168.am-ը գրում է. Ապրիլի 23-ից հետո, երբ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց առաջին սահմանային սյունը՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանագծման ապացույց, Բաղանիսում, Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում և Տավուշի այլ սահմանամերձ գյուղերում անվտանգային հարցերն ու տագնապները բնակչության շրջանում ավելի խորացան։
Թեպետ վերջերս Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրաձայնում է, թե «փշալարերով ու սահմանային սյուներով Տավուշն ավելի անվտանգ է, քան եղել է նախկինում», տավուշեցիները, ինչպես նաև անվտանգության փորձագետները հակառակն են պնդում՝ Նիկոլ Փաշինյանը վտանգն ավելի է մոտեցրել Տավուշին։
Վերջերս նաև ՔՊ-ական պատգամավորներն էին այցելել Կիրանց, լուսանկարվել, հետո լուսանկարը տարածել համացանցում ու գրել, թե հպարտ են տեսածով, «թող «երկիր քանդելը» այսպես լինի»։ Այս գրառմանը հակադարձել էին ոչ միայն կիրանցեցիները ու հարց ուղղել, թե հատկապես ինչով էին հպարտացել: Իսկ որոշ կիրանցեցիներ հենց համացանցում տարածված պատգամավորների լուսանկարի տակ գրել էին, որ իշխանական պատգամավորները նախ պետք է հանդիպեին բնակիչներին, որ բնակիչներն էլ իրենց հպարտությունն արտահայտեին առ իշխանության կատարած քայլեր։
168.am-ի հետ զրույցում Բաղանիսի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանն էլ նախ անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների հայտարարություններին, նշելով, որ իրեն հայտնի չէ, թե ՔՊ-ականները Տավուշ գնալով հանդիպել են սովորական բնակիչների հետ, որ նրանց կարծիքն էլ լսեին։
«Զարմանալի կլիներ, որ իշխանական պատգամավորները իրականությունը ներկայացնեին, հակառակվեին Կառավարության վարած քաղաքականությանը։ Այնպես որ, նորմալ է, որ այդպես են ասել։
Ես ուզում եմ, որ իրենք պատասխանեն հետևյալ հարցին, ինչպե՞ս է եղել, որ սահմանազատման արդյունքում հայկական դիրք է մնացել հայկական կողմին, բայց հիմա դրված է ադրբեջանական դրոշը։ Թող պատասխանեն՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է սա տեղի ունեցել»,- նշեց Նարեկ Սահակյանը։
Հարցին՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը և թիմակիցներից ոմանք պարբերաբար այցելում են Տավուշի մարզ, այդ հարցին ի՞նչ են պատասխանել, Նարեկ Սահակյանը պատասխանեց.
«Ես չեմ տիրապետում տեղեկատվության, որ իշխանական պատգամավորները հանդիպել են սովորական բնակիչների հետ, եկել իրենց դրած փշալարերի մոտ նկարվել ու հետ են գնացել, գոնե մեկ բնակչի հետ հանդիպե՞լ են, Բաղանիսում ես նման բան չեմ տեսել»։
Ըստ մեր զրուցակցի՝ իշխանությունների հայտարարությունները, թե սահմանային սյուներն ու փշալարերն ապահովելու են տավուշեցիների անվտանգությունը, իրականությունից կտրված հայտարարություններ են։
«Մեր անվտանգությունն ապահովել ու ապահովելու է միայն ու միայն մեր մարտունակ բանակը։ Երբեք չի կարելի հավատալ թշնամու խոսքին, մենք դառը փորձ ունենք, թշնամին նույն թշնամին է, բան չի փոխվել։ Իհարկե, մենք էլ ենք ուզում խաղաղ ապրել, բոլորն են դա ուզում, բայց ի՞նչ պայմաններով, խաղաղությունը պարտադրում են, ոչ թե մուրում։
Կրկնում եմ՝ հայկական դիրքում, որը մնացել էր մեզ, ինչո՞ւ է հիմա Ադրբեջանի դրոշն այնտեղ դրված, եթե իսկապես սահմանագծումն անցել է հավասար պայմաններում, ինչո՞ւ է մեր դիրքն անցել Ադրբեջանին։ Սա գաղտնիք չէ, ովքեր վերջերս եկել են Բաղանիս, տեսել են»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ սահմանագծման արդունքում Բաղանիսում հայկական տարածքներից, որոնք եղել են Ադրբեջանի հսկողության տակ, թեկուզ մի քանիսն անցե՞լ է հայկական վերահսկողության տակ, թե՞ ոչ, Նարեկ Սահակյանը պատասխանեց, որ նման բան չի եղել՝ Բաղանիսի հատվածում նման բան տեղի չի ունեցել։
«Այս ամենը լի է անվտանգային խնդիրներով, Աստված տա՝ սխալվեմ։ Թող այս ամենը լավ ավարտ ունենա, թող մեր պետությունը շահած դուրս գա, ու ես սխալված լինեմ, ու մեր բնակչության անհանգստություններն անտեղի լինեն»,- եզրափակեց Նարեկ Սահակյանը։