Իմ բնորոշմամբ, իրենք էլ են հասկանում, որ շատ պրոբլեմատիկ փաթեթ են բերել ու փորձում են խնդիրները շտկել, թե ինչ խնդիրներ, չգիտեմ, դա կերևա նախագծի թարմացումից հետո: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այսօրվա տապալված ԱԺ արտահերթ նիստի մասին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաձեռնող կողմը ետ է կանչել Սահմանադրության մասին աղմկահարույց նախագծերը, սակայն պատրաստվում է ներկայացնել նորերը:
Մարուքյանի խոսքերով, ներկայացված նախագծերի մասով շատ մտահոգություններ ունի ու այնքան հարց կա տալու դրանց հեղինակներին, որ անհնար է սահմանված ժամկետում դրանք տալ. «Կան նաև քաղաքական հարցեր»:
«Այս իշխանությունն անդադար իր ոտքի վրա կրակելով է զբաղված: Երբ մենք ասում ենք, «այ ախպեր ջան, այ ցավդ տանեմ, այ գլխիդ ղուրբան, ոտքից մի կրակի», էս մարդիկ չեն հասկանում: Քիչ չի չեն հասկանում, մի հատ էլ ստանում ենք ամենավատ վիրավորանքներով պատասխաններն ու վերաբերմունքը»,-ասաց նա:
ԼՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ՍԴ-ի շուրջ ճգնաժամ չկա, սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ դա կա, դրա համար չի կարելի մատաղ անել իրավունքի գերակայությունը, Հայաստանի վարկը. «Չի կարելի հնարավորություն տալ նախկին ռեժիմի ներկայացուցիչներին վերակենդանանալու»:
«Ասեք խնդրում եմ գոնե մեկ ռեֆորմ, որ այս իշխանությունները ցանկացել են անել, սակայն ՍԴ-ն թույլ չի տվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյան անձին, Մարուքյանն ասաց, որ անձերով երբեք չի զբաղվելու ու չի զբաղվում. «Հրայր Թովմասյանը նախկին իշխանության ներկայացուցիչ է, Սահմանադրության հեղինակներից մեկն է: Նրա ամբողջ թիմն իշխանությունից հեռացել է, պետք է ինքն էլ ժամանակին գնար: Սակայն, եթե չի հեռացել, չի նշանակում, որ դրա համար պետք է այսքան արժեք զոհաբերել: Բայց ասեմ, որ այս ամեն ինչն օգուտ է Հրայրին, Սերժ Սարգսյանին»:
Մարուքյանը հայտարարեց, որ ներկայացված նախագծերը հակասահմանադրական են, իսկ հետևանքը կլինի մեր երկրի խայտառակությունը. «Կոնկրետ պատգամավորների համար հետևանք չեմ կանխատեսում: Ես անձերով չեմ զբաղվում, ինձ պետությունն է հետաքրքիր, ինձ չի հետաքրքրում, թե ով խնդիրներ կունենա: Եթե հանցագործություն են արել, դատարանն ապացուցել է, թող գնան նստեն»:
Մարուքյանը բացառեց, որ իրենք կողմ կքվեարկեն փաստաթղթերին, որոնք տեսել են:


