Մամուլը գրում էր, որ Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանը պաշտոնը ստանձնելուց հետո միանգամից աշխատանքից ազատեց Կենտրոնի փոխթաղապետ Ձոնիկ Մարգարյանին, ով, ի դեպ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աներն է: Մամուլը մեկնաբանում էր, որ նորընտիր թաղապետը այսկերպ ազատվում է նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի կադրերից:
Անդրադառնալով այս հարցին՝ Ավետ Պողոսյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է. «Այստեղ թյուրըմբռնում կա, ցավոք, այս հարցը շահարկվում է: Շահարկում են նրանք, ում ձեռք չի տալիս Երևանի քաղաքապետարանի առաջընթացը: Հարցը շահարկվում է, քանի որ այդտեղ օրենսդրական խնդիր կա: Երբ քաղաքապետի հրամանով նշանակում են վարչական շրջանի նոր ղեկավար, նույն ակնթարթին երկու տեղակալների լիազորությունները դադարեցվում են օրենքով: Այսինքն՝ ես որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել որևէ մեկին պաշտոնից ազատելու մասին»: