Մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ Կառավարությանը հնարավորություն և հրամայական է տրվում, որ ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը հատուցում կտրամադրի «Մարտի 1-ի» տուժածներին և զոհերի հարազատներին:
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով իրենց օրենսդրական նախաձեռնության մասին:
«Օրենսդրական նախաձեռնությունն արդեն ուղարկվել է Կառավարություն, սպասում ենք գործադիրի եզրակացությանը: Հաշվի առնելով, որ շատ ու շատ գործառույթներ դրվել են Կառավարության վրա, օրինակ, չափի որոշումը, հանձնաժողովի որոշումը, կարծում եմ՝ որոշ ժամանակ պետք կլինի»,- ասաց նա:
Գումարի չափը Ալեն Սիմոնյանը չնշեց, սակայն նկատեց, որ նման արարքի իմաստը քաղաքական է: «Իմաստը ֆիքսելն է, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել, ֆիքսել, որ պետությունը պատասխանատու է»,- ասաց նա՝ նշելով, որ չի կարծում, որ գումարի չափը սիմվոլիկ է լինելու:
Անդրադառնալով «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին հուշարձան կառուցելուն՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ վստահ է՝ այն կառուցվելու է, բայց չի կարող ասել՝ երբ կկառուցվի և ինչ ձևով, տարբերակներ են առաջարկվում:
Հարցին, թե արդյոք «Մարտի 1-ի» գործը բացահայտված է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ում էլ հրապարակում այդ հարցը տան, դրական կպատասխանի: «Ակնհայտ է, նախևառաջ հայտնի է, թե ով է կրակել, ինչից են կրակել։ Խոսքը միշտ գնացել է քաղաքական կամքի մասին, որը նախկին իշխանությունները չեն ունեցել: Նախկին իշխանությունները հո չէին ձերբակալելու այն մարդկանց, ում որ հիմա ներկայացվում է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե զոհերի ծնողները դեռ չգիտեն, թե ովքեր են եղել կրակողները, նա պատասխանեց, որ հայտնի է, թե ով է «Չերյոմուխա» զենքից կրակել և այլն, սակայն ինքը չի ցանկանում քրեական գործի մեջ մտնել:
«Մարտի 1-ի գործի հետ կապված որևիցե մեկի մոտ շատ մութ կետ կամ կասկած չկա»,- ասաց նա:
Մեկ այլ դիտարկմանը, թե որևէ մեկին սպանության հոդվածով մեղադրանք առաջադրված չէ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես չեմ զբաղվի իրավապահ մարմինների գործով, ես քաղաքական գործիչ եմ: Եթե ես կարողանայի ինձ թույլ տալ, կարող էի ասել՝ ով է ամենամեղավորը, ով է հիմնական մեղավորը: Բայց ես ինձ չեմ կարող թույլ տալ, որովհետև նախ գոյություն ունի անմեղության կանխավարկած, բացի դրանից, ես պետական պաշտոնյա եմ, ես կուղղորդեմ, կամ իմ ասածը ճնշում կդիտարկվի։ Բայց նորից եմ ասում՝ այստեղ մարդ չկա, որ չգիտի»,- ասաց նա:
Աղբյուր՝ tert.am