▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժառանգության» առաջարկությունները ՀՀ կառավարությանը՝ արտակարգ դրության իրավիճակում

Աշխարհին և Հայաստանին համակած համավարակը պարտադրում է հակաճգնաժամային կառավարման առաջնահերթ քայլեր: «Ժառանգությունը»,  գիտակցելով ընդհանուր աղետի հաղթահարման հրամայականը, ներքաղաքական և հանրային համախմբման   անհրաժեշտությունը, կառավարությանն առաջարկում է առաջնային հրատապ հետևյալ քայլաշարը:

Հակաճգնաժամային կառավարումն արդյունավետ կարող է լինել միմիայն քաղաքական և հանրային երկխոսության պայմաններում, որտեղ մենք վերջին շրջանում ակնհայտորեն թերացել ենք, այն կբացառի անարդյունավետ քննադատությունը, հարձակողական հռետորաբանությունը, միմյանց թիրախավորումը, ներքին թշնամիների որոնումը և հախուռն քայլերի պարտադրանքը:  Իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ մեր առաջարկները կարող են լրացվել և համադրվել:

Առայժմ վաղ է հստակ գնահատել թագավարակի բռնկման ու տարածման պատճառով աշխարհում և Հայաստանում խորացող ֆինանսատնտեսական և սոցիալական ճգնաժամի խորության և տևողության աստիճանը, սակայն ակներև է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաշվարկի պետության բոլոր ներքին և արտաքին պահուստային միջոցները, որպեսզի  հասկանա, թե ինչպես և որ ոլորտներում պետք է վերաբաշխել դրանք՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիներին, փոքր ու միջին տնտեսվարողներին բաժին ընկած բեռը և անխուսափելի կորուստները: Այս ամենը պահանջում է բյուջետային միջոցների խստագույն տնտեսում, պետական ծախսերի խելամիտ կառավարում:

Ներքին և արտաքին աղբյուրների հաշվին COVID-19-ի որակյալ թեստերի մեծաքանակ ձեռքբերում, որի շնորհիվ Հայաստանի սահմանային բոլոր կետերում Հայաստան ժամանած բոլոր անձանց կթեստավորենք՝ ներառելով  բանակում, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության ու վաճառքի ոլորտներում ներգրավված անձանց: Այս կերպ կդանդաղեցնենք համավարակի տարածումը՝ իջեցնելով վարակվածների թվի աճը, որը պետք է քիչ, թե շատ համադրելի դառնա բուժվողների քանակի հետ:

Համավարակին արդյունավետ արձագանքող առողջապահական համակարգ ձևավորելու համար վերականգնել  թվացյալ բարորակման հիմքով լուծարված սանիտարահամաճարակային կայանները, հանրապետության գլխավոր համաճարակաբանի կառույցը՝ վերականգնելով և բազմապատկելով դրանց կարողությունները: Սանիտարահամաճարակային կայանները ընդգրկել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արտակարգ իրավիճակների նախարարության  ենթակայության ոլորտներում:

Արագ վերանայել առողջապահության ոլորտում օպտիմալացում ենթադրող քայլերի հետևանքով փակված և միավորման ենթարկված կառույցներին վերաբերող ծրագրերը: Վերականգնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, որի միացումը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին այս և համանման իրավիճակներում, ինչպես արդեն ապացուցվեց, ոչ միայն անհնար է, այլև վտանգավոր, ինչպես նաև օպտիմալացման ցանկից դուրս բերել մարզային բնակավայրերի փոքր ու միջին բուժկենտրոնները:

Համախմբել Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մեր բժիշկների ներուժը՝ կրտսեր և ավագ բժշկական ուսումնական հաստատությունների ավագ կուրսերի ուսանողներին, ինչպես նաև կենսաթոշակի անցած մասնագետներին հնարավորություն ընձեռելով իրենց ծառայություններն ի սպաս դնել համավարակի հաղթահարման տարբեր հարթակներում՝ հիվանդության ախտորոշումից, մինչև բուժում և կանխարգելում:

Բարձրացնել բուժաշխատողների ֆինանսական և սոցիալական ապահովության աստիճանը:

Պետական լրացուցիչ ֆիանանսավորում հատկացնել վարակաբանության և դեղագործության ոլորտների գիտնականներին՝ խթանելով արդիական ուսումնասիրությունները  բոլոր տեսակի վարակների դեմ դեղանյութերի, բուժսարքավորումների և պատվաստանյութերի  մշակման ասպարեզներում՝ հեռանկարում ունենալով պետբյուջեում ընդհանրապես գիտությանը հատկացվող ֆինանսավորման տոկոսի անշեղ բարձրացումը:

Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների ողջ ժամանակահատվածում և դրա տնտեսական հետևանքների հաղթահարման ընթացքում դրսևորել քաղաքական կամք և հրաժարվել Երևանի քաղաքապետարանում, պետական կառավարման համակարգում պարգևատրումների և բարձրացվող աշխատավարձերի քաղաքականությունից:

Վերանայել պետական բյուջեի ծախսային հատվածը՝ կրճատելով պետական ծախսերի տեսակարար կշիռը: Պետական գնումների համակարգում հրաժարվել ոչ առաջնահերթ գնումներից (մեքենաների թարմացում, պետական կառավարման հիմնարկների շենք-շինություններում  պետական բյուջեի հաշվին իրականցվող ներքին հարդարման աշխատանքներ, միջհամայնքային ոչ ռազմավարական նշանակության ճանապարհաշինական աշխատանքների կրճատում և այլն):

Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը վերանայման շնորհիվ տնտեսված միջոցներն  ուղղել առողջապահության և կրթության բնագավառներ՝ ապահովելով նորագույն տեխնոլոգիաների ներդրում:

Դպրոցների ավարտական քննությունների և բուհական ընդունելության կարգը համապատասխանեցնել արտակարգ դրության թելադրանքին՝ հնարավորինս ճկուն դարձնելով դրանց անցկացման թե՛ ժամկետները, թե՛ ձևերը: Բուհերին տրամադրել որոշ ազատություն դիմորդներ ներգրավելու և նրանց ընդունելու գործընթացում՝ առավել խստացնելով հետագա ուսման առաջադիմության պահանջները:

Մշակել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ձեռնարկություններին և քաղաքացիներին հատկացված և հատկացվելիք վարկերի սպասարկման միասնական փոխշահավետ մոտեցում՝ մարման ժամկետների հետաձգմամբ, տոկոսադրուքների նվազեցմամբ: Վերանայել վարկային պատմությունների ազդեցության բացասական մեխանիզմները:

Խորացնել և արագացնել Ռուսաստանի Դաշնության հետ ԵԱՏՄ շրջանակներում վարվող բանակցությունները վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների վերանայման ուղղությամբ՝ միջազգային շուկայում կատարվող փոփոխություններին համապատասխան:

Եվրամիության անդամ երկրների, ԱՄՆ-ի և Չինաստանի հետ խորացնել փոխօգնության և տեղեկատվության փոխանակման արագ արձագանքման մեխանիզմները՝ գործի դնելով մեր դիվանագիտական մարմինների և սփյուռքյան կառույցների հնարավորությունները:

Մասնագետների հետ քննարկել ՀՀ պետական արտաքին պարտքի սպասարկման քաղաքականության վերանայման խնդիրը՝ չբացառելով դրանք սառեցնելու հնարավորությունը՝ ըստ անհրաժեշտության դիմելով շահագրգիռ միջազգային կառույցներին:

Հայաստանի վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և պարենային անվտանգության խնդիրների լայն մասնագիտական քննարկումներ նախաձեռնել պետական մակարդակով՝ մշակելու ոլորտային հակաճգնաժամային գործուն ծրագրեր՝ ներգրավելով փորձառու և շահագրգիռ անձանց և շրջանակների Հայաստանից և արտերկրից:

Արցախի Հանրապետության հետ միասնական հակաճգնաժամային գործողությունների ժամանակացույց և ճանապարհային քարտեզ մշակել՝ համախմբելով մեր ներուժը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին