Եթե եկեղեցին որոշի «սրբադասել» Ցեղասպանության զոհերին, ապա հաջորդ քայլը պետք է լինի ստալինիզմի զոհերին «սրբադասելը»: Նույն տրամաբանությամբ: Նրանք համարյա բոլորը զոհ են գնացել Հայաստանի համար հատուկ ծրագրավորված «ազգայնականության», մեղադրանքին (ճիշտ է՝ պոչին հաճախ նաև «տրոցկիզմ » էր կպցրած): Կոնկրետ Հայաստանի դեպքում նպատակն էր կատարել Մոկվային պայմանագով ութերորդ, Կարսի պայմանագրով՝ տասերորդ հոդվածներով վերցրած պարտավորությունը՝ ԽՍՀՄ տարածքում թույլ չտալ որևէ հակաթրկաքանություն: Ճիշտ է, հակաթուրքական գործողություններ կամ գաղափարախոսություն Հայաստանում չկար, բայց հո լավ գիտեին, որ թուրքահայերը երազում են վերադառնալ հայրենիք (իսկ Լոզանի կոնֆերանսում Մոսկվան փաստորեն խափանել էր թուրքահայ փախստականների վերադարձի ծրագիրը), հո լա՜վ գիտեին, որ հայերը չեն կարող հակաթուրքական չլինել: Եվ ոչնչացնելով՝ լռեցնում էին առանց այդ էլ լուռ մարդկանց, հնազանդեցնում էին հիշողությունը: Արգելում էին հիշել գոմերում ու եկեղեցիներում այրված հարազատներին, գլուխները ջարդած զավակներին...Իսկ հիշելու դեպքում՝ լռել, չլացել, չպատմել, չխոսել... 1949-ին էլ Հայաստանից աքսորեցին որպես «անվստահելի տարրի»: Մի մասին աքսորեցին՝ մյուսներին դաս լինի, այսպես կվարվեն բոլորի հետ: Ճնշումը մի փոքր թուլացավ Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո: Մի փոքր: Այսինքն Ցեղասպանության հիսունամյակին թույլ տվեցին բացահայտ նշել հիշատակի արարողությունները: Բայց հետապնդում էին ժողովրդական հերոսներին՝ Անդրանիկին, Գևորգ Չաուշին ... հիշողներին: Բայց ո՛չ մի խոսք Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին: Ինչո՞վ Ցեղասպանության զոհեր չեն: Ես ընտանիք գիտեմ, որտեղ չորս զավակներին և ամուսնուն կորցրած մայրը ապրեց մինչև վաթսունական թթ.՝ երբեք չխոսելով: Բայց նրա «լռության ուխտ» գիտե՞ք ինչի համար էր: Որովհետև չէր կարող այլ բանի մասին խոսել, քան՝ իր զավակների տանջալի մահվան: Իսկ դա արգելված էր: Բոլշևիկյան կրոնով էր արգելված: Խոսելու դեպքում կպատժվեր ոչ միայն ինքը, այլև՝ լսողը, լսողները: Այլոց կդներ հարվածի տակ: Իր նման դժբատ այլոց: Եվ մարդը քառասուն տարի լռեց: Լռեց ու ծառայեց ուրիշների զավակների հասունացմանը: Սրբացրե՛ք ստալինյան տեռորի զոհերին: Եթե «սրբացման» համար զոհված լինելը բավարար է: Մեկ է՝ կենդանի սրբությունը չի խրախուսվում, կենդանի մարդու առաքինությունները չեն խրախուսվում, Հայաստանում մարդիկ նույնիսկ չգիտեն, թե «սուրբ»-ի չափանիշները որոնք են: Չկա՛ն այդ չափանիշները: Սրբացրե՛ք Սումգայիթ, Բաքու քաղաքներում հայ լինելու համար զոհված մարդկանց: Մեղավոր թե անմեղ՝ զոհվել են հայ լինելու համար: Եթե այդքան է պետք սրբացման համար՝ սրբացրե՛ք:
Հայաստանում մարդիկ նույնիսկ չգիտեն, թե «սուրբ»-ի չափանիշները որոնք են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet