Ինչպես Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, այնպես էլ Փաշինյանը սպանեց Արցախը
***
«Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը: Այս ամբիոնը միգուցե դիմանում է, բայց մեր երկիրը այս ստերին, կեղծիքներին և դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող»,- ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: Նրա համոզմամբ այս իշխանությունը առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու: «Այս մարդը խոսում է անկեղծ լինելու անհրաժեշտության մասին, բայց շարունակ ստում է, բռնվում է ստի վրա, նորից ստում է, մանիպուլացնում է, ֆռացնում է: Սա միգուցե այն միակ գործիքն է, որին նա տիրապետում է»,-նշեց Քոչարյանը և, անդրադառնալով Փաշինյանի «Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ» արտահայտությանը, հավելեց. «Առաջին արցախյան պատերազմից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ: Ադրբեջանը ուներ ազգ-նահատակի ընկալումը, որովհետև խոսում էր իր կորցրած տարածքի, փախստականների մասին: Հենց Փաշինյանը վերադարձրեց Հայաստանին այդ ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր և չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպետք է ունենար այն արդյունքը, որը ունեցանք»,- ասաց Քոչարյանը: |