2014թ-ի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի դիմաց հոծ բազմություն էր հավաքված: Մարդիկ, ժամանած աշխարհի տարբեր ծայրերից, շտապում էին մասնակիցը դառնալ ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի՝ «Խաղաղության արվեստ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100 ամյակին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Սփյուռքի նախարար՝ Հրանուշ Հակոբյանը, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ:
Ողջունի խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր խոսքում նշելով, որ այսօր մեկնարկում է Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը բացվում է նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի ցուցահանդեսով: «Եթե Դանիել Վարուժանը մեր ցավը ներկայացրեց գրչով, ապա Դանիել Վարուժան Հեճինյանը մեր ցավը ներկայացնում է վրձնով: Բայց ամենակարևորն այն է, որ ցեղասպանությունից զատ, նա կարողանում է իր պաստառներով և նկարներով աշխարհին զարմացնել և ստիպել հաշվի նստել մեր արվեստի հետ: Ես կուզենայի ուշադրություն դարձնեք «Մոր ձեռքերը» խաչքարին: Աշխարհում նման խաչքար չեք տեսել: Շնորհակալություն Վարուժան քո արվեստի համար, քո հայ լինելու, հայ մնալու և հայի պատիվը ԱՄՆ-ում բարձր պահելու համար»:
Ելույթ ունեցան նաև Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը և արվեստաբան Շահեն Խաչատրյանը՝ բարձր գնահատելով Վարուժանի արվեստը:
Ողջույնի խոսքով ներկայացավ նաև ԱՄՆ-ից ժամանած Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը. «Ես ուրախ եմ, որ ներկա եմ իմ մտերիմ ընկերոջ՝ Վարուժան Հեճինյանի ցուցահանդեսի բացմանը: Նա իր ողջ էությամբ հայ է և ամեն ինչ անում է իր հայրենիքի և հայերի համար: Ամեն տարի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, Բոստոնում նա ստեղծում է բարձրարվեստ կտավներ, ինչպես նաև մեծածավալ գովազդներ է տեղադրում Մասաչուսեթսով մեկ՝ հիշեցնելով միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության մասին»:
Հանդիսավոր բացման ավարտին Վարուժանն իր շնորհակալությունն հայտնեց ՀՀ վարչապետին՝ Հովիկ Աբրահամյանին իր ներկայությամբ ցուցահանդեսը պատվելու և բացմանը ներկա գտնվելու համար, ՀՀ Սփյուռքի նախարարությանը հանձինս նախարար՝ Հրանուշ Հակոբյանի, ում նախաձեռնությամբ կյանքի կոչվեց իր վաղեմի բաղձանքը՝ ցուցադրվել հայրենիքում: Նա երախտագիտություն հայտնեց նաև իր ընկերներին, գործընկերներին, ընտանիքին և բոլոր հյուրերին:
«Իսկ հիմա իմ խոսքը գույներով»,-ելույթի վերջում ասաց Վարուժան Հեճինյանը՝ հավաքվածներին հրավիրելով ցուցասրահ:
Ազգային պատկերասրահի 3 սրահներում ցուցադրված էին 61 նկարներ՝ 21 գունանկար և 40 գրաֆիկական աշխատանքներ, այդ թվում 2 եռանկար՝ «Ցեղասպանությունից մինչև անկախություն» խորագրով՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և «Դարի ոճիրը» ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյակին: Ինչպես նաև «Խաղաղության արվեստ» հավաքածուն և ռոմանտիկ նկարների շարքը:
Պատկերասրահի առաջին ցուցասրահը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ցուցադրված էին «Խաղաղության արվեստ» հավաքածուից աշխատանքներ, որտեղ արծարծվում են այնպիսի մարդկային գոյավիճակներ, ինչպիսիք են քաղցը, անտնությունը, բռնությունը, ոճիրը՝ կոչ անելով չլինել անտարբեր մարդկային ցավի հանդեպ: Հավաքածուի հիմնական նկարներից մեկը եռանկար էր, որը կոչվում էր «Դարի ոճիրը»: Այն ներկայացնում է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, հաջորդող ոճիրները, մարդկային անգթությունն ու անհանդուրժողականությունը, նկարում պատկերված է մարդկային վայրագությունը՝ անգութ ու կատաղի: Մարդիկ ու ձիերը, դաժանության բոցով բռնկված, կծոտում ու խոշտանգում են իրար, իսկ մարդկային խլյակների մի խումբ , ովքեր սեփական աչքերով տեսել են սպանդն ու ոճիրը, սեփական ականջներով լսել մահացողների ողբն ու կականը, այժմ կուրացած արհավիրքի արնաշաղախ տեսարաններից՝ փակել են իրենց աչքերը, փակել ականջները՝ հրաժարվելով այլևս տանել անմարդկային տանջանքները, հոգնած և ուժասպառ պատերազմներից ու ցեղասպանություններից, հայացքները հառած երկնքին՝ խաղաղություն են աղերսում և սպասում արդարության ու խաղաղության աղավնու վերադարձին:
Երկրորդ սրահում ցուցադրված էին Վարուժանի ռոմանտիկ ստեղծագործությունները, որոնք լի էին հուզականությամբ և քնքշությամբ: Կինը նրա արվեստի ներշնչանքն է՝ իր երազներով, կանացիությամբ, սիրով, կարոտով, հեզությամբ ու շքեղությամբ: Նրա կտավներից մեղեդի է կաթում՝ արտահայտելով նկարչի սերը երաժշտության հանդեպ: «Կապույտ վարդերի մեղեդին» կտավը թախծագին ալիքվում է ու ելևէջների հետ շաղ տալիս կապույտ վարդեր ի նշան կարոտի ու սպասումի...
Երրորդ սրահը նվիրված էր Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին, նույնպես եռանկարով՝ «Ցեղասպանությունից մինչև անկախություն» խորագրով: Նկարում պատկերված է 1988թ-ի ավերիչ երկրաշարժը, ինչպես նաև արտացոլում է անկախության տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները՝ եռագույնը, հայոց բանակը, նորակառույց և հինավուրց Երևանը՝ վերածնունդի խորհրդանիշով և Ծիծեռնակաբերդով, որ միաձուլված արևի ճառագայթներին տուն է կանչում Մասիսին ու խորհրդանշում հայ ժողովրդի հաղթանակն ընդդեմ մահու, իսկ եռագույնը արծվաթև մտնում է Արցախ, որտեղ հայոց բանակն անցնում է հաղթական շքերթով: Մեջտեղում երիտասարդ Հայաստանն է՝ անկախության, խաղաղության, գեղեցկության մարմնացում, որ ձեռքերը պարզել է դեպի խաղաղության աղավնիները:
Ըստ նկարչի՝ անկախության տարիների ամենանշանակալի ձեռքբերումը հայոց բանակն է, որը ոչ թե ագրեսոր է,այլ խաղաղության պահապան:
Վարուժանի հիասքանչ ստեղծագործությունները սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 20-ը, մեկ ամիս շարունակ վայելեցին արվեստագետները, արվեստասեր հասարակությունը, աշակերտական և ուսանողական խմբերը Հայաստանի տարբեր մարզերից, բարձրաստիճան պաշտոնյաները և բազմաթիվ այցելուները արտերկրից: Շրջելով ցուցասրահներում՝ տպավորված այցելուները հիացմունք էին արտահայտում, հաճույքով շփվում նկարչի հետ, շնորհավորում, լուսանկարվում և արտահայտում իրենց հույզերը:
Հիշատակելի են նկարչի ուսանողական ընկերոջ՝ նկարիչ Մարտիրոս Պետրոսյանի խոսքերը. «Դանիել Վարուժան Հեճինյանի՝ հրաշալի և ազնվագույն անձնավորության հետ բախտ եմ ունեցել սովորելու և ընկերություն անելու: Նա գույների վարպետ է, տաղանդաշատ նկարիչ, կոմպոզիցիայի ճկուն մասնագետ, բազմաժանր, որոնող և նպատակասլաց, 21-րդ դարի արվեստի փայլուն ներկայացուցիչ, որին կարելի է դասել այժմյան մեծամեծերի դասին» :
Ըստ Թամարա Դիլանյանի. «Տպավորությունը պարզապես ցնցող էր: Շենշող արվեստ, երևակայության աներևակայելի խաղ, ստեղծագործ մտքի փայլատակող երևույթ՝ ահա այս նկարչի ստեղծած արվեստի հմայքը»:
Հոկտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ բարձր գնահատելով ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի վաստակը, նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով: Դանիել Վարուժան Հեճինյանին Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամության վկայական հանձնեց միության նախագահ Կարեն Աղամյանը:
Նոյեմբերի 30-ին Վարուժանը հրաժեշտ տվեց Հայաստանին: Նա իր ստեղծագործությունների մի մասը թողեց հայրենիքում՝ նվիրելով ՀՀ Ազգային պատկերասրահին, ՀՀ Սփյուռքի նախարարությանը, ՀՀ կառավարությանը, ՀՀ Մշակույթի նախարարությանը, այնուհետև նախագահի նստավայրում հանդիպելով ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ՝ «Ցեղասպանությունից մինչև անկախություն» եռանկարը նվիրեց Հայաստանի հանրապետությանը:
Իմ հարցին թե՝ ինչպիսի՞ ակնկալիքներ ունեիք ցուցահանդեսից և ադյո՞ք արդարացան Ձեր սպասումները, նկարիչը պատասխանեց.
- Ցուցահանդեսը գերազանցեց իմ սպասելիքները: Բազմիցս ցուցահանդեսներ եմ ունեցել ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, որտեղ ներկայացրել եմ «Խաղաղության արվեստ» հավաքածուն: Ինձ ուրախացնում է այն փաստը, որ առաջին ցուցահանդեսը Ամերիկայի սահմաններից դուրս բացվեց հայրենիքում և ունեցավ մեծ արձագանք:
Հայրենիքն ինձ ընդունեց գրկաբաց և հնարավորություն ընձեռեց ծանոթանալ և շփվել արվեստագետների, արվեստասեր հասարակության ու պետական պաշտոնյաների հետ: Ես առիթ ունեցա «Խաղաղության արվեստ» կազմակերպության գործունեությանը ծանոթացնել ոչ միայն Հայաստանի արվեստասեր հասարակությանը, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից հայրենիք ժամանած Սփյուռքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ 5-րդ համահայկական համաժողովի շրջանակներում, որն իրականացրեց ՀՀ Սփյուռքի նախարարությունը:
Հեղինե Գևորգյան