▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ և հաջողության անկեղծ մաղթանքներս Ռուսաստանի եղբայրական ժողովրդին ծառայելու գործում։

Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, սահմանված նպատակներին հասնելու հարցում սկզբունքայնությունը և հետևողականությունը հետայսու ևս նպաստելու են ռուսական պետականության ամրապնդմանը:

 

 

 

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում։ Այդ հարաբերությունները հիմնված են մեր երկրների ժողովուրդների բարեկամության և փոխադարձ վստահության դարավոր ավանդույթների վրա: Այս համատեքստում ես հատկապես գնահատում եմ մեր միջև հաստատված անձնական հարաբերությունները, որոնք, անշուշտ, լրացուցիչ ազդակ են հաղորդում բոլոր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության շարունակական զարգացմանը, այդ թվում նաև բազմակողմանի հարթակներում և ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում:

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ շահագրգռվածությունը թույլ կտա հետագայում ևս օգտագործել Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համագործակցության զգալի ներուժը՝ հարստացնելով հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև նպաստելով մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

 

 

 

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես  շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ: 

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի եւ փոխադարձ աջակցության վրա:

Ականատեսը լինելով միջպետական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ինտեգրացիոն եւ միջազգային միավորումների շրջանակում մեր երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացմանը, համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդել դաշնակցային փոխգործակցությունը՝ ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի:

 

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ եղբայրական Ռուսաստանի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին