▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Սարգսյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ներկայացուցչական այցը մեր երկիր՝ հիշեցնելով, որ այն նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի շատ ճգնաժամեր էին առկա, քան լուծումներ: «Ուրախ եմ, որ այցը կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում հաստատվեց մեր ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, որոնց որակը բարձր գնահատվեց միջազգային կազմակերպությունների կողմից»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսպիսով Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և իշխանությունը կարող է լիարժեք վերադառնալ իր կարևորագույն աշխատանքային օրակարգի իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կյանքի կոչմանը:

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց պատմության ընթացքում տեղի է ունենում առաջին անգամ, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է: Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի, ինչպես նաև այս տարվա մարտի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Նա Հայաստանի համար կարևորել է վերոնշյալ համաձայնագրից առավելագույնս օգուտ քաղելը և ընդգծել ԵՄ պատրաստակամությունը՝ նոր թափով օժանդակելու ՀՀ կառավարությանն ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ մղելու գործում:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարևորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաև սեփական անվտանգության ապահովման համատեքստում: Լիտվայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նաև այս հարցում: Գաբրիելիուս Լանդսբերգիսն այս առումով կարևորել է մարդասիրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի լուծումը:

Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ դրանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից զատ, հաղթեց ժողովրդավարությունը: Նրա խոսքով՝ ի ուրախություն հայ ժողովրդի, Հայաստանում ընտրությունների ընթացքում խնդիրներ կանխատեսողները սխալ դուրս եկան, ինչը ևս ցույց է տալիս Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:

Շնորհակալություն հայտնելով հնչեցված կարծիքների համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև ընտրություններն արձանագրեցին ժողովրդավարության կենսունակությունը մեր երկրում, ուստի ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի գործընթաց է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձի ապահովման գործում և նշել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի լիարժեք կատարման, պահվող բոլոր ռազմագերիների վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարն շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ այս հարցի շուրջ ավելի վաղ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես  ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին և նրանց ուղեկցող պատվիրակությանը:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը։

Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության առումով դիվանագետները նշել են, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ ցանկանում են տեղեկանալ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին: Զրուցակիցները գագաթնաժողովը կարևոր են համարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խթանման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո քայլերի հստակեցման տեսանկյունից:

Նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Հյուրերը նշել են, որ Եվրամիության համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ այդ հարցում:

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին՝ շեշտելով, որ այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

Մտքեր են փոխանակվել նաև հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրանցից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Հույս է հայտնվել, որ ընտրությունները կնպաստեն երկրում լարվածության թուլացմանը և կայունությանը:

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին