▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին, գրում է «Հետքը»:

Կայքը գրում է. «Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ․-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից՝ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ Մինչ այդ՝ 2022 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

Կարիերային զուգահեռ Ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։

Ամիսներ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 25/8 հասցեում, ավարտին են հասցվել երկհարկանի շինության վերակառուցման աշխատանքները։ Ընդլայնված այդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Արամի Հովհաննիսյանին՝ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի որդուն։ Կառուցապատող Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ․-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։  

2014-2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։ Այդ բաժնի շենքի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։ 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։ 81.66 քմ հողամասի մեկնարկային գինն աճուրդում սահմանվել է 2 միլիոն 41 հազար 500 դրամ, որը Հրաչյա Հովհաննիսյանը գնել է 2 միլիոն 143 հազար 575 դրամով։ Հողամասն օտարվել է հասարակական շինություն կառուցելու նպատակով։ 2016 թ․-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ Թե ի՞նչ միջոցներով է 21-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը հողը ձեռք բերել և նման շինարարություն իրականացրել, հայտնի չէ։

Հասարակական կառույցի սեփականատեր դառնալուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը  զավթել է նախկին կայանատեղիի մյուս մասը՝ 70քմ և 4քմ հողամասերը, որոնց վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Մենք կարող ենք ենթադրել, թե ինպես է Երևանի քաղաքապետարանը «վերահսկողություն իրականացրել», որ չկանխվի հողամասի զավթումը։ 2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։ Երևան համայնքի ղեկավարների որոշումներով օրինականացվել են համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված շինությունները և ուղիղ վաճառքով օտարվել Հրաչյա Հովհաննիսյանին։ Ընդհանուր 74 քմ հողամասի համար Հովհաննիսյանը Երևան համայնքի բյուջե է վճարել 2 միլիոն 8 հազար 692 դրամ։

Այս տարածքը ձեռք բերելուց հետո Հրաչյա Հովհաննիսյանը կրկին շինթույլտվություն է ստացել և վերակառուցել է արդեն գոյություն ունեցող երկհարկանի շինությունը։ Ընդհանուր առմամբ 156 քմ հողամասի վրա այժմ հասարակական նշանակության երկհարկանի շինություն կա, որտեղ տարբեր տնտեսվարողներ տարածք են վարձակալել և գործունեություն են ծավալում։ Ի միջի այլոց, ոստիկանապետի որդուն պատկանող տարածքում տեղակայված «Ֆոտո ստուդիան» և պատճենահանման կետը, որը Շենգավիթի անձնագրայինի մուտքից մոտ 10 մետր հեռավորության վրա է, փոխկապակցված է Շենգավիթի անձնագրայինի պետի հետ։

Այս փաստերի համադրությունը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ Ոստիկանության կայանատեղին և համայնքային հողը իրականում ձեռք է բերել ոչ թե Հրաչյա Հովհաննիսյանը, այլ նրա հայրը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Մեկնաբանություն և պարզաբանումներ ստանալու նպատակով «Հետքը» գրավոր հարցմամբ դիմեց Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին։ Ստորեւ՝ նրան ուղղված հարցերը.

  • 2015 թ․-ին Ձեր որդին 21 տարեկան է եղել։ Որտեղի՞ց նրան 2.1 միլիոն դրամ՝ համայնքային 81 քմ հողամասը գնելու համար։ 2015 թ․-ին նա աշխատանք ունե՞ր։
  • Արդյոք Դու՞ք եք առաջարկել Ձեր որդուն, որ հողամասը գնի կամ այն ձեռք բերվի իր անունով։
  • Ոստիկանության Շենգավիթի բաժնի՝ որպես կայանատեղի օգտագործած տարածքը, Ձեր որդու անունով ձեռք բերելու ժամանակ Ձեզ չի՞ մտահոգել, որ գործարքի հետևանքով անհարմարություն եք պատճառելու առաջին հերթին ՀՀ ոստիկանությանը, և որ կայանատեղին գնելու որոշումը Ոստիկանության շահերին դեմ է։
  • Դուք տեղյակ եղե՞լ եք, որ Ձեր որդին հետագայում համայնքային հող է զավթել, որի վրա ապօրինի շինարարություն է իրականացրել։ Որպես իրավապահ կառույցի բարձրաստիճան պաշտոնյա ի՞նչ գործողություններ եք ձեռնարկել Ձեր որդու հակաօրինական վարքագիծը կանխելու՝ համայնքին հնարավոր վնասից պաշտպանելու ուղղությամբ։

Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, չհերքելով ներկայացված փաստերը, չհակադարձելով մեր հարցման մեջ արված պնդումներին, հայտնել է․ «Ի պատասխան Ձեր գրության՝ խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ Ձեր կողմից բարձրացված հարցերից բխող տեղեկատվության տնօրինողը չեմ հանդիսանում։ Տղաս՝ Հրաչյա Արամի Հովհաննիսյանը, չափահաս անձ է, ունի իր եկամտի աղբյուրը, հետևապես առաջարկում եմ, որպես իրավասու սուբյեկտի, հարցերն ուղղել իրեն և ստանալ պատշաճ արձագանք»։

Ոստիկանապետի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը, «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ կայանատեղիի զբաղեցրած հողամասի վաճառքի մասին իմացել է հայտարարությունից, որի համաձայն՝ հողամասը համայնքային է եղել, չի պատկանել Ոստիկանությանը։ Հարցին, երբ հողամասը գնեցիք, Ձեր հայրը Ձեզ չհարցրե՞ց, թե ինչու եք Ոստիկանության կայանատեղին գնել, նա բացասական պատասխան տվեց։ Նրա խոսքով` 81,66 քմ հողամասն անբարեկարգ տարածք է եղել, որտեղ մեքենաներ հնարավոր չէր կանգնեցնել։ Անդրադառնալով սեփականաշնորհած հողատարածքի հարևանությամբ գտնվող համայնքային հողամասը զավթելուն և դրա վրա ապօրինի շինարարության մասին մեր դիտարկմանը՝ Հրաչյա Հովհաննիսյանն ասաց․ «Տվյալ տարածքում աղբ էր կուտակվում, անօթեւան մարդ կար։ Մեր շինության կոնդիցիոները այրվել է մի քանի անգամ՝ այդ մասում կուտակված աղբն այրելու հետևանքով։ Մենք մաքրեցինք տարածքը, որից հետո ինքնակամ կառույցներն օրինականացնելու որոշումը եղավ, օրինականացրինք»։

Հրաչյա Հովհաննիսյանը չի կարծում, որ իր գործողություններով վնաս է հասցրել հոր՝ Ոստիկանության պետի հեղինակությանը։ Իսկ թե ինչ միջոցներով է 2015 թվականին (21 տարեկանում) հողամասը գնել և շինարարություն արել,  ոստիկանապետի որդին պատասխանեց, որ ձեռնարկատիրությամբ է զբաղվել, այգիներ ունեն, ինչպես նաև՝ Լանջազատ համայնքի տարածքում հանգստի գոտի-տաղավարներ, որոնց վարձակալությունից եկամուտ են ստացել, իսկ շինարարությունն իրականացրել է վարկային միջոցներով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին