▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ աշխատակիցը պարբերաբար խոշոր գումար է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանի կողմից խոշոր չափերով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Հ.Պողոսյանը, թաքցնելով 2012 թվականի մայիսին համակարգից ազատված լինելու հանգամանքը, չարաշահել է քաղաքացիների վստահությունը՝ հափշտակելով խոշոր չափերով գումարներ։

Նախաքննությամբ բացահայտվել է խարդախության 3 դրվագ.

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Զադորկինին պատկանող 1300 քմ հողամասը,  Սամոդուրովայի անվամբ սեփականաշնորհելուն աջակցելու պատրվակով, խաբեությամբ և ամուսիններ Տատյանա Սամոդուրովայի ու Վասիլի Նովիկովի վստահությունը չարաշահելու եղանակով վերջիններիցս շարունակաբար հափշտակել է խոշոր չափերով՝ 920.000 ՀՀ դրամ: 

2013 թվականի մարտին Վանաձոր քաղաքի Լոռվա 1 հասցեում գտնվող Վանաձորի հաշվառման քննման բաժանմունքի շենքի մոտ, ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ, իր ծանոթի միջոցով ծանոթացել է Արմենի հետ, ում վստահություն ներշնչելու նպատակով ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ապա՝ խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով` վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում աջակցելու խոստումով, նրանից հափշտակել է զգալի չափերով` 200.000 ՀՀ դրամ:

2013 թվականի մարտին Վանաձոր քաղաքի Լոռվա 1 հասցեում գտնվող Վանաձորի հաշվառման քննման բաժանմունքի շենքի մոտ, ուրիշի գույքին խաբեության եղանակով տիրանալու դիտավորությամբ, կրկին իր ծանոթի միջոցով ծանոթացել է Էդուարդի հետ, ում վստահություն ներշնչելու նպատակով ներկայացել է որպես ճանապարհային ոստիկանության աշխատակից, ապա՝ խաբեության եղանակով, կաշառք ստանալու պատրվակով` վարորդական իրավունքի վկայական ստա-նալու հարցում աջակցելու խոստումով, նրանից հափշտակել է զգալի չափերով` 200.000 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում 2013 հուլիսի 15-ին Հմայակ Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով  (2 դրվագ) ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Նույն թվականի օգոստոսի 27-ին քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալ Հմայակ Պողոսյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով:

Հետախուզվող Հմայակ Պողոսյանը Ռուսաստանի Դաշնությունում կալանավորվել է և 2014 թվականի նոյեմբերի 07-ին տեղափոխվել Հայաստան:

Նույն օրը քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է և Հ.Պողոսյանին մեղադրանք առաջադրվել: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել խոստովանական ցուցմունքներ:

2014 թվականի դեկտեմբերի 20-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն, քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հասատատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Հ.Պողոսյանը նախկինում աշխատել է ոստիկանության Վանաձորի հաշվառման և քննման բաժանմունքում` որպես տեսուչ, և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 2012 թվականի մայիսի 24-ին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` 3 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ դատարանը կիրառել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, և նա ազատվել է պատժի կրումից:

Նշված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` ոստիկանության մայոր Հ.Պողոսյանը 2012 թվականի մայիսի 24-ին ազատվել է ՀՀ ոստիկանության համակարգից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիետի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին