«Այս լարվածությունը երկար ձգվել չի կարող, մենք չպետք է սպասենք, որ Ադրբեջանը հարձակում գործի, որ հետո մենք պատասխան տանք: Ժամանակն է, որ մենք նախազգուշական հարձակում գործենք Ադրբեջանի վրա: Մեր նյարդերը տեղի են տալիս: Սա կոչվում է զսպանակի ազդեցություն, անընդհատ զսպում, զսպում ես, բայց պահ է գալիս, որ նյարդերը տեղի են տալիս»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
Հարցին՝ այս հայտարարությունից հետո մտավախություն չունի՞, որ միջազգային հանրությունը Հայաստանին ագրեսիայի հրահրման մեջ կմեղադրի, գեներալ-մայորը պատասխանել է, որ ԵԱՀԿ-ն առանձնապես չի խառնվում.
«Իրենք չեն ստուգում՝ ով ինչքան կրակեց, նրանք հիմնականում ասում են, թող երկու երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն»: Կոմանդոսը պարզաբանել է, որ ինքը լայնամասշտաբ ռազմական, պատերազմական գործողություններ սկսելու կոչ չի անում, այլ կոնկրետ դիրքեր վերցնելու:
Իսկ թե Սոչիին հաջորդած անդորրից հետո որքա՞ն կշարունակվի խաղաղ իրավիճակը, ազատամարտիկը պատասխանել է, թե դա նախապես պատրաստված սցենար էր, խաղացողներն իրենց դերը խաղացին, սակայն հետագայում լարվածությունը կավելանա: