▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ժողովուրդը օգնություն մուրացող ժողովուրդ չէ. Նիկոլ Փաշինյան

Շատերը հարցնում են, թե Հայաստանում ինչ է վերջին հինգ ամսվա մեջ փոխվել. նրանք, ովքեր ուզում են տեսնել, կտեսնեն, որ ՀՀ-ում փոխվել է ամենակարևոր բանը՝ տրամադրությունը, փոխվել են մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը և ինքնավստահությունը:

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի տոնին նվիրված միջոցառմանն իր ելույթն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է արձանագրելը, թե ինչ է մեր ժողովրդի համար ամենակարևորը: Մեր ժողովրդի համար ամենակարևորն իր ինքնասիրությունն ու հպարտությունն է: Եվ մեր ժողովրդի համար կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ, և որևէ մեկը չկա իրենից առավել կամ իրենից պակաս: Եվ այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, վերջացրած որևէ քաղաքացով, որ կարող է ասել, որ ունի առավելություն:

 

 

 

Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և բոլորս ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում հաստատված է իրական քաղաքացիական եղբայրություն, հարազատություն, և մենք իրար ընկալում ենք որպես մեկ ընտանիք, մեկ միություն, մեկ ազգ»,- ասաց նա:

Նշենք, որ վարչապետը Արագածոտնի մարզ իր ուղևորությունը սկսել է Ագարակ համայնքից, որտեղ նա մասնավորապես եղավ Սանկտ Պետերբուրգի հայազգի գործարարներից մեկի՝ Հրաչյա Պողոսյանի հիմնած նոր կարի արտադրամասի բացմանը։ Հետո նա մասնակցեց համայնքի հրապարակում «Արարատ 73»-ի պատվին հուշաքարի բացմանը:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 45 տարի է անցել «Արարատ 73-ի» հաղթանակից, սակայն մինչ օրս ակումբի ֆուտբոլիստներին բոլորն են հիշում: «Ինչու՞: Որովհետև Արարատն իր հաղթանակներով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը»,- նշեց նա:

Վարչապետը նաև մատնանշեց, որ երեկ էլ իրենք մասնակցել են լեգենդար Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը: «Մենք շեշտում ենք, թե ինչու ենք նրան սիրում, որովհետև նա հայ ժողովրդի ինքնասիրությունն ու հպարտությունը բարձրացրել է մի նոր մակարդակի վրա: Մենք այս օրն առանձնահատուկ օր ենք համարում, որովհետև իրար աչքերի մեջ նայում ենք հպարտությամբ, սիրով և պարզ ճակատով, որովհետև մենք ազնիվ ենք իրար նկատմամբ և շարունակելու ենք ազնիվ լինել»,- ասաց նա:

 

 

 

Վարչապետը հույս հայտնեց, որ Հրաչյա Պողոսյանի՝ Ագարակում հիմնած կարի արտադրամասը կմեծանա և նոր արտադրամասեր կստեղծի:

«Ուզում եմ երաշխավորել և հավաստիացնել, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի «փայ մտնել», «նալոգներ դնել», կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել: Եվ մենք բոլոր գործարարներին, բարերարներին ասում ենք՝ խոնարհվում ենք ձեր առաջ, ձեր կատարած բոլոր բարեգործությունների, նվիրատվությունների համար, որոնք իսկապես կարևոր են Հայաստանի համար: Բայց մենք բոլորիդ կոչ ենք անում գալ Հայաստան, ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել, որովհետև ՀՀ-ը այսուհետ մի տեղ չէ, որտեղ կարելի է փող ծախսել: Հայաստանը մի տեղ է, որտեղ կարելի է արդար և օրինական աշխատանքով փող վաստակել և դրա հնարավորությունը տալ ուրիշներին: Այնպես որ, ՀՀ-ը սպասում է ձեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ շուտով Սանկտ Պետերբուրգի իր հանդիպումից ևս մի արդյունք կլինի․ գործարարներից մեկը շուտով Սևանում կբացի շաքարի գործարան:

«Մեր ուղերձը սա է, որ Հայաստանի ժողովուրդը աշխատող է, ինքը ձեռք պարզող ժողովուրդ չէ, ինքը ձեռք մեկնող ժողովուրդ է, ինքը օգնություն մուրացող ժողովուրդ չէ, ինքը օգնություն առաջարկող ժողովուրդ է»,- նշեց Փաշինյանը:

Նա նաև նկատեց, որ պետք է ապահովեն գյուղատնտեսության զարգացումը, օգնեն գյուղացուն այդ հարցում: «Մեր կառավարությունը, ես ինքս պետք է հող դառնանք մեր ժողովրդի ոտքի տակ, որպեսզի նրանք, հենվելով մեզ, ոտքի կանգնեն, բարձրանան, զարգանան և հզորանան: Մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետև կարողացել է անել մի բան, քաղաքական մի այնպիսի հեղափոխություն, որը նախկինում երբեք չի արձանագրվել մարդկության պատմության մեջ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանին Ագարակում հանձնեցին նաև տիեզերքում ամիսներ շարունակ մնացած Հայաստանի եռագույնը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին