▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փափագում է թաղվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տակ

Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90 ամյակին' զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին գրել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը «Մեր բարեկամ պապը» խորագրով հոդվածում բացահայտելով արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոյի ելույթի մանրամասները:

«Հռոմեական Կաթողիկե եկեղեցու նորընտիր Սրբազան պապը մեր բարեկամն է' անձնապես իմ, Բուենոս Այրեսի հայ համայնքի եւ ընդհանրապես հայ ժողովուրդի: Իմ ծանոթությունը նորընտիր պապի հետ, սկսվել է 2005 թվականից, երբ նշում էինք Հայոց ցեղասպանության 90 ամյակը եւ այդ առիթով Բուենոս Այրեսի Մայր տաճարի մեջ զետեղեցինք Հայաստանից բերված մի խաչքար' մեր նահատակների հիշատակին:

Խաչքարի բացման ու օծման արարողությանը մասնակցեց նաեւ այդ օրերին Արգենտինայի արքեպիկոպոս եւ Բուենոս Այրեսի առաջնորդ կարդինալը՝ գերապատիվ Տեր Խորխե Մարիո Բերգոլիոն, որը, ի միջի այլոց, Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի նահատակության մասին խոսելուց բացի, կոչ արեց Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը եւ խաղաղ լուծում փնտրել Հայկական հարցին:

Նա շեշտեց նաև Հայ եկեղեցու Առաքելականությունը, Թադեոս եւ Բարդողիմեոս առաքյալների շնորհիվ, իսկ խաչքարի բացումից հետո ասաց նաեւ, որ փափագում է մի օր թաղվել այդ խաչքարի տակ: Տեղին է հիշեցնել, որ Մայր տաճարի ներսում թաղված են Բուենոս Այրեսի նախկին առաջնորդները: Ֆրանցիսկոս պապը միշտ էլ մասնակցել է ու ելույթ է ունեցել ապրիլյան նահատակներին նվիրված Մայր տաճարի մեր հոգեհանգստյան արարողություններին եւ այժմ վստահ եմ' որպես Հռոմի ու Կաթողիկե աշխարհի վեհապետ պապպ պետք է շարունակի մտածել ու գործել չքավորների եւ տառապյալների համար եւ պաշտպան կմնա անարդարության զոհ դարձած բոլոր ազգերին, որոնց թվում նաեւ' հայ ժողովուրդին եւ հայոց դատին:

Հաջողություն եւ երկար կյանք ենք մաղթում մեր բարեկամ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյին եւ մանավանդ Հռոմի այժմյան Ֆրանցիսկոս պապին»,- գրել է Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին