ermenihaber-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին գրի առնված «Արսինե» վեպը այլ տեսանկյունից է մոտենում Հայկական հարցին:Բլոգեր Այջա Թուրքմենը, «Ռադիքալի» բլոգում ներկայացնելով գիրքը, գրում է, որ այն բոլորովին այլ տեսանկյունից է մոտենում հայ և թուրք ժողովուրդների հարյուրամյա խնդրին: Ըստ բլոգերի՝ գիրքը շարունակում է մեծ հետաքրքրությամբ ընդունվել հայ և թուրք ընթերցողների կողմից:
Թուրքմենի տեղեկացմամբ՝ մի շարք կազմակերպությունների, միությունների կողմից առաջարկվել է գիրքը 2015 թվականին ներկայացնել գրականության Նոբելյան մրցանակի:
Նրա կարծիքով «Արսինե» վեպը, որը գրվել է 107-ամյա հայ կնոջ պատմած փաստերի հիման վրա, Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակին շատ քննարկումների տեղիք կտա:
Թուրքիայում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա խնդիրը հիմնականում հիշատակվում է վեճերի ու մահվան մասին պատմություններով, իսկ «Արսինե» վեպը այդ խնդիրը ներկայացնում է սիրո մասին պատմության միջոցով:Սամսունի նահանգի Քավաք գավառի Չաթլըջը գյուղում հայ (մայրը) և թուրք (հայրը) ծնողների աղջիկը՝ Արսինեն ամբողջ կյանքի ընթացքում կրած դժվարությունների պատճառով հրաժարվում է հայկական անունից և ընտրում Այշե անունը: Վեպի հեղինակը թուրք գրող Ալի Բայրամն է: Գիրքը գրվել է 2 տարվա ընթացքում: