▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են հրդեհի հետևանքով զոհված բոլոր զինծառայողների անունները

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ազատ գուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի զոհերի լուսանկարները և գրել. «15 տղա, որ մեկ օր առաջ դեռ կային, ու նրանցից մեկն էլ հեռախոսով սիրած աղջկա հետ էր խոսում»։

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից երեք օր անց Պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակել զոհված 15 զինծառայողների անունները։ 

Հայտնի են հրդեհի հետևանքով զոհված բոլոր զինծառայողների անուններըԱյս մասին էլ Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ կայքը  տեղեկություններ է հավաքել զոհված բոլոր 15 զինծառայողների վերաբերյալ։

Մանուկյան Արամ Արսենի, 20 տարեկան, Լոռիից։

Ներսիսյան Վոլոդյա Մհերի, 19 տարեկան, Արագածոտնից։ 

Մարտիրոսյան Գոռ Դավիթի, 19 տարեկան, Տավուշից։ 

Ասրյան Ռոստոմ Արտակի, 19 տարեկան, Լոռիից։

Համբարչյան Մուշեղ Վահագնի, 19 տարեկան, Արարատից։

Ղարիբյան Տարոն Սեդրակի, 20 տարեկան, Արարատից։

Աբազյան Պավլիկ Վարդանի, 19 տարեկան, Տավուշի։

Սարգսյան Դավիթ Նորայրի, 19 տարեկան, Արագածոտնից։

Գրիգորյան Հրաչյա Կարենի, 19 տարեկան, Երեւանից։

Ավագյան Նարեկ Ռոբերտի, 19 տարեկան, Երեւանից։

Բարսեղյան Գագիկ Արմանի, 19 տարեկան, Կոտայքից։ 

Դումիկյան Միշա Կարենի, 19 տարեկան, Լոռիից։

Կիրակոսյան Հայկ Գաբրիելի, 19 տարեկան, Արմավիրից։

Գեւորկով Սերգեյ Կարենի, 19 տարեկան, Արարատից։ 

Դավթյան Համլետ Սպարտակի,  19 տարեկան, Գեղարքունիքից։ 

Արամը Վանաձորից էր, փետրվարին պետք է զորացրվեր։ Նա սովորում էր Եվրոպական համալսարանում։ Տան միակ որդին էր, ունի մեկ քույր։

Վոլոդյան Մաստարա գյուղից էր, ամռանը՝ հունիսին, պետք է զորացրվեր։ Նա  տան միջնեկ զավակն էր, քույր ու եղբայր ունի։

Գոռը Դիլիջանից էր, մեկ տարվա զինծառայող, ընտանիքի միակ որդին էր, մեկ քույր ունի։

Ռոստոմը Հոբարձ գյուղից էր, սովորում էր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, երկու քույր եւ եղբայր ունի։

Մուշեղը Դաշտավան գյուղից էր, օրեր առաջ էր 19 տարեկան դարձել, ամռանը կլրանար նրա ծառայության մեկ տարին։ Իրենից փոքր քույր ու եղբայր ունի։

Տանրոնը Ուրցաձորից էր, փետրվարին պետք է զորացրվեր։ Տան կրտսեր զավակն էր, երկու եղբայր ունի։

Հրդեհի հետեւանքով զոհվածների թվում է նաեւ Պավլիկը՝  Աչաջուր գյուղից։ Տան միակ որդին էր, մեկ քույր ունի։ Պավլիկը կարատեով էր զբաղվում։ Նա ամռանը պետք է զորացրվեր։

Զոհերից Դավիթը Կոշ գյուղից էր, մեկ տարվա ծառայող։ 9–ամյա կրթությունից հետո ընդունվել էր քոլեջ, ավտոմեխանիկ էր ուզում դառնալ։ Նա ընտանիքի ավագ զավակն էր։ Երկու եղբայր եւ մեկ քույր ունի, եղբայրներից մեկն օրեր առաջ բանակ էր զորակոչվել։

Հրաչյան նույնպես մեկ տարվա զինծառայող էր։ Նա Երեւանից էր, ընտանիքի միակ որդին, ուներ իրենից մեծ քույր: Նախքան զորակոչվելը ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարման բաժնում։

Նարեկը Նորագավիթից էր, մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Զբաղվում էր սուսերամարտով, մինչեւ բանակ գնալն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի։ Նարեկը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն է,  միջազգային կարգի մրցանակակիր։

Գագիկը ծնունդով Գառնի համայնքից էր: Նա տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Գերմանիա, մեկ  տարի առաջ վերադարձել էր  Հայաստան՝ ծառայելու համար։ Նա իրենից փոքր քույր եւ մեկ տարեկան եղբայր ունի։

Միշան Մեծավան գյուղից էր, մեկ տարվա ծառայող։ Նա զբաղվում էր ուժային եռամարտով ու կարատեով, ճանաչվել չեմպիոն՝ Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում։ Միշան սովորում էր ԵՊՀ մշակութաբանության բաժնում։ Ունի քույր ու եղբայր։

Հայկը Մեծամոր քաղաքից էր, ընտանիքի ավագ զավակը, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24–ին կլրանար նրա ծառայության մեկ տարին։ 

Սերգեյը Դարբնիկ գյուղից էր, նա մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Ունի մեկ կրտսեր եղբայր։

Համլետը Մարտունի քաղաքից էր, նա միակողմանի ծնողազուրկ էր, ընտանիքի միակ որդին, երկու քույր ունի։

Բոլոր տղաները ժամկետային զինծառայողներ էին, նրանց մեծ  մասը մասնակցել էր սեպտեմբերյան մարտերին։

Լուսանկարում վաշտի տղաները վերջին Նոր տարին են միասին նշում, թերեւս խմում խաղաղության կենացը, իրար անփորձանք ծառայություն մաղթում։

Դժբախտաբար, 19 օր հետո նրանցից 15–ի կյանքը ընդհատվեց։ 

Զոհերից ոչ մեկի մարմինը դեռեւս չի հուղարկավորվել։ Նրանց աճյունները պետք է գենետիկ փորձաքննության ենթարկվեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին