▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռիփսիմե ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՃԱՀԻ՞ՃՆ է ընկել

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է  Օլիմպիական խաղերի ծանրամարտի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

-Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:
-Ծնողներս:

-Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր Ձեր հիշողությունից:
-Ամուսնությունս, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերը և ինձ համար այնքան սպասված բրոնզե մեդալը:

-Ըստ Ձեզ, ո՞րն է հաջողության հասնելու գաղտնիքը:
-Գործում լինել խելացի:

-Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:
-Առայժմ չեմ ուզում պատկերացնել ինձ հաջորդ կյանքում, դեռ այս կյանքս պետք է ապրեմ: Համենայն դեպս, մինչ օրս ինչ ցանկացել եմ, ստացել եմ:

-Ի՞նչը կարող է Ձեզ ստիպել ուրախության աստիճան արտասվել:
-Մարզական բոլոր իմ հաղթանակները:  Իսկապես, ոչ մի հաղթանակից հետո  չեմ կարողանում թաքցնել արցունքներս:

-Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:
-6 տարեկան էի, մի անգամ քրոջս  ծաղիկ էի ուզում նվիրել, բայց այնպես ստացվեց, որ ծաղիկը ճահիճի մյուս կողմում էր .... հենց այդպես էլ հայտնվեցի ճահճում:  Սկզբում այն ինձ ուղղակի կանաչ տարածություն թվաց, բայց երբ մի քանի քայլ առաջ գնացի` միանգամից հայտնվեցի դրա մեջ, սարսափելի էր:

-Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:
-Ոչինչ էլ չէի ցանկանա նվիրել:  Եթե մի բանի  անունը թշնամի է, էլ ոնց կարելի է նվեր անել:

-Ծանրաձողը բարձրացնելուց վարկյաններ առաջ ի՞նչ եք մտածում:
-Միայն մեկ բան` վարժությունը ճիշտ կատարելու մասին:

-Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:
-Աշխատասիրություն:

-Ձեր մասին երբևէ լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:
-Ասեկոսեներին հիմնականում ուշադրություն չեմ դարձնում: Բայց վերջերս իսկապես շատ էի զայրացել: Օլիմպիական խաղերից հետո, մեր թերթերից մեկում փնովում էին ծանրամարտի հավաքականին և անդրադառնալով ինձ՝ մասնավորապես գրել էին, որ իմ բախտը բերել է, քանի որ իմ կորեացի մրցակիցը վնասվածք ստացավ և չշարունակեց պայքարել: Բայց մի բան հաշվի չէին առել, որ կորեացին ինձանից 50 կգ ավելի էր կշռում և նաև այն, որ ես խաղերից առաջ բարդ վիրահատության էի  ենթարկվել:

-Օլիմպիական բրոնզե մեդալակրի նվիրական երազանքը:
- Օլիմպիական ոսկե մեդալ:

-Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:
 -Պայքարել ու երբեք չհանձնվել:

-Կարողանում  ե՞ք արագ վերականգնվել պարտություններից հետ:
-Այո շատ արագ, դրա վառ ապացույցն էլ Օլիմպիական բրոնզե մեդալն էր: Աշխարհի առաջնությունում` վնասվածքից հետո, շատ արագ վերականգնվեցի: Շատերը ինձ ասում էին, որ չեմ կարող մասնակցել Օլիմպիական խաղերին, որը կրկնակի լարվածություն էր ինձ համար: Բայս ես չլսեցի ոչ-ոքի իմ մեջ կամքի ուժ գտա և կարողացա անել այն`ինչ արեցի:

-Մարդկային արժեքներից ո՞րն է առաջնային Ձեզ համար: 

-Պարզությունը և անկեղծությունը:

-Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

-2011թվականին Փարիզում՝ մեծահասակների աշխարհի առաջնության ժամանակ, լուրջ վնասվածք ստացա: Այդ մրցումներից էր կախված օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք  բերելը: Երբ վնասվածք ստացա, այլևս չկարողացա պայքարել մեդալի համար, կցանկանայի հենց դա անվերադարձ ջնջվեր իմ հիշողությունից:

-Գիրք կամ ֆիլմ, որը Ձեզ ստիպել է արտասվել:

-Հիշում եմ, երբ կարդացի «Մուսա լեռան քառասոն օրը» իսկապես շատ տպավորված էի, իսկ ֆիլմերից շատ եմ սիրում «Արտույտների ագարակը», որը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա և ստիպել է արտասվել:

Հեղինակ` Գոհար ՓԻԼԻՊՈՍՅԱՆ

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին