▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը ԼՀԿ անդամ է. Թագուհի Ղազարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ցավալի է, որ այսքան քննարկումներից և խոսակցություններից հետո ատելության, վիրավորանքի, խտրական խոսքն ու բռնության կոչերը չեն դադարում դառնալ «քաղաքական պայքարի» գործիք:

Իմ գործընկեր Սոնա Ղազարյանի երեկվա ելույթին հաջորդած մեկնաբանություններին ուշադրություն չէի դարձնի, եթե պատահաբար չբացահայտեի, որ նրա խոսքի մեջբերումներից մեկի տակ վառելու մեկնաբանություն թողած անձը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ է և նախընտրական ցուցակի 51-րդ համարը: Այս ուշագրավ փաստն ստիպեց հետևել իրադարձությունների զարգացմանը և տեսնել, թե ինչ արձագանք կտան կուսակցական անդամներն իրենց ընկերոջ արտահայտությանը:

Նշյալ անձը ավելի ուշ հերքել է, թե իր՝ վառելու կոչը որևէ մեկին է ուղղված եղել և արել է «գնահատողական դատողություն»՝ հավանաբար նկատի ունենալով, որ տիկին Ղազարյանի նկարի տակ «եզաբուծարան» բառը գործածելը բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում արված գնահատողական դատողություն է եղել և այդ իբրև գնահատողական դատողության բարձրագույն աստիճանի դրսևորում՝ առաջարկել «վառել» կամ «խարույկի վրա մեղմ խորովել»։

Հրապարակային որևէ մեկնաբանություն չէի անի այս հարցի շուրջ, եթե չտեսնեի, որ այդ մեկնաբանության հետ հաշտ և ներդաշնակ են Ազգային ժողովում գտնվող իմ գործընկերները, որոնցից ոմանք, հղվելով այս մեկնաբանության վրա, պնդում են, որ խնդիրը լուծված է, իսկ մյուսները իրենց հավանությունն են արտահայտում սոցիալական ցանցի ընձեռած այլևայլ միջոցներով:

Եվս մեկ անգամ ստիպված եմ արձանագրել, որ կին քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումները ոչ թե պարզ սայթաքումներ են (պարզ սայթաքումներից հետո ներողություն են խնդրում, ոչ թե վերահաստատում), այլ ընդգծված «քաղաքական մարտավարություն»:

Ատելության խոսքի և խտրականության դեմ պայքարը մեր քաղաքական հանձնառությունն է և մենք ի վերջո հաղթելու ենք այդ պայքարում՝ բոլոր քաղաքական հավակնություններ ունեցող անձանց բերելով քաղաքակիրթ բանավեճի դաշտ:

Հ. Գ. Sona Ghazaryan ջան, ուժեղ մնա »,- գրել է նա:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին