▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանխատեսվում է տաք հունվար. բարձր ջերմային ֆոնը կպահպանվի հանրապետության ողջ տարածքում. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հունվար ամսվա եղանակային կանխատեսումներին:

«Ներկա պահին հանրապետության գրեթե ողջ տարածքում ձնածածկույթը բացակայում է: Սա նույնպես աննախադեպ երևույթ է:Երեկվանից սկսած՝ հարավից՝ Իրաքից, Սիրիրայից, տաք օդի ալիքն ակտիվացել է: Ջերմաստիճանը կրկին բարձրացել է՝ Կապանում հասնելով մինչև +20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ Իջևանում, Բագրատաշենում՝ +17 +18 աստիճանի»:

Վաղը ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է: Սյունիքի հովիտներում՝ Մեղրիում, Կապանում, Ագարակում և հարակից բնակավայրերում ջերմաստիճանը կհասնի +23 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում՝ մինչև +20 աստիճանի, Արարատյան դաշտում և Երևանում՝ +12 +14 աստիճանի:

Մինչև դեկտեմբերի 31-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 31-ի գիշերը կանձրևի:

«Հունվարի 1-ին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն: Հունվարի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դրանք հիմնականում կլինեն անձրևի տեսքով, նույնիսկ բարձր լեռնային շրջաններում: Միայն շատ բարձրադիր գոտիներում հնարավոր է ձնախառն անձրև: Քանի որ ամպելու է, հունվարի 1-ի գիշերը թռիչքաձև կբարձրանան գիշերային ջերմաստիճանները: Եթե վերջին օրերին եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում գիշերային ժամերին նկատվում էր բացասական ջերմաստիճան՝ -2 -4, ապա 31-ի լույս 1-ի գիշերն Արարատյան դաշտում և հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կդառնա դրական՝ +4 +6 աստիճան, ցերեկային ժամերին +12 +14 աստիճան: Մինչև հունվարի 10-ն անոմալ բարձր ջերմային ֆոնը հանրապետության ողջ տարածքում կպահպանվի: Կանխատեսվում է տաք հունվար»:

Նա վստահեցրեց նաև, որ որևէ գիտական կապ չի հայտնագործվել մթնոլորտային երևույթների և երկաբանական երևույթների միջև:

«Մթնոլորտում կատարվող պրոցեսները՝ ջերմաստիճանի բարձրացում, նվազում, որևէ կապ չունեն երկրի ընդերքում կատարվող երկրաբանական պրոցեսների հետ: Այն կարծիքը, որ բարձր ջերմային ֆոնը երկրաշարժի նախանշան է, գալիս է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի տպավորությունից, որովհետև այդ օրը շատ տաք է եղել, և մարդկանց մեջ կա վախ, որ, եթե ջերմաստիճանը բարձրանում է, պետք է երկրաշարժով ուղեկցվի, բայց նման կապ գոյություն չունի»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին