▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանը տիրացավ ուրիշի ավտոտնակին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանին հաջողվել է տիրանալ Երևանի կենտրոնում այլ անձի պատկանող ավտոտնակի։

/filemanager/uploads/2020/04/week-4/Gagik_Mxeyan.jpg

Այս մասին հայտնում է Hetq.am-ը:

Այդ գործարքը Մխեյանն իրագործել է Կադաստրի կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի անուշադրության կամ դիտավորության արդյունքում։

 Ավտոտնակի իրական տերը ամիսներ շարունակ մի գերատեսչությունից մյուսն է գնում, իրավապահ մարմինների դռներն է թակում, վարչապետին նամակ է գրում, բայց ոչ մի կերպ չի կարողանում թղթերով իրենից խլված ավտոտնակը նախկին պատգամավորից հետ ստանալ։

Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում՝ Գրողների տան հարևանությամբ է գտնվում կենտրոնի բնակիչ Աշոտ Բաղդասարյանի ավտոտնակը։ Այն իրեն է փոխանցվել հորից։ Հայրն էլ 1981 թ.-ին Հայկական ՍՍՀ Երևան քաղաքի 26 կոմիսարների անվան շրջսովետի գործկոմի բնակֆոնդի շահագործման և պահպանման վարչության թույլտվությամբ էր ավտոտնակը ձեռք բերել՝  փոխանակման արդյունքում։ Հոր մահից հետո` 2013 թ.-ին, ավտոտնակը հաշվառվել է Աշոտ Բաղդասարյանի անունով։ 2019 թ.-ի նոյեմբերին Աշոտը տեղեկանում է, որ իր ավտոտնակը վաճառվում է, վաճառողն էլ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, երբեմնի ՕԵԿ–ական Գագիկ Մխեյանն է։

Մութ գործարք` Կադաստրում

Գագիկ Մխեյանը Բաղրամյան 1 շենքի հարևանությամ 2003 թ.-ին գնել է ավտոնակ, որը Աշոտ Բաղդասարյանի ավտոտնակից մի քանի մետր այն կողմ է եղել։ Մխեյանն այդ ավտոտնակը ձեռք է բերել այլ անձից և 2013 թ.-ին Կադաստրում գրանցվել է հողի վարձակալության իր իրավունքը։ Նախկին պատգամավորը 2015 թ.-ին այդ 165 քմ ավտոտնակի հողի վարձակալության վճարները պատշաճ չի կատարել, որի համար Երևանի քաղաքապետարանը դատարան է դիմել և ընդդեմ Մխեյանի վճիռ է ստացել։ Այդ ավտոտնակը քարից և երկաթբետոնե կոնստրուկցիաներց է կազմված եղել։ Մխեյանին երբեմնի պատկանած ավտոտնակն ու ուրիշ այլ ավտոնակներ տարիներ առաջ դատարանի վճռով քանդվել են, այսօր տեղում եռահարկ շինություն կա։ Այսինքն` Մխեյանին պատկանած ավտոտնակը վաղուց գոյություն չունի։

2019 թ.-ի փետրվարին Գագիկ Մխեյանը դիմում է գրում Կադաստրի կոմիտեում և խնդրում է՝ իր գոյություն չունեցող ավտոտնակի փաստաթղթերում (Կադաստրի գործում) ուղղում կատարել։ Կադաստրի աշխատակից Սլավիկ Ժամկոցյանը Աշոտ Բաղդասարյանին պատկանող ավտոտնակի կադաստրային ծածկագիրը վերցնում և դնում է Գագիկ Մխեյանին ժամանակին պատկանած, սակայն այլեւս գոյություն չունեցող ավտոտնակի փաստաթղթերի տակ։ Այդ, այսպես կոչված, «սխալի ուղղման» արդյունքում Աշոտ Բաղդասարյանը զրկվում է իր ավտոտնակից, իսկ Գագիկ Մխեյանը դառնում է ավտոտնակի տեր։

Կայքը փորձել է պարզաբանում ստանալ Գագիկ Մխեյանից։ Ներկայացնում ենք նրա հետ ունեցած հարցուպատասխանը։

–Պարոն Մխեյան, ի՞նչ ավտոտնակի պատմություն է։

–Ի՞նչ պատմության մասին է խոսքը։ Ես ունեմ համապատասխան օրինական փաստաթղթեր, որը կներկայացնեմ։ Քաղաքացին դիմել է դատարան, ես կներկայացնեմ փաստաթղթերը համապատասխան դատարան։ Այդքան բան կարող եմ ասել։

–Պարոն Մխեյան, դուք պնդո՞ւմ եք, որ երկաթյա ավտոտնակը ձեր այն ավտոտնակն է, որը գնել եք 2003 թ.-ին։

–Գիտեք ոնց է, ես ունեմ համապատասխան փաստաթղթեր։ Կադաստրով, ամեն ինչով դուք կարող եք հետաքրքրվել և տեսնել, որ ամեն ինչով, քարտեզագրումով դրանք համապատասխանում են իրականությանը։ Մնացածը ես կներկայացնեմ դատարանում։ Այսքան բան, ուրիշ բան չունեմ ասելու։

–Դուք վստա՞հ եք, որ ամեն ինչ օրինական է ձեզ մոտ։

–Գիտեք ինչ կա` դատարանը կորոշի։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին