Այսօր լրատվական կայքերից մեկը գրել էր, որ շուջ երկու ամիս է ադրբեջանցիների սեփականություն են դարձել Հայաստանի բոլոր քաղաքացիների Վիվասելի և Օրանժի բջջային հեռախոսահամարները, երկրի բնակչության գրանցման ողջ բազան, բոլոր ավտոմեքենաների տվյալների բազան՝ համարներով ու իրենց տերերի տվյալներով, Հայաստանի անձնագրային տվյալների ողջ բազան:
Նշվում է, որ դեռևս անցած դեկտեմբերի 16-ին, ադրբեջանական հակերների մի խումբ, որը հայտնի է Anti-armenia.ORG անվամբ, կարողացել է երկու միլիոնից ավելի հայի տվյալներ կորզել մեր պետական պաշտոնական կայքերից ու այնուհետև կոտրել այդ կայքերը:
Տեղակատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի լրագրողներ, քանի որ ցանցում մի լրատվական իր համար բացահայտել է երեք ամսվա նորություն, տամ պարզաբանում։ Ուրեմն, ադրբեջանական Antiarmenia հաքերային խումբը դեկտեմբերին հայտարարեց, որ իրենք կոտրել եւ գողացել են ՀՀ բոլոր բջջային բազաները: Իրականում, տվյալների արտահոսք եղել է 2010 թ., Հայաստանից, ադրբեջանցիք դրա հետ կապ չունեն։ Իրանք պարզապես գտել են դա ցանցում եւ փորձում են իրանց վերագրել։ Խաբլանների մեկն են։ Հա, մեկ էլ, որ արխիվներում փորեք, կգտնեք, որ ոստիկանները նույնիսկ մի երկու տարի առաջ էս գործով մարդ են բռնել։ Բայց ոչ իրական գողին, այլ գողոնը վաճառողներին»: