Երեկ Հանրային հեռուստաընկերությունն ազդարարել է նոր եթերաշրջանի բացումն, ինչի առիթով Հանրայինի շենքի բակում համերգ ու «ֆուրշետ» էին կազմակերպել: Երեկոյի տորթն ազդարարում էր Հ1-ի նոր լոգոն. այն նախկինից տարբերվում է նրանով, որ 1 թիվն ավելի տափակ տեսք ունի: Իսկ տորթի համի մասին ներկաները մի փոքր ուշ կարողացան կարծիք հայտնել, քանի որ այն երկար ժամանակ կուսական վիճակում էին թողել:
Ըստ ասեկոսեների, Հ1-ի եթերաշրջանի բացմանը Հանրային Հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը հատկապես սպասում էր Առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում այցելությունների գրաֆիկը, սակայն, կիրակի օրվա համար այլ է եղել` նա ներկա է գտնվել Դմիտրի Խվորոստովսկու համերգին:
Ինչևէ, Հ1-ի նոր եթերաշրջանն աչքի է ընկել սև ջիփերի առատությամբ` հեռուստատեսության դարպասներից դուրս և գլամուրային կերպարներով` դարպասներից ներս:
Իսկ երեկոն ազդարարել է Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը , ով, թերևս, այնքան հուզված է եղել, որ երեկոն «հուզալի» է անվանել:
Իսկ Հանրային Հեռուստառադիոընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանի «հուզումը», թերևս, պայմանավորված էր Ազգային Ժողովում այսօրվա ելույթով և պատգամավորների հարցերին պատասխանելով, ինչը բավականին «անհույզ» էր:
Ջաղինյանի պատասխանները կարճ էին, բայց ամենևին ` ոչ կոնկրետ: Չնայած թեմայի շուրջ կոնկրետ հարց տվեց միայն ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, այն էլ ոչ թե Ջաղինյանին, այլ հարակից զեկույցով հանդես եկող Հայկ Բաբուխանյանին` գաղջ մթնոլորտի ձևավորման գործում Հանրային հեռուստաընկերության դերի մասին/ պատասխանն, ի դեպ, ավելի շատ «ցրողական» էր ու ոչ էական/:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ՀՀԿ-ական կանայք հրահանգ էին ստացել «կրծքով» պաշտպանել «լյուբիմչիկ» Ջաղինյանին, ինչն էլ պատվով կատարել են ու ինչի գագաթնակետն էլ եղել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի սրտառուչ ելույթը, ով «երկրորդել» է Ջաղինյանի հասցեին հղված շնորհավորքններն ու երիցս վստահություն է հայտնել, որ պետք է հավատալ Ջաղինյանին, ըստ որի «նա սիրում է իր գործը»:
Մոնթե Քրիսթափորյան