Խնդրում եմ ինքներդ նայեք՝ ինչից այդ ամենն սկսվեց, տեսեք, թե ով անցավ անձնական վիրավորանքների, ով սադրեց այս միջադեպը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին:

Պատգամավորը կատարվածի համար ներողություն խնդրեց հանրակիցներից:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ տեղից արձագանքեց Սասուն Միքայելյանը, ինչից հետո վիճաբանություն, ապա նաեւ ծեծկռտուք սկսվեց պատգամավորների միջև։
Հավելենք նաև, որ ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանը, ամբիոնից շարունակելով իր ելույթը, հայտարարեց.
«էն ո՞վ եկավ թաքուն մեջքից խփեց, մեջքից խփո՞ւմ եք, արա»։
Կատարվածի տեսագրություն ուսումնասիրելով՝ կարելի է ենթադրել, որ մեջքից խփողը եղել է Նիկոլ Փաշինյանի մտերիմներից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը հարձակվում է Մարուքյանի վրա, բռնում նրա գլուխն ու քաշքշում։ Իսկ ևս մեկ, ավելի թեթև հարված Մարուքյանը ստանում է մինչև այդ։ Նրան համընդհանուր քաշքշոցի ապտակում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։


