Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի ընտրության առաջին շրջափուլում Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու առաջադրվելը իրավական հարց է, քաղաքական չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ազատության» հարցին ի պատասխան նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նկատեց, որ մեկնաբանություններ կան, որ, եթե անգամ առաջադրվի, հնարավոր է՝ պատգամավորները չներկայանան, և քվորում չլինի:
«Դա իրավաբանական խնդիր է, ես չցանկացա, որ որևէ նրբերանգ անտեսվի, որ ամեն ինչ ճշգրիտ լինի, բայց երեկ այդպիսի քննարկումներ կային, և ներկա հեղինակավոր իրավաբանների մի մասը ասում էին, որ դրա անհրաժեշտությունը չկա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրն» առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կա՛մ առանձին կմասնակցեն, կա՛մ «Իմ քայլը» դաշինքով: Նա նշեց, որ մեծ հավանականությամբ այդ դաշինքով էլ կլինի մասնակցությունը, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: «Հրաժարականը ձեր առջև ստանձնած պարտավորությունից փախչել չէ: Այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխության հաղթանակը ավարտին հասցնելն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին հասցնելու միջոցով»,- ասել է նա: