▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ էր մտածում Գարեգին Նժդեհը Հայոց ցեղասպանության մասին. համառոտ ակնարկ

Ովքե՞ր են հայոց ցեղասպանության մեղավորները, ովքե՞ր են պատասխանատու նախորդ դարասկզբի այդ աննախադեպ ոճրագործության համար, ինչու՞ հայո՛ց ցեղասպանություն, որո՞նք են դրա բացասական հետևանքների հաղթահարման ուղիները. սրանք հարցեր են, որոնց Ժամանակին պատասխանել է նաև Նժդեհը: 

Ի հակակշիռ հայ իրականության մեջ տարածում գտած մտամոլորության` Նժդեհը հայոց ցեղասպանության իրողությունը չի բացատրում միայն և միայն արտաքին գործոններով և չի խորշում դրանում հայ ժողովրդի մեղքի մասնաբաժնի` ներքին գործոնի ընդունումից: Հապճեպ ընդհանրացումներից խուսափելու համար պետք է նշել, որ հայոց մեղքերի մասնաբաժնի նժդեհյան ըմբռնումը որևէ ընդհանրություն չունի թուրք-ադրբեջանական իշխանությունների և կաշառված գրչակների մտացածին այն մեկնաբանությունների հետ, որոնց համաձայն հայերն իրենց դավաճանությամբ, կամավորական շարժումներով, վաշխառությամբ են վաստակել թուրքական ղեկավարության բացասական վերաբերմունքը: 
Խնդրո առարկա հարցում Նժդեհի մտքերի տրամաբանությունը հանգում է հետևյալ եզրակացությանը. հայոց ցեղասպանությունը հետևանք էր ինչպես իրականացնողի, այնպես էլ զոհի թուլության կամ տկարության: Սակայն տկարություն հասկացության միանգամայն տարբեր ըմբռնմամբ: «Ըստ Շոպենհաուերի, - գրում է Նժդեհը, - մարդս ցավ է պատճառում ուրիշներին, իր սեփական ցավը մեղմացնելու համար: Այդ դեպքում` վայրագությունը մի տեսակ դարման է իր սեփական ցավի դեմ: Թուրքական գազանությունն էլ պետք է բացատրել անհատ, թե հավաքական թուրքի հոգեկան տկարությամբ: Նաև` այդ տկարության նվաստացուցիչ գիտակցությամբ»: Ցեղասպանության համար, այսպիսով, պատասխանատու են իրականացնողը և զոհը: Իրականացնողն արդարացման չենթակա ոճիրի ծրագրման և կյանքի կոչման համար, զոհը` այդ ոճիրը լիարժեքորեն կանխելուն հոգեբանորեն, քաղաքականապես և ֆիզիկապես անպատրաստ լինելու համար: «Մեզ պատժողը, - այս կապակցությամբ գրում է Նժդեհը, - թուրքը չէր, այլ` մեր տկարութիւնը թուրքի միջոցաւ»: 
Իսկ վերոգրյալը նշանակում է, որ մենք ենք պատասխանատու մեր թե՛ ներկայի և թե՛ ապագայի համար, մեր քաղաքական ազատության և անկախության գոյության կամ բացակայության, ինքնազարգացման և ինքնակազմակերպման կարողության համար: Ավելին, եթե ցանկանում ենք լուսավոր ապագա, ապա դրա կերտումը պետք է սկսենք ներկայից, քանզի «ներկան, - ինչպես կասեր գերմանացի մտածող Լայբնիցը, - մշտապես հղի է ապագայով»: Այսինքն՝ մեր հոգեվերանորոգումը պիտի սկսենք ապագա լույս աշխարհ բերող ներկայում: 
Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու դոփել անցյալի սխալների դաշտում և մեր հավաքական փրկությունն ու անվտանգությունը աղերսել այլոց բարյացակամությունից: «Հայը, - ժամանակին գրում էր Հ. Ասատրյանը, - վարժուել է իր իրաւունքը սպասել օտարների արդարամտութիւնից: Դրա համար էլ նա բարեկամներ չունի, որովհետեւ կանխաւ մատնում է մուրալու իր տկարութիւնը»: 

Համոզված ենք, որ հայի ասատրյանական այս բնորոշումը աստիճանաբար դառնալու է սոսկ անցյալի փաստ, քանզի, ինչպես կասեր Նժդեհը՝«Ես ճանաչում եմ քեզ. …, երկաթե ժողովուրդ, որին աստվածային տեսչությամբ - վկա քո պատմությունը – տրված է առասպելական փյունիկի` իր աճյունից վերածնվելու կարողությունը…»:

 Արմեն Սարգսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին