▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էր Հրանտ Բագրատյանն այցելել Տիգրան Ավինյանին

Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակությանը՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր ներկայացուցիչ Սին Մենի գլխավորությամբ: 

Սին Մենը ներկայացրել է ճանապարհաշինության և ենթակառուցվածքների նախագծման ոլորտում հոլդինգի գործունեությունը, ինչպես նաև հետաքրքրության ոլորտները Հայաստանում: 



Զրուցակիցները քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման հետ կապված հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացումը մնում է Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում: 

Սին Մենն ասել է, որ հաշվի առնելով իրենց ընկերության ունեցած մեծ փորձը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում լեռնային տեղանքում և սեյսմիկ գոտիներում թունելներ և կամուրջներ կառուցելու առումով, ցանկանում են մասնակցություն ունենալ մայրուղու հարավային հատվածի կառուցմանը, ինչպես նաև պատրաստ են այդ նպատակով արտոնյալ պայմաններով չինական վարկային և դրամաշնորհային միջոցներ ներգրավել:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային քննարկումները վերոնշյալ հարցի շուրջ և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, հանդիպմանը՝ «ԱՎԻԿ» հոլդինգի պատվիրակության կազմում ներկա էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղեկացնենք նաև, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը:

Համաձայնագիրը ստորագրել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, «Արմփաուեր»-ի լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննինին, «Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG) Հայաստանի պատասխանատու Պետեր Գյերգյայը, «Սիմենս փրոջեքթ վենչրս»-ի գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆը:

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին ՀՀ կառավարության, «Արմփաուեր»-ի և «Ռենկո»-ի միջև եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում ժամանակակից ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Ինչպես նախատեսվում էր շրջանակային համաձայնագրով, այսօր արդեն ստորագրվեց ուղղակի պայմանագիրը: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և առաջիկայում սկսել ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքները: 

250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլէներգիայի արժեքը կլինի ամենացածրը։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ այս ներդրումային ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ ոլորտն առավել ուժեղանում է դիվերսիֆիկացված ներդրումային բազայի և մասնավոր հատվածի ավելի մեծ մասնակցության արդյունքում: 

Ծրագիրը նախատեսվում է իրագործել արդիական սարքավորումների ներդրմամբ ու գիտական փորձի հիման վրա, ինչի շնորհիվ կունենանք բարձր արդյունավետությամբ ու անվտանգ գործող էներգետիկ կայան: Կնվազեցվի նաև Հայաստանի էներգետիկ համակարգի համար բնական գազի ծախսը և կբարձրանա էներգամատակարարման հուսալիությունը: 

Փոխվարչապետը վերջում համոզվածություն է հայտնել, որ նման ծրագրերի հաջող մեկնարկն ու իրականացումը լրացուցիչ խթան և օրինակ են ծառայելու տեղական ու միջազգային պոտենցիալ ներդրողների համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին