▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ տնտեսությունը շարունակում է ապավինել հանքարդյունաբերության ոլորտին. «Տնտեսական լրագրողների ակումբ»

«Տնտեսական լրագրողների ակումբը» գրում է, որ ՀՀ տնտեսությունը շարունակում է ապավինել հանքարդյունաբերության ոլորտին, չնայած վերջինս էականորեն թուլացրել է դիրքերը: Այդ մասին է վկայում այս ամիս հրապարակված 2023թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Նշված ժամանակահատվածում ընկերությունը պետական բյուջե է վճարել շուրջ 35 մլրդ դրամ հարկային գումար, ինչը շուրջ 25 տոկոսով գերազանցում է նախորդ եռամսյակում կատարած մուծումներին, սակայն ավելի քան 66 տոկոսով պակաս է անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ:

Սա մի քանի բացատրություն  ունի։ Առաջին հերթին՝ անցյալ տարի գործող արտահանման տուրքի մասին օրենքում փոփոխությունը, որի հետեւանքով անցյալ տարի վճարված հարկերի քանակը աննախադեպ էր, թեեւ՝ հանքարդյունաբերողների պնդմամբ սա մեծագույն հարված էր ոլորտի տնտեսական արդյունավետությանը։ Դեր է խաղացել նաեւ  այն հանգամանքը, որ անցյալ տարի ԶՊՄԿ-ն վճարել է նախորդ տարիներից եւ մինչեւ սեփականատիրական կազմի փոփոխությունը գոյացած չվճարված հարկային պարտավորությունները։ Այս տարի նաեւ արտարժույթի փոխարժեքի աննախադեպ անկման հետեւանք կարելի է համարել հարկերի նվազումը, քանի որ հանքարդյունաբերական ընկերությունները արտահանում են ողջ արտադրանքը, եկամուտը միայն արտարժույթով է, իսկ բոլոր գործառնական եւ կապիտալ ծախսերը, որոնք տարբեր հաշվարկներով եկամուտի կեսից ավելին են կազմում, իրականացվում են տեղում՝ ՀՀ դրամով։

Թերեւս, այս հանգամանքներով է պայմանավորված, որ ինչպես երեւում է բերված աղյուսակից, հանքարդյունաբերությամբ եւ հանքարդյունաբերությանն առնչվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (հաշվի են առնված միայն մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները) 1000 խոշոր հարկատուների ցանկում լուրջ հետընթաց են արձանագրել ինչպես դիրքային առումով, այնպես էլ վճարած հարկերի մեծությամբ, թերեւս բացառությամբ ԶՊՄԿ-ի, որ թեեւ վերեւ բերված պատճառներով նվազեցրել է հարկերը, պահպանել է առաջին հարկատուի դիրքը: Ի դեպ, եթե համեմատենք այս տարվա առաջին կիսամյակին ԶՊՄԿ վճարած հարկերը նախորդ 10 տարիների հետ, ապա միեւնույն է ԶՊՄԿ-ն այս տարի ավելի շատ հարկ է վճարել, քան նախորդ բոլոր տարիների նույն ժամանակահատվածում (չհաշված բացառիկ նախորդ տարին)։

Այդուհանդերձ, եթե 2022 թ. 1-ին կիսամյակում ցանկում ներառված 15 կազմակերպություններից 9-ը հայտնվել են 100 խոշոր հարկ վճարողների շարքում, այդ թվում 4-ը՝ առաջին 10-յակում, ապա 2023 թ. նույն ժամանակահատվածում այդպիսի կազմակերպությունները ընդամենը 2-ն են՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ «Թեղուտը», ընդ որում՝ վերջինս եզրափակում է նշյալ ցանկը: Հարկ է նկատել նաեւ, որ կազմակերպություններից 5-ը լքել են 1000 խոշոր հարկ վճարողների շարքերը, միեւնույն ժամանակ ցանկում ներառվել են 3 նոր ընկերություն: 

Ինչ վերաբերում է խոշոր հանքարդյունաբերական կազմակերպությունների վճարած հարկերի մեծությանը, ապա դիտարկվող ժամանակաշրջանում դրանք ավելի քան եռակի անգամ նվազել են, այն դեպքում, երբ բոլոր 1000 հարկ վճարողների մուծած հարկերն ավելացել են 21 տոկոսով: Հավելենք նաեւ, որ եթե 2022 թ. 1-ին կիսամյակում 1000 հարկատուների կողմից վճարված հարկերի 1/5-ն ապահովել են հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները, ապա 2023 թ. նույն ժամանակահատվածում այդ մասնաբաժինը կրճատվել է շուրջ 4 անգամ: Սա եւս մեկ անգամ փաստում է հանքարդյունաբերության ոլորտի նահանջի մասին:

Չնայած պատճառների մասին համապարփակ հետեւություններ անելու համար կիսամյակային վերլուծությունը բավարար չէ, տարեկան կտրվածքով տվյալները պատկերն առավել ամբողջական կդարձնեն, սակայն կարող ենք նշել, որ բացի վերը բերված պատճառներից, դեր է խաղում այն հանգամանքը, որ գործող խոշոր ընկերություններից մի քանիսը պարզապես գրեթե չեն գործում: Մասնավորապես, «Թեղուտ» ընկերության հարկային վճարումների ավելի քան 82 տոկոս կրճատման գլխավոր պատճառը ռուս–ուկրաինական հակամարտությունն է, Արցախյան վերջին պատերազմից հետո այս պահին գրեթե չի գործում Սոտքի հանքավայրը։ Մեծ հաշվով, կարելի է համարել, որ ոլորտը ճգնաժամի մեջ է, եթե հավելենք նաեւ մի քանի տարի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող Լիդիանը։ Միակ գործող խոշոր ընկերությունը մնացել է ԶՊՄԿ-ն։

Ռեսուրսատար ճյուղի կրճատումը  միջին ու բարձր տեխնոլոգիական արտադրության զուգահեռաբար զարգացման պարագայում, միգուցե այդքան անհանգստացնող չէր լինի, սակայն, քանի դեռ նշված ոլորտում շոշափելի առաջընթաց չունենք,  իսկ ռեսուրսների համար պայքարում Հայաստանը իր ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման փոխարեն, կարծես ապրում է ոլորտի զգալի կրճատման փուլ, սա անհանգստացնող միտում է ոչ միայն տնտեսական, այլեւ առհասարակ երկրի անվտանգության տեսանկյունից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին