Մեր պետությունը, իրոք, թույլ է. այն տրվում է օլիգարխին, կրիմինալին, օտարին, ձևափոխվում է դրանց ազդեցությունից: Պաշտոնյան, օրինակ, դատավորը կամ շարքային ոստիկանը, ով էլի պետության ներկայացուցիչն է, օլիգարխի և կրիմինալի ազդեցությանը դիմանալու ռեսուրսներ քիչ ունի: Պետության թուլությունից, չկայացվածությունից օգտվում են շատերը: Բայց այդ վիճակը պետք է շտկվի, պետությունը պետք է կայանա, որովհետև դրանից է կախված մի շատ կարևոր, եթե չասեմ ճակատագրական բան՝ քաղաքացու լինել-չլինելը:
Շարքային քաղաքացին, ում անվերջ մեղադրում են պետության թուլության կամ չկայացվածության մեջ, ասելով, որ ինչպիսին քաղաքացիներն են, այնպիսին էլ պետությունն է, իրականում ավելի շատ է կախված պետությունից, քան պետությունը՝ քաղաքացուց: Իհարկե, պետությունն ունի քաղաքացու կարիք, բայց որպեսզի այդ քաղաքացին ձևավորվի, նախ պետք է պետությունը կայանա որպես այլ անձանց և սոցիալական ինստիտուտների հետ այդ քաղաքացու փոխհարաբերությունները կարգավորող ամբողջական համակարգ: Այլ կերպ ասած՝ ինչպիսին մեր պետությունն է, այդպիսին էլ՝ քաղաքացին:
Բայց ո՞վ է խանգարում պետությանը զարգացման և կայացման գործում, եթե դա քաղաքացին չէ, քանի որ չկայացած պետություն ունենալը նրան ձեռնտու չէ: Այդ գործն, ըստ էության, անում են իշխանության տարբեր ճյուղերում և տարբեր մակարդակներում պաշտոններ զբաղեցնող ինչ-որ չինովնիկներ, շատերին հայտնի և անհայտ: Նրանք են, որ քաղաքացուն ամեն օր ասում և ապացուցում են, որ «եղբայր, այստեղ պետություն չկա, ինչ կուզեմ կանեմ, կամ քեզ ի՞նչ է պետք, այդպես կանենք, ի՞նչ պետություն, ի՞նչ բան»:
Պարադոքսալ իրավիճակ է, բայց Հայաստանում հաճախ հենց իշխանություններն են խանգարում քաղաքացիներին կայացնել և ունենալ նորմալ աշխատող պետություն, այլ կերպ ասած՝ իշխանությունները կարող են խանգարել պետությանը՝ կայանալու գործում: Կարող են խանգարել՝ անօրինական եկամուտ ունենալով, անպատասխանատու հայտարարություններ անելով, անձը վիրավորելով և չպատժվելով, վատ՝ ոչ հետևողականորեն կամ ոչ արդարացի աշխատելով, վերջիվերջո...
Այլ կերպ ասած (ընկերոջս դիպուկ ձևակերպմամբ)՝ պետությունը պետք է մի հատ իրեն հավաքի: