«Արևմտյան Նեղոս»-ի տենդով հաստատված դեպքերի թիվը Հայաստանում հասել է 58-ի, հոսպիտալացված են 41-ը, 4-ի վիճակը ծանր է։ Այս մասին այսօր ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն՝ Ստեփան Աթոյանը։
«Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան մեկ դեպք է գրանցվել, այլ մահվան դեպքեր չեն գրանցվել։ Մահացածը 1938թ–ին ծնված տղամարդ էր, նա ուներ մի շարք քրոնիկ հիվանդություններ»,-ասել է Աթոյանը։
Վարակված մոծակից մարդուն փոխանցվող այս վարակը Հայաստանում արձանագրվել է առաջին անգամ: Առողջ մարդկանց մոտ վարակն աննկատ է անցնում, քրոնիկ և ծանր հիվանդություն ունեցողերն են թիրախում: «Հատուկ դեղամիջոց այս հիվանդության համար չկա, իրականացվում են ընդանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը։ Հիվանդությունը, ինչպես բոլոր ինֆեկցիոն հիվանդությունները, ունի սեզոնայնություն։ Քանի որ պայմանավարոված է փոխանցող մոծակով, հիմնական սեզոնը հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածն է, բայց առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ամիսներին»,-ասաց Աթոյանը՝ հավելելով, որ ՀՀ–ի հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել, բայց դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում` 440 դեպք, ԱՄՆ–ում` 230, Արևելյան Եվրոպայում` 69 դեպք։
|