▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր պատերազմին ռուսական ռազմական միջամտության գործոնի մասին

Վերջերս ակտիվացել են ղարաբաղաադրբեջանական պատերազմի վերսկսման մասին վերլուծությունները՝ կապված հատկապես վերջերս Ադրբեջանի կողմից դիվերսիոն և կրակային գործողությունների կազմակերպման ինտենսիվության հետ (հանուն արդարության պետք է ասեմ, որ այդպիսի գործողություններ եղել են միշտ, դիցուք՝ 2001-2003 թթ. իմ ծառայության ընթացքում մշտապես եղել են կրակոցներ և դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր, հատկապես կատաղի փոխհրաձգություն էր ընթանում Ոսկեպարի հատվածում 2003թ. սկզբներին՝ սահմանի Նոյեմբերյանի շրջանի ողջ երկայնքով՝ ավելի հարմար մարտական դիրքեր գրավելու համար): Հատկապես տարածված է կարծիք, որ Ադրբեջանը փորձում է սանձազերծել պատերազմ, որը նաև Ռուսաստանի ցանկությամբ է, ինչի արդյունքում այն իր խաղաղապահ զորքերը կմտցնի ազատագրված տարածքներ և դրանով կխոչընդոտի ԱՄՆ-Իրան հարաբերությունների բարելավմանը: Արդյո՞ք Ռուսաստանը կարող է գնալ այդպիսի քայլերի. սա շատ խնդրահարույց է և անհեռանկարային: Այդ քայլին գնալու համար պետք է տեղի ունենա աշխարհաքաղաքական հարաբերությունների լուրջ փոփոխություն, ասենք, ԱՄՆ-Իրան հարաբերությունները դառնան դաշնակցային, որպեսզի Ռուսաստանը Իրանի սահմանին զորք տեղակայի, իսկ այդպիսի սցենարը տեսանելի ապագայում գրեթե անհնար է: Ուրեմն, Մոսկվան այդպիսի քայլով Իրանի հետ հարաբերություններում արհեստական խոչընդոտներ և անվստահության մթնոլորտ կսերմանի, որի արդյունքում կզրկվի տարածաշրջանի իր բնական դաշնակցից: Հաջորդ հանգամանքը, որ կրկին անհնար կամ, ավելի ճիշտ, իլյուզիվ է դարձնում Ռուսաստանի կողմից խաղաղապահներ տեղակայելու ցանկությունը, պատերազմի՝ որպես քաղաքական գործընթացի անկանխատեսելիության բնույթն է: Կարևոր է ոչ միայն ռազմական կոնֆլիկտի հիմնական ու հարակից սուբյեկտենրի՝ Հայաստան, ԼՂՀ, Ադրբեջան և Ռուսաստան, այլև օժանդակ սուբյեկտների՝ ԱՄՆ, ԵՄ շահերի առկայության ու դրսևորման ձևերը (նշենք, որ այստեղ ռազմական կոնֆլիկտի մասնակիցների սուբյեկտայնության տարանջատումը պայմանական է, քանի որ դրանք կարող են փոխվել՝ կախված պատերազմի ծավալման եղանակից և քաղաքական ու ռազմական իրադրություններից): Մյուս կողմից, ԱՄՆ-ն հայտնի է որպես միջնորդական-խաղաղապահական առաքելության իրականացման «մենատեր», ուստի այս ամենը բանակցային կազմակերպման արդյունք է, և Ռուսաստանը միայնակ չի կարող լուծել խաղաղապահական առաքելության հարցը: Պետք է փաստել նաև, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն իրենց աշխարհաքաղաքական կոդերում դեռևս պահում են հարավկովկասյան տարածաշրջանը, որը ոչ միայն «ուղղակի աշխարհագրորեն» և էներգետիկ առումներով է կարևոր, այլև՝ «միջնորդավորված աշխարհագրորեն»՝ որպես Մերձավոր Արևելք և Միջին Ասիա թափանցելու լրացուցիչ միջանցք: Սակայն աշխարհաքաղաքական շահերի խաչաձևման հարցերի կողքին առկա է պատերազմին զուտ ռուսական ռազմական միջամտության գործոնը, որը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է և սույն կառույցի կանոնադրության համաձայն՝ կազմակերպության անդամ երկրները պետք է օգնություն տրամադրեն այն անդամին, ում նկատմամբ եղել է ռազմական ագրեսիա (սակայն, կարծում եմ՝ այստեղ առկա են խնդիրներ՝ կապված ռազմական օգնության տրամադրման և ագրեսիայի գնահատման հետ, ինչպես իրավական ձևակերպման, այնպես էլ՝ կառուցվածքային առումներով, բայց սա քննարկման այլ թեմա է): Սակայն Ղարաբաղի հարցում առաջ են գալիս խուսանավման լավ հնարավորություններ, քանի որ ԼՂՀ-ն ՀԱՊԿ անդամ չէ, ուստի չի կարող լինել նման միջամտություն: Իսկ Ռուսաստանն էլ կձգտի պահպանել բալանսը, որովհետև մի կողմում տարածաշրջանում նրա ռազմա-քաղաքական դաշնակից Հայաստանն է, մյուս կողմում՝ գեոտնտեսական ստրատեգիական գործընկեր Ադրբեջանը, և նա չի ցանկանա կորցնել կողմերից և ոչ մեկին, իսկ այսպիսի իրավիճակում կարևորվում են Թուրքիայի և Իրանի դերակատարությունը, հետևաբար՝ Իրանը մեզ համար անչափ կարևոր գործընկեր է, իսկ Ռուսաստանն էլ պետք է ընտրություն կատարի. ՆԱՏՕ անդամ Թուրքիա՞, թե հակաարևմտյան Իրան:

 

Արման Սահակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին