ՀՀ–ն պետք է հարգի ցանկացած ազգի ազատ ինքնորոշման իրավունքը։ Ավելին, Արցախի Հանրապետությունը ՀՀ–ն պետք է ճանաչեր 44-օրյա պատերազմի առաջին օրերին։
Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
«ՀՀ–ն Արցախի անկախությունը չէր ճանաչում, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի։ Սակայն բանակցային գործընթացը խախտեցին, և ադրբեջանցիներն ու թուրքերը հարձակվեցին ՀՀ–ի դեմ։ Որևէ տրամաբանական բացատրություն չեղավ, թե ինչու ՀՀ–ն չճանաչեց Արցախի անկախությունը»,–ասել է Խաչատրյանը։
Հարցին, թե ՀՀ–ն պե՞տք է ճանաչի ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը` Խաչատրյանը պատասխանել է , որ ՀՀ–ն պետք է այդ հարցը քննարկի և պատեհ առիթով որոշում կայացնի։ Խաչատրյանը նշել է` դա իր կարծիքն է, դեռ թիմի հետ այս հարցը չեն քննարկել։
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։