«էկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագծի վերաբերյալ կարծիք է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որում ասված է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննության ներկայացված Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագիծը չի համապատասխանում «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագրի» (այսուհետ Համալիր ծրագիր) գլխավոր` բնապահպանական մասին:
Հիշեցնենք, որ Համալիր ծրագիրն առաջացրեց բնապահպան հասարակայնության կտրուկ բողոքը, որը նամակով դիմեց ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին` պահանջելով կանգնեցնել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին հակասող, ջրի որակին եւ իշխանի էնդեմիկ ձկնատեսակի համար բնական պայմանների պահպանմանը սպառնացող անօրինական գործընթացը: Նամակը հավաքեց 1519 ստորագրություն միջազգային եւ Գեղարքունիքի մարզի հանրության կողմից:
Սույն թվականի հունվարի 23-ին` «Սեւան» ազգային պարկում Համալիր ծրագրի քննարկման ժամանակ, ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գեւորգյանը վստահեցրեց, որ բնապահպանական միջոցառումների մանրամասն նկարագրությունը կտրվի Համալիր ծրագրի կոնկրետ նախագծերում, որոնք կներկայացվեն բնապահպանական փորձաքննության:
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Կարճաղբյուրում տեղի ունեցած Սեւանի իշխանի մանրաձկան արտադրության նախագծի հասարակական լսումների ժամանակ նախագիծը բնապահպանական փորձաքննության ներկայացրած «Սեւանի իշխան» ՓԲԸ-ի տնօրեն Էդվարդ Գեւորգյանը թվարկեց բնապահպանական միջոցառումներ. «Եթե լճի էկոհամակարգի վրա չազդելով մենք ունենում ենք որոշակի տնտեսական օգուտ, որը ներդնում ենք լճի բնապահպանական խնդիրները լուծելուն, մենք կարող ենք վստահաբար ասել, որ այդ ծրագիրը բնապահպանական է:
…Մենք կունենանք ծրագրի զարգացման արդյունքում վերականգնված գեղարքունի եւ ամառային իշխան լճում, կունենանք լճում իշխանի բնական պայմանների վերականգնված վիճակ, կունենանք լճից էսօր լիճ թափվող 7000 տոննա ազոտի, 400 տոննա ֆոսֆորի, 135 տոննա ծանր մետաղների եւ այլնի հեռացում, կունենանք բավականին մեծ թվով աշխատատեղեր, դրանից հետո դուք էլի կանգնեք, ասեք` ծրագիրը տնտեսական է… Ծրագրում նախատեսված է, որ մի քանի կարեւոր գետեր վերականգնվեն, հունը ամբողջությամբ մաքրվի, ջրի որակը բերվի այնպիսի տեսքի եւ հունը բերվի այնպիսի տեսքի, որ ձուկը կարողանա ինքնուրույն բարձրանա եւ գետում ձվադրի»: Սակայն Մանրաձկան արտադրության նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում ոչինչ նշված չէ Էդվարդ Գեւորգյանի թվարկված միջոցառումների մասին: Այսինքն` տնօրենի բանավոր հայտարարությունը փաստաթղթում ամրագրված չէ:
Հիշեցնենք, որ Սեւանա լիճ թափվող գետերի վրա, որտեղ ձվադրում է իշխանը, կառուցված է մոտ 10 փոքր ՀԷԿ, որոնք արգելք են հանդիսանում ձկների` դեպի գետի ակունք ձվադրման բարձրանալու համար: Դեռ 2013թ-ին գործադիրը անընդունելի համարեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրենսդրական առաջարկությունը` չերկարացնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի լիցենզիաները ձկների ձվադրման համար: Թե ինչպես են նախագծի հեղինակները այս խնդիրը լուծելու, պարզ չէ եւ պարզ չէ, թե ինչպես են ձկներին սովորեցնելու ձվադրման չգնալ ՓՀԷԿ-եր ունեցող գետեր:
ՀՀ կառավարությունը տարեկան 366 հազար հատ իշխանի մանրաձուկ է բաց թողնում Սեւանա լիճ, սակայն իշխանի արդյունագործական պաշարները չեն վերականգնվում ինչպես իշխանի բնադրավայրերի ոչնչացման, այնպես էլ, ձկնագողության պատճառով: Սակայն Համալիր ծրագրի հեղինակները վստահ են, որ, 750 տոննա ձուկ լիճ բաց թողնելով, կարող են վերականգնել Սեւանում իշխանի արդյունագործական պաշարները: Նշենք, որ 1980-ական թվականներին Սեւանա լիճ է բաց թողնվել 7-10 տոննա մանրաձուկ` Սեւանա լճի ձկան արդյունագործական պաշարների պահպանման համար: