▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Eman-ին հաջողվեց Վրաստանի հեռավոր գյուղից տեղափոխվել Հայաստան և համագործակցել ամենահայտնի հայ արտիստների հետ

Վրաստանի Նաուխրեբի գյուղից Հայաստան տեղափոխված Էմանուել Հակոբյանը, ով ներկայանում է Eman մականվամբ, արդեն երկար տարիներ է, ինչ համագործակցում է հայ հայտնիների հետ՝ ստեղծելով վերջիններիս ամենահայտնի հիթերը։

/filemanager/uploads/2021/03/week-2/Emanuel_1.jpg

Asekose.am-ը զրուցել է Էմանուելի հետ՝ Հայաստան տեղափոխվելու, անցած դժվար ճանապարհի, հայ հայտնիների հետ համագործակցության և ներկայիս հաջողությունների մասին։

«Ծնվել եմ Վրաստանի Նաուխրեբի փոքր գյուղում։ Եվ թեև ապրում էի այնտեղ, սակայն երազանքս էր Հայաստան տեղափոխվելը, որն իրականացրի դպրոցն ավարտելուց հետո՝ 17 տարեկանում»,- պատմեց Eman-ը։

Մասնագիտությամբ ստոմատոլոգ Էմանուելի խոսքով՝ երաժշտությունը մանկուց իր տարերքն է եղել, և հենց դա էլ պատճառն է, որ նա ինքնուս սովորել է նվագել երաժշտական գործքիներ, մասնավորապես՝ սինթեզատոր։

«13 տարեկանից հաճախում էի ակորդեոնի դասընթացների, ինչից հետո սովորեցի գործիքային կատարողականություն»,- նշեց Eman-ը։

Տեղափոխվելով Հայաստան՝ նա ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետ, որին զուգահեռ ուսանել է նաև երաժշտական քոլեջի վոկալ բաժնում․

«Թեև սովորում էի բժշկական համալսարանում, բայց միևնույնն է, հասկանում էի, որ սա այն չէ, ինչին ես ձգտում եմ և ինչով ցանկանում եմ կայանալ։ Եվ եկավ մի օր, երբ ես ստեղծեցի իմ ստուդիան, որը կոչվեց Eman music։ Հենց այդ ժամանակից էլ սկսած՝ սկիզբ դրվեց իմ երաժշտական գործունեությանը, այն ամենին, ինչն ինձ իսկապես երջանիկ է դարձնում»,- ասաց Eman-ը։

Չնայած Eman music-ը հիմնադրվել է 2008թ-ին, բայց ինչպես նշեց Էմանուելը, այն հայտնի դարձավ 2015թ․-ից, իսկ թե որը եղավ ստուդիայի հաջողության գրավականը՝ Eman-ը պատասխանեց․

«Որպես այդպիսին՝ իմ ճանապարհին շատ դժվարություններ են եղել։ Պատճառներից մեկն էլ, թերևս, այն ոճն էր, որով սկսեցի հանդես գալ։ Այդ ոճը դեռ այն տարիներին շատ խորթ էր հայ ունկնդրի համար, խոսքը արտասահմանյան, հաուս երաժշտության մասին է։ Ուրախ եմ, որ այս առումով երբեք չեմ դավաճանել իմ սկզբունքներին և ձեռք եմ բերել իմ ուրույն ձեռագիրը։ Գիտեք, ժամանակի ընթացքում շատ հեշտ է տրվել գայթակղություններին և ստեղծել աշխատանքներ, որոնք ավելի հեշտ են տրվում և գուցե ավելի հոգեհարազատ են հայ հասարակության զգալի հատվածի համար (խոսքը ռաբիս երաժշտության, 6/8 չափի մասին է)։ Բայց ոչ ոք և ոչինչ չի կարող ստիպել ինձ դավաճանել իմ սկզբունքներին, քանի որ այն երաժշտությունը, որը ես եմ ստեղծում, անում եմ հնարավորինս որակյալ և, իմ կարծիքով՝ տարբեր ճաշակներ ունեցող մարդկանց ականջին հաճելի»,- նկատեց Eman-ը՝ շարունակելով․

«Eman music-ի հաջող մեկնարկը համարում եմ, որ տրվեց իմ, Նարեկ Մեծ Հայքի և DJ Smoke-ի համագործակցությունից՝ «Շոգ ա» երգի շրջանակներում։ Այն մի քանի օրում գերազանցեց մեկ միլիոն դիտումը, այնուհետև Ռաֆայել Թունյանի «Կապույտ աչքեր» հայտնի երգի գործիքավորումն արեցի, որն այս պահին ավելի քան ինը միլիոն դիտում ունի, հետո համագործակցեցի Անդո-Ռաֆո և Սպիտակցի Հայկոյի հետ՝ անելով «Լեդի Քոբուլեթի» երգի գործիքավորումը»,- պատմեց երաժիշտը։

/filemanager/uploads/2021/03/week-2/Eman.jpg

Սիրուշո, Հակոբ Հակոբյան և Արմեն Հովհաննիսյան, Գևորգ Սիրեկանյան, Գոռ Եփրեմյան, Մարտին Մկրտչյան, Միհրան Ծառուկյան, Ռազմիկ Ամյան, Արմենչիկ, Նարե Գևորգյան, Գայա Արզումանյան, Գրիգորի Եսայան և այլք․․․ Ահա այն անունները, ում հետ աշխատել է Eman-ը և շարունակում է մինչ օրս համագործակցել՝ նրանց ամենահայտնի հիթերի մի մասնիկը դառնալով։

Ի դեպ՝ Eman-ը նաև երգում է և գործունեության սկզբում, մինչ իր ստուդիան հիմնելը, հանդես է եկել որպես երգիչ․

«Գործունեությանս սկզբնական շրջանում սկսեցի երգել, բայց քանի որ այն ժամանակ դեռ բավարար ֆինանսական միջոցներ չունեի, իմ երգերի գործիքավորումները սկսեցի ինքս անել։ Ճիշտ է՝ դրանք փոքր ինչ սիրողական մակարդակի էին ստացվում, բայց, ամենակարևորը, իմ ճաշակին համապատասխան էին։ Առհասարակ, ինձ ոչ ոք ոչինչ չի սովորեցրել, ամեն ինչ միայնակ եմ արել՝ բազմաթիվ հիասթափություններով ու դժվարություններով։ Ես այդ ժամանակ ունեի ընդամենը մեկ նպատակ և թեև դանդաղ, բայց հստակ քայլերով գնում էի դեպի իմ երազանք»,- նշեց Eman-ը՝ ավելացնելով, որ տարիներ առաջ ելույթ է ունեցել նաև մի երաժշտական խմբում, որի շրջանակներում հյուրախաղեր է ունեցել, մասնակցել երաժշտական մրցույթների և նկարահանվել մի քանի տեսահոլովակներում, ինչպես նաև հանդես է եկել իր անհատական՝ «Slamp» տեսահոլովակով։

Հեղինակ՝ Ս․ Խաչատրյան

Կարդացեք նաև՝ Սրա պակասը կար երաժիշտ Eman-ը՝ հայկական շոու բիզնեսում նորություն մտցնելու, արտասահմանյան շուկա մուտք գործելու և նոր համագործակցությունների մասին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին