Այսօր մեր քաղաքի բանկերից մեկում տարադրամ էի փոխանակում, պատահաբար լսեցի թե կողքիս մարդիկ ինչ էին խոսում: Կռահելու կարիք նույնիսկ չկար, բնականաբար, խոսում էին վարկերից: Ցավոք, Հայաստանում գրեթե մարդ չի մնացել ով վարկ չունի: Բնականաբար, բանկերի համար դա աննկարագրելի լավ իրավիճակ է, հաջողված բիզնես է և կարծես մեր իշխանությունն առհասարակ չի մտահոգվում դրանով:
Սկզբից եկեք հասկանանք, թե ինչ է կատարվում այդ բիզնեսի արդյունքում: Մարդկանց բանկերը տալիս են գումար: Թվում է, թե լավ բան են անում, բայց այլ հարց է թե ինչ պայմաններով այդ գումարը տալիս: Պայմաններից է, պարտադիր այլ գույք (հիմնականում բնակարան) գրավ դնելը և ամենակարևորը առնվազն 10-15 տարեկան տոկոսադրույքը:
Այդ տրված գումարը անձինք պետք է վերադարձնեն շատ կարճ ժամկետներում, խոսքը գնում է միջինում 2-5 տարում: Պարզ է, որ մեր երկրում գործող աշխատավարձների այդքան ցածր լինելու պատճառով է, որ մարդիք վարկ են վերցնում, և մի հատ էլ այդ վարկը ընդհուպ մինչև 15% բարձրանում է: Արդյունքում մարդիկ ստիպված կամ արտերկրում աշխատանք են գտնում այդ վարկերը մարելու համար, կամ կորցնում են ամեն ինչ:
Համեմատելու համար ասենք, որ եվրոպական երկրներում համապատասխան տոկոսադրույքները միջինում լինում են 5% և ավելի ցածր, ինչպես նաև պարտադիր գրավներ հիմնականում չեն գործում:
Հայաստանը իրեն հռչակել է սոցիալական պետություն, դրանից ենթադրվում է, որ իշխանությունը առնվազն պետք է ապահովի իր ժողովրդի սոցիալական ապահովվածությունը և խիստ մտահոգվի ու պայքարի ստեղված իրավիճակի դեմ, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բանկերը պետք է ոչ թե մարդկանց բարձր տոկոսադրույքներով փող տվող և արդյունքում ամեն ինչ վերցնող կառույց լինեն, այլ հակառակը, մարդկանց օգնող, ձեռք մեկնող պետք է լինեն: