որոնցից մեկը վերաբերում էր նրա ներքաղաքական պատկերացումներին, իսկ մյուսը՝ արտաքին քաղաքական մոտեցումներին: Առաջին հեռագրի մեջ Յովանովիչն անդրադառնում է Հովհաննիսյանի մասին իր տպավորություններին. «1990-ական թթ. ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարված ամերիկահայ հայրենադարձ Հովհաննիսյանը բացառություն է հետխորհրդային Հայաստանի կոշտ ու առանց կանոնների քաղաքական կյանքում: Մինչ Հայաստանում ծնված քաղաքական գործիչներն առաջ են գնում անազնիվ քայլեր անելով, Հովհաննիսյանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի՝ տասնամյակներով աղճատված քաղաքական մշակույթը փոխակերպելու իր ծրագրին: Անցած տարի նա քաղաքացիության հետ կապված հարցերի պատճառով իրավունք չստացավ առաջադրվելու նախագահական ընտրություններում, եւ լայնորեն տարածված կարծիք կա, որ Հայաստանի իշխանությունները երբեք էլ բարեփոխիչ Րաֆֆիին  թույլ չեն տալու բարձրագույն պաշտոններ զբաղեցնել երկրում: Րաֆֆիի հետ զրուցելիս այնպիսի տպավորություն ես ստանում, որ ինքն էլ է հասկանում, որ իր գնացքն արդեն մեկնել է, եւ նա այժմ աշխատում է երիտասարդ, բարեփոխումների ձգտող քաղաքական գործիչների պատրաստման ուղղությամբ, որպեսզի  նրանց միջոցով  տապալի այն քաղաքական աշխարհայացքը, որը կեղեքել է իր նախնիների հայրենիքը»:

Յովանովիչի երկրորդ հեռագիրն առնչվում էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին Հովհաննիսյանի աջակցությանը, ինչի պաշտպանությամբ հանդես են եկել բոլոր երեք նախագահական վարչակազմերն անկախությունից ի վեր:  Այնուհանդերձ, Հովհաննիսյանն ասաց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրդովեցուցիչ հայտարարությունները, որոնք հատկապես վերաբերում էին Ղարաբաղին, եւ նրա կողմից օգտագործվող «հուզական բառապաշարը» «քայքայում են Հայաստանի նյարդերը»: Հովհաննիսյանը կարծում էր, որ հայկական կողմի պատասխանը ոչ համարժեք է: Վերջինս նշել էր, որ կարգավորմանը միտված ճանապարհային քարտեզի ժամանակի ընտրությունը, որն անմիջապես նախորդում էր  նորընտիր նախագահ Օբամայի՝ ապրիլի 24-ի ուղերձին, կասկած ու մտավախություն է հարուցել, թե Հայաստանի կառավարությունը վաճառվել է: Յովանովիչն իր հերթին ընդգծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացման ներկա հնարավորությունը «իրապես բացառիկ է», եւ որ «երկու կողմերի վստահությունը, որը հատկապես առկա է նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Էրդողանի միջեւ, էական է այս հնարավորությունը չկորցնելու առումով»: Համաձայն այս հեռագրի՝ «Հովհաննիսյանն այնուհետ ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ «սահմանի բացումը» հարաբերությունների կարգավորմանն ուղղված Թուրքիա-Հայաստան բանակցությունների անգամ մաս չպետք է կազմի: Նա կոչեց 1993թ. Թուրքիայի կողմից սահմանի փակումն իբրեւ «թշնամական գործողություն» եւ ասաց, որ տարիներ անց այն բանից հետո, երբ «Թուրքիան միակողմանիորեն փակեց Հայաստանի հետ իր սահմանը, այժմ ձգտում է «լրացուցիչ ստացականներ» ձեռք բերել՝ այն բացելու համար: Հովհաննիսյանն իր դժգոհությունն արտահայտեց, որ ներկա թուրքական մոտեցումը հավասարազոր է «թեթեւամիտ դիվանագիտության»:   

Հեռագրի վերջում ամփոփելով Հովհաննիսյանի արտաքին քաղաքական մոտեցումների վերաբերյալ իր տպավորությունները՝ Յովանովիչը գրում է. «Ցեղասպանություն վերապրածների թոռը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում հեռացրին արտաքին գործերի նախարարի պաշտոնից այն բանից հետո, երբ 1990-ական թթ. սկզբին Թուրքիա կատարած պաշտոնական այցելության ժամանակ հանդես եկավ սուր դիտողություններով, ակնհայտորեն խիստ տեսակետ ունի այն հարցի առնչությամբ, թե ինչպես պետք է Հայաստանը կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ: Իրենց հասարակությանը հարաբերությունների կարգավորմանը պատրաստելու համար իշխանությունները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե միայն հաջողվի իրենց մոտեցման արժանիքների մեջ համոզել այնպիսի հարգված գործչի, ինչպիսին Հովհաննիսյանն է: Եթե Հովհաննիսյանը պատշաճ կերպով տեղեկացվի եւ խորհրդատվություն ստանա՝ կարող է դառնալ հարաբերությունների կարգավորման հզոր ջատագով, իսկ եթե ոչ, ապա տեղ կզբաղեցնի ընդդիմախոսների երկար եւ աճող ցուցակում:                       

 

Խոստումնալից եւ վճռական

 

2009թ. հունիսի 18-ին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը հանդիպեց Հովհաննիսյանի հետ: Այս հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը քննադատեց Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրությունները՝ անվանելով այն «տապալված հետխորհրդային ընտրություն», որն ի ցույց դրեց այն մարտահրավերները, որոնք առկա են օրենքի գերակայության, ինչպես նաեւ թափանցիկ ընտրական համակարգի ձեւավորման ճանապարհին: Նա հույս հայտնեց, որ  վերջերս իշխող կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմադիր կուսակցություն: «Նա հույս հայտնեց, որ Թուրքիայի հետ հաշտեցման ջանքերի շուրջ ունեցած տարաձայնության պատճառով իշխող կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմադիր կուսակցություն եւ չի կենտրոնանա միայն ցեղասպանության ճանաչման խնդրի վրա: Նա հուսով է, որ այն կաջակցի օրենքի գերակայության հաստատմանը եւ ժողովրդավարական բարեփոխումներն, որը, ինչպես նա պնդում է, «Ժառանգության» օրակարգի կիզակետում է»,- գրում է Յովանովիչը: Հովհաննիսյանը խոսում է ընտրակեղծիքների, երկրում հիմնականում միակուսակցական կառավարման մասին, քանզի Հանրապետական կուսակցությունը վարչական ռեսուրսների օգտագործման շնորհիվ իր թեկնածուների համար միշտ ապահովել է ձայների անհրաժեշտ քանակ: Նա նշում է, որ Հայաստանի իշխանությունները լավ գիտեն՝ ինչպես «խաղալ» Եվրոպայի հետ, այն է՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եռամսյա հանդիպումներից առաջ ակնարկել բարեփոխումների մասին, բայց հազվադեպ իրականացնել դրանք: 

Գորդոնը ծանոթացել էր նաեւ Հովհաննիսյանի՝ Թուրքիային առնչվող տեսակետների հետ: Հովհաննիսյանը «պնդել էր», որ Թուրքիան պետք է հաշվի նստի իր անցյալի հետ, քանզի իրական կարգավորումն անհնար կլինի, եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը: Նա մերժել էր ցեղասպանությունն ուսումնասիրող պատմական հանձնաժողովի գաղափարը: Նա նաեւ պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Կոսովոյի կամ Հարավային Օսեթիայի ճանաչման պես քաղաքական գործողություն է, եւ որ վերջին երկուսի նմանությամբ Ղարաբաղը նույնպես պետք է արժանանա ճանաչման:

Յովանովիչը մեկնաբանելով՝ ասում է, որ Հովհաննիսյանի դիրքորոշումները  «ընդհանուր առմամբ լավ կառուցված են» եւ  «հիմնված իրավական արժանահավատ փաստարկների վրա, նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք կարող են լինել քաղաքականապես անկենսունակ»: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ Հովհաննիսյանի ներգրավվածությանը, դեսպանը կարծում է, որ նա «ցանկություն չունի հայրենիքում տեղի ունեցող քաղաքական գործընթացում ամբողջապես ներգրավվել՝ հաշվի առնելով ձախողման մեծ ռիսկը»:

 

Արձանագրությունները՝ իբրեւ որոշիչ գործոն

 

Մոտ երկու ամիս անց՝ 2009թ.  օգոստոսի 31-ին,  Յովանովիչը փոխանցում է Վաշինգթոն, որ ընդդիմությունը, որի կազմում են «ծայրահեղ ազգայնական» ՀՅԴ-ն, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) եւ «Ժառանգություն» կուսակցությունը, միավորել են իրենց ուժերն ընդդեմ Սարգսյանի եւ նրա կողմից վարվող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների: Նրանք կոչ են անում նախագահին՝ դուրս գալ բանակցային գործընթացից եւ «չեղյալ հայտարարել ԼՂՀ-ի մասով  Հայաստանի ենթադրվող զիջումները»: Յովանովիչը հաղորդում է, որ ՀՅԴ-ի կողմից Ստեփանակերտում կազմակերպված «երկօրյա սրաթափանց համաժողովից» հետո մյուս ընդդիմադիր կուսակցությունները սկսեցին արագորեն միավորել ուժերը: Դեսպանը նշում է, որ «Թուրքիայի եւ ԼՂՀ-ի հանդեպ Հայաստանի քաղաքականության նկատմամբ ամենաբարձր եւ ամենասուր քննադատությունը հնչեցնում է ՀՅԴ-ն»:

«Հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հարցում մինչեւ հոկտեմբերին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը իրական առաջընթացի չարձանագրումը Հայաստանի կողմից կարող է հստակորեն վտանգավոր հանգուցակետ ստեղծել Սարգսյանի եւ նրա կառավարության համար, թեեւ մեր զրուցակիցների մեծ մասը քիչ հավանական է համարում այն դիպաշարերի իրագործումը, որոնք կարող են հանգեցնել նախագահի հեռացմանը»,- զգուշացնում է Յովանովիչը: «Սարգսյանի համար երջանիկ պատահականությամբ անհատական ​​մրցակցությունը եւ տարբեր հեռանկարներ ունեցող երեք ընդդիմադիր խմբերի առկայությունը, հավանաբար, կխոչընդոտեն միասնական ճակատ ստեղծելու եւ պահելու նրանց կարողությունը: Նախագահի արտաքին քաղաքականության վերաբերյալ աճող եւ ավելի հատու հնչող քննադատությունը, սակայն, շատ քիչ հավանական է դարձնում, որ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հարցում նշանակալի զիջումների կգնա եւ համաձայնության հասնելու ուղղությամբ տեսանելի առաջընթացի բացակայության դեպքում կերաշխավորի Սերժ Սարգսյանի ներկա չգտնվելը հոկտեմբերին կայանալիք Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին»,- հավելում է դեսպանը՝ վստահեցնելով, որ «երկարաժամկետ օրակարգերի եւ անձնական մրցակցության» առկայությունն ընդդիմադիր խմբերի շրջանում մարտահրավեր կդառնա Սարգսյանի դեմ միասնական ճակատ ձեւավորելու գործում:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Յովանովիչը նրա դիրքորոշումը կվերագրեր վերջինիս սփյուռքյան արմատներին՝ թույլ կերպով ակնարկելով, որ այս յուրատիպ քաղաքական գործիչը հիբրիդ է՝ երկու տարբեր աշխարհների զավակ, եւ որ այս դեպքում գերիշխում է մեկ կողմը. «Թուրքիային եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերում Հովհաննիսյանի՝ որպես սփյուռքահայի, անձնական համոզմունքները որոշ առումներով նմանվում է դաշնակների տեսակետներին: Սակայն «Ժառանգության» օրակարգը, որը հատուկ նշանակություն է տալիս քաղաքական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ ժողովրդավարացմանը, զգալիորեն ավելի ընդարձակ է, քան՝ դաշնակներինը»,- գրում է դեսպանը:

Մոտավորապես մեկ շաբաթ անց Հովհաննիսյանը վայր է դնում իր պատգամավորական մանդատը՝ ապշեցնելով շատերին, այդ թվում  Փենինգթոնին: «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դեսպանատան պաշտոնյաներին պատմում  է, որ  Հովհաննիսյանն ասել է, թե  իր պատճառներն «անձնական են եւ առնչվում են ազգային գերակա խնդիրներին»: Մարտիրոսյանը, կարծես, նույնքան շփոթված էր, որքան՝ Փենինգթոնը: «Ես գիտեմ, որ [Հովհաննիսյանի բացատրությունը] ձեզ շատ բան չի ասում, ինչպեսեւ իմ դեպքում, բայց սա այն է, ինչ նա մեզ ասել է»,- նշել է Մարտիրոսյանը: Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասել է հետեւյալը. «Րաֆֆին հայ եւ ամերիկացի քաղաքական գործչի համակցություն է, այսպիսով' հնարավոր է ՝ Դուք [Փենինգթոն] հասկանաք նրան ավելի լավ, քան ես»:

Ոմանք կարծում են, որ Հովհաննիսյանի որոշումը կապված է հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի հետ: Մյուսները կասկածում են, որ նա իրեն «փրկում է» 2013թ. նախագահական ընտրությունների համար: «20-րդ դարի սկզբին Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ գործած պատմական անարդարության ուղղումը (ինչը նա որակում է իբրեւ «Մեծ հայրենազրկում») Հովհաննիսյանի մասնագիտական կյանքի ընթացքում մեծ աղմուկ հանած գործն է թե՛ որպես անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, թե՛ որպես հեղինակավոր վերլուծական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն, ապա որպես քաղաքական կուսակցության հիմնադիր եւ նախագահության հավակնորդ: Լինելով Հայաստանի կառավարության կողմից վարվող հարաբերությունների կարգավորման քաղաքականության  սուր քննադատ, Հովհաննիսյանը կարծում է, որ կառավարությունը վաճառում է «հարցը», եւ թվում է, որ Հովհաննիսյանը չի կարողանում մարսել վերջերս ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,- գրում է Փենինգթոնը՝ հավելելով. «Այս քաղաքականության դեմ բողոք արտահայտելուն միտված մանդատից սկզբունքային հրաժարումը կարող էր իմաստ ունենալ, եթե նա լիներ կառավարող կուսակցության անդամ: Սակայն Հովհաննիսյանի դեպքում դեռ պարզ չէ, թե ինչ էր ցանկանում նա հայտարարել՝ վայր դնելով միակ եւ փոքր ընդդիմադիր խմբակցության իր մանդատը: Այն գաղափարը, թե Հովհաննիսյանն իրեն «փրկում է» նախագահական ընտրությունների համար, թվում է բռնազբոսիկ: Հեռանալով Հայաստանի քաղաքական պատմության մեջ ամենակարեւոր քննարկումից, թվում է, Հովհաննիսյանը քայլ է կատարում դեպի քաղաքական անպատեհություն»:

 

«Բարեփոխիչ» Հովհաննիսյանի հառնումը

 

Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, հիբրիդային քաղաքական գործիչ է: Նա հետեւողական է ընտրողների հետ կապ պահպանելու գործում՝ լինի դա վառ գունավորում ունեցող հանրակառքով այցելություն գյուղական համայնքներ, թե օժանդակություն հնարավոր ընտրողին՝ իր օգնական ձեռքերը գործի դնելու միջոցով: Իսկ մինչ այդ, նա շարունակում է կերտել «ժողովրդի մարդու» իր կերպարը: Նույնիսկ նրա քարոզարշավի ականջահաճո՝ «Հնարավոր է» կարգախոսը հիշեցնում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ «Այո, մենք կարող ենք» նշանաբանը, որը հաջողություն արձանագրեց շնորհիվ հավատի գաղափարի վրա շեշտադրման. մի բան, ինչի կարոտն է հայ ընտրողը: ԱՄՆ դիվանագետներն ընդունել են հասարակ ժողովրդին դիմելու եւ նրա հետ միաձուլվելու Հովհաննիսյանի  կարողությունը եւ ցանկությունը. ուժ, որն ընդդիմության այլ առաջնորդներ, ինչպես օրինակ՝ ընդդիմության «խորապես չսիրված» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ նպատակաուղղել:

Հովհաննիսյանը վաղուց հրապարակավ հայտնել է ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ իր պահանջները, ինչը դժգոհ քաղաքացիների բազմության կողմից ընդունված մեկ այլ առավելություն է: Նա հավատում է, որ ամերիկյան դիվանագետները պետք է աջակցեն եւ առաջնահերթություն տան ժողովրդավարացմանը, եւ իր առաքելությունն էր այս ուղերձը բերել հայրենիք: Քիչ հնարավորություն կա ուսումնասիրելու Հայաստանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը: Հեռագրերը ցույց են տալիս, որ Կովկասում ԱՄՆ-ի մտահոգությունների կիզակետում են  աշխարհաքաղաքական  նկատառումները: Ոմանք կարող է նույնիսկ մտածել, որ արտաքին գործերի նախկին նախարարի կողմից միամտություն կլիներ այլ բանի հույս ունենալը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետագիծը: Սակայն Հովհաննիսյանը ամերիկյան դիվանագետներին առաջարկելու այլ բան ունի. մոռանալ ինքնանպատակ ժողովրդավարացման մասին, խրախուսել ժողովրդավարական բարեփոխումները՝ հանուն տարածաշրջանային լուծումների, որոնք աջակցություն կստանան օրինական իշխանության եւ, հետեւաբար, ժողովրդի կողմից: Ի վերջո, մենք՝ բոլորս,  նաեւ ամերիկյան դիվանագետները, ականատես եղանք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների տխուր ավարտին :

Սակայն ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները գիտեն, որ շատ ժամանակ չանցած (հաճախ հաշված օրերի ընթացքում), ընդդիմությունը սկսում է ճակատ ճակատի տալ: ԱՄՆ-ի դեսպանորդները հետեւել են, թե ինչպես են ընդդիմադիր դաշինքները ձեւավորվում եւ կազմալուծվում, ինչն ուղեկցվում է անձնական անբարյացակամությամբ, ախոյանությամբ ու «ես-երի բախմամբ»: Ընդդիմությունը, թվում էր, չի կարող բավականաչափ երկար պահել դաշինքները՝ ձեւավորելու համար հաջողված եւ միացյալ քարոզարշավներ:

Որպես այս խճանկարի, այն է՝ ընդդիմության մաս, Հովհաննիսյանը նույնպես ապացուցել է, որ ունի, դեսպան Էվանսի խոսքով, «դաշինքներ ձեւավորելու եւ կազմալուծելու հետագիծ»: Երբեմն նրա կուսակցական շրջանակներում են անտեղյակ կամ չհամոզված եղել նրա քաղաքական քայլերի մասին: Եվ, այսպիսով, Հովհաննիսյանը հանելուկ մնաց թե իր հայաստանցի հայրենակիցների, թե իր ամերիկյան դիտորդների համար: Նա բազմիցս հայտնվել է քաղաքական «անպատեհության» եզրին' միայն անվեհեր կերպով վեր հառնելու համար: Հիբրիդային քաղաքական գործիչ Հովհաննիսյանը թե՛ անսովոր է, թե՛ անկանխատեսելի, եւ սա նրա առավելությունն է:

 Աղբյուրը` «Ա1+»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին