▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հերթական գաղտնի զիջումը՝ թշնամուն»․ Րաֆֆի Ասլանյան

Թարմացված․ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.

« ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փորձելով հերքել իմ նախորդ գրառումը՝ արձանագրելով, որ Երասխում իբրև դիրքային փոփոխություն չի եղել։ Իհարկե, սա նույն ՊՆ-ն է, որը նույն ջանասիրությամբ հերքում էր Սև լճի, Կապան-Գորիս ճանապարհի և այլ տարածքների հանձնումը, սակայն պատրաստ եմ ՊՆ ներկայացուցչի հետ այցելել նշված մարտական դիրքի մոտակայք (հենակետի անունը դիտավորյալ չեմ նշում), ապացուցել, որ առնվազն 2007 թվականի դրությամբ, երբ վերջին անգամ եղել եմ այդ դիրքում, այն ՀՀ ԶՈՒ իրավազորության ներքո է եղել, իսկ իրենք թող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ։ Սպասում եմ արձագանքի….»:

***

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյբուքյան գրառումը․

«Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր չէ), որից դիտարկելիս, դրա գերակայության շնորհիվ, Նախիջևանի ողջ Սադարակ քաղաքը, «գայլի դարպաս» կոչվող լեռնանցքը և դրանով Նախիջևանից դեպի Թուրքիայի սահմանային անցակետ տանող միակ ճանապարհը կարծես ձեռքիդ ափի մեջ լիներ, անզեն աչքով տեսանելի էր ցանկացած տեղաշարժ։
Օրերս Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի, որ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը, մի պահ չհավատացի, ավտոմեքենայից իջա, հեռախոսով պատկերը մոտեցրեցի և լուսանկարեցի, բայց ցավոք չէի սխալվել։ Այդ ռազմավարական կարևոր նշանակության բարձունքը աթոռի պահպանության նպատակով ՀՀ կործանարար, դավաճան իշխանության հերթական անկրակոց, բայց արդեն գաղտնի զիջումն է թշնամուն՝ կեղծ խաղաղության խոստմամբ, և հիմա ակնհայտորեն ճիշտ հակառակն է՝ թշնամու կողմից նույն կերպ՝ ընդամենը 4-5 հարյուր մետրից դիտարկվում է Երասխ համայնքը, Երասխի բանուկ տրանսպորտային խաչմերուկը, շրջակա բնակավայրերը և Երևան-ՀՀ հարավ-Իրան միակ միջպետական ճանապարհը»։

Թարմացված․ Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ:
Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներին առնչվող ուղղորդված, ապատեղեկատվություն հանդիսացող հրապարակումների աճի միտում, ինչի կապակցությամբ հանրությանը և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք լինել զգոն ու հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին