▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն. Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառմանը:

«Հիմա էլ ՍԴ-ի աշխատակազմի ղեկավարն է մտել քաղաքականություն և կոչ է անում ապրիլի 5-ին բոյկոտել հանրաքվեն: Այս դատարանի` ծայրից ծայր քաղաքականացված լինելը արդեն թաքցնելու փորձ էլ չի արվում:
Դե ինչ, այս ամենին ի պատասխան Էդգար Ղազարյանին և իր շեֆին մեկ ասելիք կա`
ՈՏՔԻ՛, ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԳԱԼԻՍ»,- գրել է Սիմոնյանը:

Նշենք, որ  ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ առաջին անգամ իր կյանքում չի մասնակցելու հանրաքվեին: Նա մասնավորապես նշել է, որ որոշում է կայացրել որևէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեին Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեին և կոչ արել իր բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին անտեսել այդ կեղծ օրակարգը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Առաջին անգամ իմ կյանքում չեմ մասնակցելու հանրաքվեի

Ընտրելու իրավունք ձեռք բերելուց հետո, 1995 թվականի հուլիսի 5-ին առաջին անգամ հնարավորություն եմ ունեցել մասնակցել ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հանրաքվեին։ Այդ պահից ի վեր, ես առանց բացառության, մասնակցել եմ համապետական և տեղական բոլոր ընտրություններին և հանրաքվեներին՝ դա համարելով իմ քաղաքացիական պարտքը և իմ մասնակցությունը բերելով կարևոր որոշումների կայացմանը։

Հետևելով Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացներին, կեղծ օրակարգերի ձևավորմանը, անմիտ խնդիրների առաջադրմանը և հակասահմանադրական ու հակաօրինական զարգացումներին` ես որոշում եմ կայացրել իմ կյանքում առաջին անգամ որևէ կերպ մասնակցություն չունենալ 2020 թվականի ապրիլի 5-ին հանրաքվեի անվան տակ կազմակերպված զավեշտին։ Ես չեմ ուզում որևէ կերպ առնչություն ունենալ այդ մեծ ապօրինությանը, որն օրվա իշխանությունները ուզում են փաթաթել մեր ժողովրդի գլխին՝ հերթական անգամ չարաշահելով նրա ազնիվ մղումներն ու զգացմունքները։

Ես կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին, բարեկամներին և մտերիմներին, լուրջ չվերաբերվել այդ ամենին, անտեսել այդ կեղծ օրակարգը, զբաղվել սեփական գործերով և որևէ կերպ մասնակցություն չունենալ այդ խարդավանքին։ Հետաքրքիր զուգադիպությամբ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Դա հրաշալի առիթ է այդ գեղեցիկ օրը Եկեղեցի այցելելու, օրհնություն ստանալու և ընտանիքի հետ լավ օր վայելելու համար։

ՄԻ՛ ՄԱՍՆԱԿՑԵՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին