▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-ԵՄ բանակցությունները նոր երանգավորում են ստանում

ԵՄ Ընդլայնման և եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «իրենք շարունակում են վերլուծել նոր իրողությունները, այդ թվում գործընկերների հետ կոնսուլտացիաներ իրականացնել, և այժմ գտնվում են Հայաստանի՝ Մաքսայի միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ ԵՄ անդամ պետություններին տեղեկացնելու և նրանց հետ կոնսուլտացիաներ վարելու գործընթացում»:

Այն, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան խոսում է վերլուծությունների ու կոնսուլտացիաների անցկացման անհրաժեշտության մասին, նվազագույնը նշանակում է, որ Արևմուտքը չի շտապում արգելափակել Հայաստանի հետ հարաբերությունները, մանավանդ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման առումով բավականին աշխատանք է տարվել:
Միաժամանակ պետք է նշել, որ Ֆյուլեի հայտարարությունն այն մասին, թե «Մաքսային միությանը (ՄՄ) միանալու Հայաստանի որոշման համատեքստում դժվար է պատկերացնել Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես որ քննարկվել է բանակցությունների ժամանակ», տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Չնայած, հանուն արդարության, պետք է ասել, որ Ֆյուլեի հայտարարությունները բավականին պարզ էին՝ առանց ավելորդ տողատակերի:

Ինչևիցե, Ֆյուլեի հայտարարությունը սպասելի էր հենց միայն այն առումով, որ Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, ԵՄ-ի համոզմամբ, որոշակի առումով հակասություններ է առաջացնում համաձայնագրի հատկապես Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասով, քանզի խոսք է գնում մաքսային տարբեր ռեժիմների մասին, և հասկանալի է, որ դրանցում նաև հակասություններ կլինեն:
Այս պահի դրությամբ կարելի է ֆիքսել, որ Հայաստանն ու ԵՄ-ն ամենակարևոր սկզբունքի առումով համակարծիք են՝ կողմերը բավականին մեծ ու արդյունավետ ճանապարհ են անցել և ամեն ինչ պետք է անել, եթե անհրաժեշտ է բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի նախագծի փոփոխությունների գնով, շարունակելու բանակցությունները՝ հարաբերությունները զարգացնելու այն ճանապարհով և ուղղությամբ, որը չի հակասի Հայաստան-Մաքսային միություն գործընթացի տրամաբանությանը:

Եթե նույնիսկ ԵՄ-ն հայտարարում է, որ Մաքսային միությանը միանալու պայմաններում դժվար է պատկերացնել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, դա դեռ չի նշանակում, որ Եվրոպան ցանկանում է «հրաժեշտ տալ» Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ձևաչափերով զարգացնելու մտադրությանը: Ավելին՝ Եվրոպայում, կարծես թե, հակված են փաստաթուղթը փոփոխություների ենթարկելուն և այնպիսի տեսքով նախաստորագրելուն, որը չի հակասի Հայաստան-Մաքսային միություն համագործակցության ոգուն ու տառին:
Այս համատեքստում, պատահական չէր ԵՄ պաշտոնյայի այն հայտարարությունը, թե «Մենք մտադիր ենք հարգել մեր գործընկերների ինքնիշխան իրավունքը՝ ընտրելու ինտեգրացիոն և համագործակցության այն սահմանները, որոնք նրանք կցանկանային շարունակել, և վստահ ենք, որ բոլորի շահերից է բխում՝ հետագայում ևս ամրապնդել այն, ինչին հասել ենք Հայաստանի հետ վերջին տարիների գործընկերության ընթացքում»:

Եվրոպան սրանով նաև հասկացնում է, որ գիտակցում է Հայաստանի քայլերի տրամաբանությունը և ցանկանում է առկա համագործակցությունը հիմք ընդունելով՝ ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները:

Տիգրան Աբրահամյան

Ֆեյսբուք 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին