Այսօր իր ասուլիսում Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լարիսա Միանասյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ կան գործիչներ, ովքեր ֆինանսավորվել կամ օգտվել են Սորոսի հիմնադրամից, տվել է Աժ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի անունը` անվանելով վերջինիս «սորոսական»: Այդ հայտարարության կապակցությամբ իր մեկնաբանության մեջ Հայկ Բաբուխանյանը, պատասխանել է Iravunk.com-ին և ասել է հետևյալը.

-Ես բազմիցս նշել եմ, որ Սորոսի հիմնադրամը պետականաքանդ, հակաազգային, հակահայկական կազմակերպություն է եւ այն պետք է փակել: Նշել եմ դա տարբեր ամբիոններից եւ այդ թվում` Ազգային ժողովի ամբիոնից: Եվ զարմանալի չէ, որ Սորոսը, եւ Հայաստանում նրանից կերակրվող եւ իր շահերը ներկայացնող ներկայացուցչության ղեկավարը հերթական հարձակումն են գործում իմ դեմ, օգտվելով իրենց համար բնորոշ մեթոդներից, այն է` բացահայտ սուտը: Հավանաբար, այդ տիկինը որոշել է կիրառել ֆաշիստական Գերմանիայի քարոզչության գաղափարախոս Գեբելսի խորհուրդը, այն է` ինչքան սուտը ավելի մեծ է եւ անհավանական, այդքան դրան կհավատան մարդիկ: Սակայն պետք է տխրեցնեմ սորոսական պարագլուխ տիկնոջը, հիշեցնելով, որ արդյունքում Գեբելսը եւ նրա գաղափարակիցները հայտնվեցին միջազգային տրիբունալի առաջ: Կգա ժամանակը ,եւ նման մի միջազգային տրիբունալի առաջ կհայտնվեն Սորոսը եւ նրա սպասարկողները: Եվ քանի դեռ ուշ չէ, առաջարկում եմ Հայաստանի սորոսական կազմակերպիչներին հանդես գալ մեղայականով, ներողություն խնդրել հայ ժողովրդից իրենց արածների համար, իսկ տիկնոջը ներողություն խնդրել ինձանից` իր հռչակած մեծ եւ անհավանական զրպարտության համար: Հայտարարում եմ, որ ես երբեք չեմ ֆինանսվորվել կամ օգտվել Սորոսի հիմնադրամից: Այդ կեղտոտ փողերի հետ երբեք գործ չեմ ունեցել:

-Լարիսա Մինասյանը, պատասխանելով մեկ այլ լրագրողի հարցին, թե արդյո՞ք կան ցուցակներ, որտեղ նշված է, որ Հայկ Բաբուխանյանը ստացել է դրամաշնորհներ, պատասխանում է, որ իբր այդ ցուցակները վաղուց հրապարակված են, որտեղ նշված են անուններ եւ գումարներ, այդ թվում` Ձեր անունը:
- Պետք է հիշեցնեմ մի պատմություն, որը կապված է ԵՄ-ի գրասենյակի հետ, որտեղ ձեւավորվել էր մեծ կոռուպցիոն համակարգ, ինչքան էլ զավեշտալի հնչի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում եւ այդ գրասենյակի մի շարք աշխատակիցներ պարզապես թալանել էին հսկայական դրամաշնորհային գումարներ, որի հետեւանքով բացվեցին բազմաթիվ քրեական գործեր: Չգիտեմ` գուցե սա այն դեպքն է, որ Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղում իմ անվան տակ դուրս են գրվել ինչ-ինչ դրամաշնորհներ, որոնց հետագա ընթացքը ինձ համար անհայտ է, բայց, հավանաբար, հայտնի է դուրս գրողների համար: Կրկնում եմ, ես երբեք այդ հակաազգային կազմակերպությունից որեւէ դրամաշնորհ չեմ ստացել, իսկ այդ տիկնոջ հայտարարությունը արդեն իսկ ուսումնասիրվում է իմ փաստաբանների կողմից` որպես վրավորանք ու զրպարտություն:


