Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի գործերը միայն օգոստոսի 29-ին են ընդունվել Հատուկ քննչական ծառայության վարույթ, դրանց ՀՔԾ պետը դեռ ծանոթ չէ և որևէ բան ասել չի կարող:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ վերջիններս շուտով քրեական գործերի շրջանակներում հայտնվեն մեղադրյալի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարարի և ԱԺ նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ:

«Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։

Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Լրագրողների հետ ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այս ամենը գաղտնազերծվի. Սասուն Խաչատրյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին


