Երեկ պատմական Գանձակ քաղաքի նորակառույց թաղամասերից մեկում սեփական պատմություն չունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին փորձել է ոգևորել իր ժողովրդին: Լվանալով ադրբեջանցիների ուղեղները՝ կեղծիք, ատելություն և պատերազմ քարոզող Ալիևը, այնուամենայնիվ, կարծում եմ ունի դրա համար նաև անձնական պատճառներ: Արցախյան պատերազմի պատմությունը մեծ և ծանր հետք է թողել Ալիևների ընտանիքի համար: Չնայած, որ այդ ժառանգությունը նրանց բաժին է հասել Վեզիրովի, Մութալիբովի ու Էլչիբեյի ապաշնորհ քաղաքականության արդյունքում, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին պարտվել է հենց Ալիևների հրամանատարության տակ գործող բանակը:
Վեզիրովն ու Մութալիբովը կարծում էին, թե Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլ վայրերում խաղաղ բնակվող հայերի զանգվածային ջարդերով կարող էին կասեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ ապրելու իրավական պահանջը, որը նույնիսկ ավտորիտար սովետական սահմանադրությունն էր թույլ տալիս: Արդյունքում Ադրբեջանի իշխանությունների և ԽՍՀՄ որոշ չինովնիկների կողմից խրախուսվում էին պատմական հայկական բնակավայրերի վրա զինված հարձակումներն ու անզեն հայերի մասսայական սպանությունները:
Ավելի ուշ Ազգային ճակատի ղեկավար Էլչիբեյի կառավարության խնդիրը Ղարաբաղի դեմ լայնածավալ պատերազմ սանձարձակելն էր, որն ուղեկցվում էր Հայաստանի ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի վրա օդուժի, հեռահար տեխնիկայի, և բազմակի անգամ գերազանցող զինուժի հարձակումներով ու ռմբակոծումներով: Ակնհայտ էր, որ Էլչիբեյի հույսը նաև Թուրքիայի աջակցության վրա էր, որը տեղի չունեցավ (բացահայտ կերպով): Մոտ երկու տարի անընդմեջ հարձակողական մարտեր մղող Ադրբեջանը չկարողացավ օկուպացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` բացառությամբ Շահումյանի շրջանի ու Մարտակերտի շրջանի մի քանի գյուղերի: Ավելին, ղարաբաղյան պաշտպանական ստորաբաժանումների կողմից ազատագրվեցին պատմական հայկական Բերձորի, և Քարվաճառի տարածքները` հնարավորություն տալով Ղարաբաղին ազատվել շրջափակման օղակից:
Հետագայում ներքին խժդժությունները խորացրերցին Ադրբեջանում հասունացող ճգնաժամը և պատմական Գանձակում տեղակայված զորամասերից մեկը 1993թ. հունիսին շարժվեց այս անգամ ոչ թե դեպի Լեռնային Ղարաբաղի, այլ դեպի Բաքվի մատույցները` հեղաշրջում կատարելու նպատակով: Հեյդար Ալիևի շնորհիվ հնարավոր եղավ կանխել Ադրբեջանում հասունացող քաղաքացիական պատերազմը, քանի որ ժողովուրդը և բանակային ստորաբաժանումները իրենց պարտությունների ու բոլոր ձախողումների մեջ մեղադրում էին Էլչիբեյի ապաշնորհ կառավարությանը:
Հեյդար Ալիևը խոստացավ, որ ամեն ինչ կանի, որպեսզի գրավի Ղարաբաղը, մաքրի Ստեփանակերտը հայերից և խոստացավ նույնիսկ թեյ խմել Սևանա լճի ափին: Արդյունքում, ընդամենը մեկ ամիս հետո՝ 1993թ. հուլիսին, մինչև ատամները զինված ադրբեջանցիները փախան պատմական Ակներից (սովետական Աղդամ) և հարակից գյուղերից, օգոստոսին ադրբեջանական զինուժը փախավ Մոլոկան կոչվող բնակավայրից և հարակից շրջաններից (սովետական Ֆիզուլու շրջան), իսկ մինչև նոյեմբեր փախան նաև պատմական Ջրականից (սովետական Ջաբրայիլ), Կովսականից (սովետական Զանգելան) և հարակից այլ բնակավայրերից:
Տաս ամիս պատերազմելուց հետո Հեյդար Ալիևը հասկացավ, որ Ադրբեջանն ուղղակի կկործանվի, որովհետև գտնվում էր լիակատար արտաքին քաղաքական վակումի և ռազմական անհաջողությունների մեջ: Ադրբեջանցին չէր ցանկանում պատերազմել հայկական տարածքների համար մղվող անօգուտ պատերազմում: 1994թ. մայիսի սկզբին Ադրբեջանը խնդրեց ղարաբաղյան իշխանություններին` հրադադարի համաձայնագիր ստորագրել:
Ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության 25-ամյա ընթացքում Ադրբեջանի միակ ճիշտ քայլը` ստորագրված հրադադարի համաձայնագիրն էր: Դրանով Հեյդար Ալիևը ուղղակի փրկեց Ադրբեջանը, և ուշադրություն հրավիրեց Ադրջեջանի նավթային ու գազային գործոնի վրա: Իլհամ Ալիևը հրաշալի շանս ունի ադրբեջանական ժողովրդին վերջնական խաղաղություն նվիրելու` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ու ինքնիշխանության ճանաչման միջոցով: Դա նաև ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելության նպատակներից մեկն է: Այդ քայլով տարածաշրջանը կվերադառնա կայուն զարգացման, ինչը նախ և առաջ կբխի հենց Ադրբեջանի բնակչության շահերից, հատկապես, որ դեմոգրաֆիկ առումով, ըստ Ալիևի, նրանք հպարտանալու բան ունեն: Սակայն նա կարծես թե ցանկանում է գնալ ոչ թե իր հոր, այլ Աբուլֆազ Էլչիբեյի արկածախնդիր ճանապարհով:
Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում ուսանելու տարիներին Հեյդար Ալիևին հաստատ սովորացրած կլինեն, որ Հարավային Կովկասի պատմության ողջ ընթացքում, մինչև 20-րդ դարի սկիզբը Ադրբեջան պետություն և ադրբեջանցի ազգ գոյություն չի ունեցել (այդ հարցում ժամանակակից ադրբեջանցիները պետք է շնորհակալ լինեն Ստալինին): Հետևաբար, հայկական Գանձակ քաղաքում Ալիևի հայտարարություններն այն մասին, որ ներկայիս Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական տարածքներ են, և ադրբեջանցիները, վաղ, թե ուշ, պետք է վերադառնան` բնութագրվում է ոտնձգություն այլ պետության տարածքի նկատմամբ` ինչը դատապարտելի է միջազգային բոլոր նորմերով ու սկզբունքներով: Իսկ եթե հղում անենք պատմությանը, ապա Ալիևը պետք է բացատրի, թե ինչպես է ներկայիս Ադրբեջանը հայտնվել պատմական Դաշտային Ղարաբաղի հայկական տարածքների վրա և այսօր էլ հավակնություններ ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ:
Մի կողմից պարբերաբար բարձր պահելով պատերազմական ռիսկը տարածաշրջանում՝ Ալիևը, կարծում եմ, գիտակցում է, որ իրականում ԼՂՀ դեմ երկրորդ անգամ պատերազմ սկսելու դեպքում ոչինչ չի շահելու, ընդհակառակը, ունենալու է տնտեսական, բարոյահոգեբանական, դեմոգրաֆիկ ու հնարավոր է նաև տարածքային նոր կորուստներ:
Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը որևէ շանս չի տալիս Ադրբեջանին ապագայում հույսեր ունենալու համար: Նա նաև գիտի է, որ տարածաշրջանում սպառազինությունների գերհագեցվածությունը հնարավոր պատերազմի դեպքում սպառնալու է ոչ միայն Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին ու Ադրբեջանին, այլ նաև շատ պետությունների տնտեսական, էներգետիկ և այլ շահերին: Զսպաշապիկ են նաև ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացը, հետխորհրդային տարածքում ձևավորվող նոր ինտեգրացիոն գործընթացներն ու ՌԴ աշխարհաքաղաքական աճող հավակնությունները, ինչպես նաև Իրանի հնարավոր դերակատարությունները տարածաշրջանային զարգացումներում: Հետևաբար գիտակցում է, որ պատերազմի քաղաքական ու ռազմական հնարավորությունները իրականում սահմանափակ են (եթե իհարկե ի հայտ չգան անկանխատեսելի գործոններ):
Հետևաբար որո՞նք են շարունակ կրկնվող տխմար, բայց ռազմաշունչ հայտարարությունների ալիևյան մոտիվները: Կարծում եմ՝ դրանք արվում են հետևյալ նպատակներով`
1. Պատմության համար փորձ է անում սրբագրել ալիևյան ժամանակաշրջանի պարտությունը` խուսափելով ապագայում սեփական ժողովրդի առջև հնարավոր պատասխանատվությունից (այսինքն, ոչ թե կորցրել են միայն Աղդամը և մյուս շրջանները, այլ նաև իբր թե իրենց պատկանող պատմական այլ տարածքներ կորցրել են շատ ավելի վաղ, ու հիմա Ալիևների իշխանության ներքո զարգացող Ադրբեջանը ապագայում հնարավորություն է ունենալու վերականգնել պատմական արդարությունը, ուրեմն այսօր արդեն կեցցեն բոլոր Ալիևները, որոնք պայքարել ու պայքարելու են, այսպես կոչված, պատմական արդարության վերականգնման համար: Այս տրամաբանությամբ են նաև մերթընդմերթ հնչում Արևելյան Ադրբեջան կոչվելու մառազմատիկ հայտարարությունները):
2. Պատերազմ չտեսած, ադրբեջանական սերունդների շրջանում հակաքարոզչության բոլոր մեթոդներով (անձնական օրինակով, մեդիայով, դասագրքերով, այլիսլիներին պատժելով, սաֆարովներին հերոսացնելով և այլն) խորացնում է ընդհանուր թշնամու կերպարը, որը հեշտացնում է կոնսոլիդացիան ու ավտորիտար կառավարումը` լեգիտիմացնելով նավթային փողերի միանձնյա տնօրինման իրավունքը` միաժամանակ բացառելով ժողովրդավարական զարգացումները:
3. Հրադադարի պայմաններում խրախուսում, և միաժամանակ արդարացնում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները ռմբակոծող ադրբեջանցի զինվորի հանցանքը միջազգային հանրության առջև:
4. Սեփական ժողովրդի և միջազգային հանրության առջև պատճառներ է ստեղծում Ադրբեջանի համար բանակցային գործընթացը ձախողելու ընդգծված քաղաքականության համար:
5. Փորձ է անում ավելի թանկ վաճառել տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իր քաղաքականությունը բոլոր շահագրգիռ կողմերին:
6. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի նկատմամբ զգուշավորության ու լարվածության ստեղծման պարբերական փորձեր է անում:
Գուցե այլ պատճառներ ևս ունենա Ալիև կրտսերը, բայց դա իրականում չի փոխում պատմությունն ու իրականությունը: Հուսահատ փորձերը քսան տարի շարունակ կերակրել են միայն ադրբեջանական քարոզչության լսարանը:
Հայաստանում և արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայ մարդ հստակ գիտակցում է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի փաստացի տարածքների պաշտպանությունն ու ճակատագիրը հարցի տակ դնողները գործ են ունենալու առնվազն 10 միլիոն մարդու հետ, հետևաբար իր 9.5 միլիոնի հետ Ալիև կրտսերը թող իզուր հույսեր չկապի: Ես խիստ կասկածում եմ, որ այդ 9.5 միլիոն ադրբեջանցիների 9,5% մտածում է այնպես, ինչպես Իլհամ Ալիևը: Առավել ևս, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական օղակը ճեղքելը հեշտ գործ չէ, իսկ դրա մատույցներում երկրորդ անգամ պարտություն կրել հանուն Ալիևի դժվար թե ցանկանան:
Արտակ Զաքարյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների
Մշտական հանձնաժողովի նախագահ
Իլհամ Ալիևը ատելություն և պատերազմ քարոզելու իր անձնական պատճառներն ունի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet