▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինպե՞ս դիմավորեցին Արմեն Սարգսյանին Կատարում ու ի՞նչ հարցեր քննարկվեցին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով երեկ Դոհայում ներկա է գտնվել հեղինակավոր «Դոհա ֆորում»-ի բացմանը: Նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի ելույթը ֆորումի լիագումար նիստին:

Հեղինակավոր այս ֆորումը, որը միավորում է աշխարհի քաղաքական ու տնտեսական առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ու փորձագետների, այս տարի անցկացվում է «Կառավարման վերաիմաստավորումը բազմաբևեռ աշխարհում» խորագրով:

Ֆորումի մասնակցների թվում են նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Թիջանի Մուհամմադ-Բանդեն, Մալայզիայի վարչապետ Մահաթիր Մոհամադը, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 250 բանախոսներն ու շուրջ 3000 մասնակիցները ֆորումի երկու օրերի ընթացքում քննարկելու են արագ փոփոխվող աշխարհի զարգացման միտումներն ու ժամանակակից պահանջներին համապատասխան՝ կառավարման արդյունավետ համակարգեր ստեղծելու հարցերը:

Ֆորումի գործընկերներն են այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Մյունխենի անվտանգության համաժողովը, Չեթըմ հաուզը, Միջազգային ճգնաժամային խումբը: 

Նշենք, որ  Արմեն Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Կատարի Պետության փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանն ու հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա մի շարք ոլորտներում: Մասնավորապես անդրադարձ է եղել գիտատեխնոլոգիական և կրթական բնագավառներում համագործակցության հեռանկարներին ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: 

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է նաև Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի տարածաշրջանային պատասխանատու շեյխ Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության ուղղություններն ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ներկայացնելով մեր երկրի ներդրումային ու մրցակցային առավելությունները՝ նշել է, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկների միջև գործարար շփումների ակտիվացման համար:

Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ իրենց կառույցը նույնպես հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ և պատրաստակամ է համագործակցել Հայաստանի համապատասխան կառույցների հետ:

Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։ 

Իսկ Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցիչ Իհսան Վալիդ Ալխիյամիի հետ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանի և Կատարի գործարարների ասոցիացիայի միջև համագործակցության, հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ ծրագրերի ու ներդրումների իրականացման հնարավորությունները։ Մասնավորապես հեռանկարային են համարվել գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդամթերքի արտադրության ու մատակարարման, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։ Հետագա արդյունավետ փոխգործակցության համար զրուցակիցները կարևորել են երկու երկրների գործարար շրջանակների միջև փոխայցելությունների ակտիվացումն ու միմյանց հնարավորությունների բացահայտումը։

Կատարի գործարարների ասոցիացիան ոչ պետական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր ոլորտներում գործող ընկերությունների և գործարարների, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Կատարում, այլև երկրի սահմաններից դուրս։ Ասոցիացիայի գործունեությունը խրախուսվում է պետության կողմից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին