▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի իշխանություններն արգելել են հերթական դաշնակցականի մուտքը երկիր

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը տեղեկացնում է. 

«ՀՀ հանցավոր իշխանությունների հակադաշնակցական պայքարը շարունակում է թիրախավորել ՀՅԴ երիտասարդությանը

Առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:

Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը:

ՀՅԴ երիտասարդականի անդամները սովորաբար հայրենիք են ժամանում հայրենանվեր կամավորական ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու համար:

Այս անգամ ընկեր Նժդեհը պետք է ժամաներ հայրենիք` փետրավարի 6-10 Սյունիքում տեղի ունենալիք ՀՅԴ Երիտասարդական համաշխարհային համագումարին մասնակցելու, որտեղ աշխարհի չորս կողմից պետք է համախմբվեն ՀՅԴ երիտասարդական միավորների ներկայացուցիչները` միասնաբար ծրագրելու ՀՅԴ երիտասարդության առաջիկա գործունեությունն ու անելիքները:

Այս պարագայում նկատելի է Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունների վտանգավոր նույնականությունը: Ադրբեջանը շրջափակում է Արցախը` հոգեբանական ճնշում բանեցնելով արցահայության վրա և արգելելով ողջ հայության մուտքը իր պատմական հայրենիք` Արցախ: Իսկ Հայաստանը շարունակելով գործի դնել թշնամու շրջափակման քաղաքականության տրամաբանությունը` արգելում է հայրենասեր և նվիրյալ երիտասարդության մուտքը մայր Հայաստան:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ ղեկավարներ և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը, կրկին առանց որևէ բացատրության:

Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները հարյուրապատկեն իրենց հալածանքների, բռնաճնշումների և ապօրինի գործողությունների ուժգնությունը, ապա այն ի պատասխան բախվելու է դաշնակցական երիտասարդության համոզումների և ընթացքի հազարապատիկ անգամների ամրացմանն ու կարծրացմանը։

ՀՅԴ երիտասարդությունը անշեղորեն մնում է հավատարիմ իր սկզբունքներին և հանձնառությանը` հակառակ այս վարչակազմի բոլոր ստոր փորձերի:

Շատերն են փորձել հայրենիքը մեր էությունից անջատել, սակայն ՈՉ ՈՔ չի հաջողել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին