▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասկածներ չունեմ. Հովհաննես Ազոյանը՝ գիշերը իր բնակարանի վրա կրակոցի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր՝ ժամը 01:25-ի սահմաններում, կրակոց է հնչել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ կայքի հետ զրույցում Ազոյանը պատմել է, որ կրակոցի ձայնը չեն լսել, լսել են պատուհանի կոտրվելու ձայնը, եւ երբ հայտնաբերել են, որ պատուհանը ծակ է, ահազանգել են Ոստիկանություն: Ազոյանի խոսքով՝ հնչել է մեկ կրակոց, վնասվել է միայն պատուհանը, տուժածներ, բարեբախտաբար, չկան:

Դեպքի պահին դերասանը տանն է եղել իր ծնողների հետ, հարեւանները որեւէ բան լսել են թե ոչ, դժվարացավ ասել, նշել է՝ քննությունը կպարզի. «Ահազանգել եմ Ոստիկանություն, արդեն բացատրություն եմ տվել, տեղում զննել են, գործողությունները կատարվել են, պարզապես պետք է ասեմ, որ ոստիկանները եկել են առանց որեւէ դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու, այսինքն՝ կորոնավիրուս Հայաստանում չկա,  թող պարետն էլ իմանա, որ Ոստիկանությունը աշխատում է առանց ձեռնոց, առանց դիմակ, մինչդեռ տանը կան մեծահասակ ծնողներ»: Դերասանի խոսքով՝ ոստիկանները եղել մոտ 10-15 հոգի, եւ երբ ինքը հարցրել է, թե ինչու են առանց պաշտպանիչ միջոցների, պատասխանել են, որ չեն հասցրել վերցնել կամ չկար.  «Եթե ոստիկանությունը մեզ փողոցում կանգնեցնում է եւ պահանջում, որ մենք ունենանք անցագիր եւ պահպանենք պարետի կանոները, ապա հենց իրենք չեն կատարում»:

Հարցին՝ կրակոցը որեւէ բանի հետ կապում է, որեւէ մեկին կասկածում է, Ազոյանը պատասխանել է. «Ոչ, կասկածներ չունեմ»: Հարցին՝ հնարավոր չի համարում, որ կարող է կապված լինել ամիսներ առաջ իր վրա տեղի ունեցած հարձակման հետ, Ազոյանը պատասխանել է. «Դժվարանում եմ ասել, չեմ կապում»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ գիշերը՝ ժամը 01:42-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Օրբելի փողոցում գտնվող 8 շենք 65 բնակարանի ուղղությամբ կրակոց է հնչել.  «Գնդակը վնասել է պատշգամբի պատուհանի ապակին, այն հայտնաբերվել եւ վերցրվել է, նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ, ձեռնարկվում են միջոցառումներ կատարվի մանրամասները բացահայտելու համար»:

Դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին